Անհարգելի բացակայությունների պատճառով պատգամավորի լիազորություների դադարման իրավական ընթացակարգը

«ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը սահմանում է դեպքեր, որոնց առկայությամբ դադարում է պատգամավորի լիազորությունները:

Մասնավորապես, «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 12-րդ հոդվածի ե կետը սահմանում է, որ պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե եմեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի: Նույն օրենքի 99-րդ հոդվածի համաձայն`

«1. Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին հաշվառում է Աշխատակազմը:

2. Աշխատակազմը յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում պատգամավորներին տեղեկանք է տալիս նախորդ ամսվա կամ նստաշրջանի ընթացքում քվեարկություններից նրանց բացակայության մասին: Այդ տեղեկանքը ուղարկվում է նաև պատգամավորների էլեկտրոնային հասցեներին:

3. Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե՝

ա) նրա գործունակությունը վերականգնվելուց հետո՝ չորսօրյա ժամկետում Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ.

ա1) նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.

ա2) նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, և նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում.

բ) բացակայելուց առաջ կամ քվեարկությունից հետո` չորսօրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, և այն վերջինիս կողմից համարվում է հարգելի.

գ) հերթական նստաշրջանի ավարտից հետո` 15-օրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, և այն վերջինիս կողմից համարվում է հարգելի.

դ) սույն օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետով սահմանված կարգով նա հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:

ե) խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջԱզգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը խմբակցության կամ խմբի նիստում գրանցված բոլոր անդամների մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:

31. Սույն հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով քվեարկություններին մասնակցելուց խմբակցության կամ պատգամավորական խմբի հրաժարումը հարգելի է համարվում Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում:

4. Նախորդ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատգամավորների բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում:

5. Պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

6. Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին՝ սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

7. Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

8. Վերոհիշյալ որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով»:

Ծանուցում

99-րդ հոդվածի 4-8-րդ մասերի դրույթները` այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի «լիազորությունների դադարում» սահմանադրական ինստիտուտը գործնականում փոխակերպում են ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նրա «լիազորությունների դադարեցման» ինստիտուտի, ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող և անվավեր 16.04.2013 ՍԴՈ-1081 որոշմամբ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել