Ո՞րն է Մաքսային միության ստեղծման նպատակը

Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա հիմնադրվել է միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում` Եվրասիական տնտեսական միությունը (այսուհետ` ԵՏՄ), 2014 թվականի մայիսի 29–ին Աստանայում ընդունված և 2015 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ մտած ԵՏՄ պայմանագրի հիման վրա։ Միության անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Հայաստանը։ ԵՏՄ-ի նպատակն է անդամ-պետությունների տնտեսությունների ամրապնդումը, դրանց միջև կապերի սերտացումը, տնտեսության մոդերնիզացումը, համաշխարհային շուկայում տվյալ պետությունների մրցունակության բարձրացումը։

ԵՏՄ պայմանագրի «միության մարմինները» վերտառությամբ 3–րդ բաժինը սահմանում է միության մարմինները, ըստ որի միության մարմիններն են`

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը
ԵՏՄ պայմանագրի 10–րդ հոդվածի համաձայն այն Միության բարձրագույն մարմինն է, որի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները, իսկ նիստերը գումարվում են տարին առնվազն մեկ անգամ։ Միևնույն ժամանակ Միության գործունեությանն առնչվող անհետաձգելի հարցերը լուծելու նպատակով կարող են գումարվել արտահերթ նիստեր՝ ցանկացած անդամ պետության կամ Բարձրագույն խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։ Բարձրագույն խորհրդի նիստերն անցկացվում են Բարձրագույն խորհրդի նախագահի ղեկավարությամբ։

Բարձրագույն խորհուրդը քննարկում է Միության գործունեությանն առնչվող սկզբունքային հարցերը, սահմանում ինտեգրացիայի զարգացման ռազմավարությունը, ուղղություններն ու հեռանկարները և ընդունում Միության նպատակների իրագործմանն ուղղված որոշումներ։ Բարձրագույն խորհուրդն ընդունում է որոշումներ ու կարգադրություններ` ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

2. Եվրասիական միջկառավարական խորհուրդը
ԵՏՄ պայմանագրի 14–րդ հոդվածի համաձայն` Միջկառավարական խորհուրդն անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից բաղկացած Միության մարմին է, որի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին երկու անգամ։ Միության գործունեությանն առնչվող անհետաձգելի հարցերը լուծելու նպատակով կարող են գումարվել Միջկառավարական խորհրդի արտահերթ նիստեր ցանկացած անդամ պետության կամ Միջկառավարական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։ Միջկառավարական խորհրդի նիստերն անցկացվում են Միջկառավարական խորհրդի նախագահի ղեկավարությամբ։

Միջկառավարական խորհուրդն ընդունում է որոշումներ ու կարգադրություններ, որոնք ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը
ԵՏՄ պայմանագրի 18–րդ հոդվածի համաձայն` Հանձնաժողովը Միության մշտապես գործող կարգավորող մարմինն է` բաղկացած Խորհրդից ու Կոլեգիայից։ Հանձնաժողովն ընդունում է որոշումներ, կարգադրություններ ու առաջարկություններ` ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով): Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումները, կարգադրություններն ու առաջարկություններն ընդունվում են որակյալ մեծամասնությամբ կամ ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով): Ընդ որում, որակյալ մեծամասնությունը կազմում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը։

Հանձնաժողովի գտնվելու վայրը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքն է։

4. Եվրասիական տնտեսական միության դատարանը
ԵՏՄ պայմանագրի 19–րդ հոդվածի համաձայն Միության դատարանը մշտապես գործող դատական մարմինն է` Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում գտնվող, որի կարգավիճակը, կազմը, իրավասությունը, գործունեության իրականացման ու ձևավորման կարգը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտով:

ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ՝ Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել