Հեծանվորդներն իրավունք ունեն երթևեկել հեծանվաուղիներով, թեև ներկայումս մայրաքաղաքում գրեթե չեն մնացել այդպիսի գծանշաններ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` այն անձիք, ովքեր կվնասեն կամ կաղտոտեն հեծանվաուղիները կտուգանվեն 10 000 ՀՀ դրամով:
Նույն օրենսգիրքը նաև սահմանում է, որ հեծանիվները վարելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն` 5 000 ՀՀ դրամով: Իսկ այդ կաննոները ներկայացնում ենք ստորև.
Հեծանվորդների համար նախատեսված ճանապարհային նշանները
Համաձայն ՀՀ կառավարության N 955-Ն որոշման (Ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին)` ճանապարհային հատվածներում հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կիրառվում են հեծանիվի, իսկ հետիոտների տեղաշարժը` հետիոտնի ուրվապատկերների տեսքով լուսացույցի ազդանշաններ: Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացրած չափերի կլոր ազդանշաններով լուսացույց` հեծանիվի ուրվապատկերով ցուցանակի հետ միասին:
Հեծանվորդներին թույլատրվում է երթևեկելի մասին սահմանակից մայթեզրին կայանման նպատակով կանգնեցնել իրենց հեծանիվները` «Կայանման տեղ» նշանի և «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» ցուցանակներից որևէ մեկի առկայության դեպքում:
«Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է» այս նշանները սահմանափակում են նախատեսում հեծանվորդների և մոպեդներով երթևեկողների համար:
«Հեծանվային արահետ» նշանի առկայության պարագայում թույլատրվում է երթևեկել միայն մոպեդներով և հեծանիվներով: Մայթի կամ հետիոտնային արահետի բացակայության դեպքում հեծանվային արահետով կարող են երթևեկել նաև հետիոտները:
Մեքենայի վարորդ հեծանվորդ իրավահարաբերությունների կարգավորումը
Ճանապարհից մերձակա տարածք մուտք գործելիս` վարորդը պետք է ճանապարհը զիջի դրանով երթևեկող հեծանվորդներին:
Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին:
Հեծանվորդները թող չզարմանան, եթե ավտոմեքենաները վազանցեն իրենց տրանսպորտային միջոցը` «Վազանցն արգելվում է» ճանապարհանշանի առկայության պարագայում: Թեև օրենքը այս սահմանափակումով մեքենաների վարորդներին արգելում է «բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը», սակայն նշվում է նաև, որ թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, այդ թվում` հեծանիվները:
Ի՞նչ պարտականություններ ունեն հեծանվորդները երթեևեկության ընթացքում
Ավտոմայրուղիներում արգելվում է այն հեծանիվների երթևեկությունը, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ-ը:
Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից հեծանիվների վրա պետք է միացված լինեն լապտերները կամ լապտերիկները:
Հեծանիվները շահագործել արգելվում է հետևյալ պարագայում, երբ անսարք է հեծանիվի ղեկը, արգելակը կամ ձայնային ազդանշանի սարքը, կամ այն առջևից կահավորված չէ սպիտակ գույնի լուսանդրադարձիչով և լապտերով կամ լապտերիկով (օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), հետևից` կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերիկով, իսկ կողերից` նարնջագույն կամ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով: