Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ փաստաբանների պալատում Արա Զոհրաբյանը և ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Հուշագիրը հնարավորություն կտա փաստաբաններին արտադատական կարգով դիմել բյուրոյին և ստանալ համապատասխան եզրակացությունների կամ հետազոտությունների արդյունքներ: Լրագրողների հետ զրույցում նշեց Արա Զոհրաբյանը: Նա ասաց, որ շատ հաճախ որպեսզի ճշմարտությունը բացահայտվի և փաստաբանը կարողանա իր վստահորդին բավարար իրավաբանական օգնություն ցուցաբերել, համապատասխան փորձագիտական կենտրոններին դիմելու կարիք է լինում. «Պատկերացրեք մի իրավիճակ՝ մինչև դատարան դիմելը փաստաբանը ցանկանում է տեղեկանալ՝ արդյոք որևէ փաստաթուղթ կեղծ է, թե՝ ոչ, որպեսզի կարողանա դրա վրա իր մարտավարությունը կառուցել: Տվյալ պարագայում նա ոչ թե դատական գործընթաց է սկսելու, այլ նախապես դիմելու է բյուրոյին ու ստանալու է այդ տեղեկությունը: Քրեական գործերով փաստաբանների համար սա կլինի լրացուցիչ գործիք՝ հավասարակշռելու մեղադրանիք կողմին»,- նշեց պալատի նախագահը:
Արտաշես Ջավադյանը կարևորեց համագործակցությունը՝ շեշտելով, որ հուշագրով ներդրումներ կիրականացվեն նաև արդարացման համակարգում. «Առաջին հերթին այս հուշագիրը կարևոր է պաշտպանական կողմի համար: Մենք նույն խստությամբ և գիտական հիմնավորվածությամբ կփորձենք աշխատել Փաստաբանների պալատի հետ, մենք վերջին տարիներին նաև ներդնում ենք միջազգային ստանդարտների համակարգը, ինչը առավել կարևոր երաշխիք է փորձագիտական ցանկացած հետազոտության համար»,- նշեց Փորձաքննությունների ազգային բյուրոի տնօրենը: