4 կանայք իրար ծեծել են. բոլորին մեղադրանք է առաջադրվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Չարենցավան) վարույթ է ընդունվել 4 կանանց ծեծկռտուքի գործը: Համաձայն մեղադրական եզրակացության` քաղաքացիներ Անուշ Կիրակոսյանը, Նարինե Կիրակոսյանը բռնություն են գործադրել Կարինե Գրիգորյանի նկատմամբ:

«Այն է՝ ձեռքերով մի քանի հարվածներ են հասցրել Կարինե Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»,- կարդում ենք եզրակացությունում, որի համաձայն տուժողը, որը նաև մեղադրյալ է ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ. «Ձախ բազկի միջին երրորդականի առաջային մակերեսի արյունազեղման, ձախ ձեռքի 5-րդ մատի միջին-եղնգային ֆալագների միջֆալանգային հոդի շրջանի թիկնային մակերեսի քերծվածքի, աջ ծնկան հոդի շրջանի ներսային մակերեսի արյունազեղման և քերծվածքների ձևով»:

Մեղադրողը Անուշ Կիրակոսյանին և Նարինե Կիրակոսյանին մեղսագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված հանցավոր արարք, այն է` Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Բացի այդ մեղադրական եզրակացությունից երևում է, որ Նարինե Կիրակոսյանը նույնպես բռնության է ենթարկվել` Աննա Սարգսյանի ու Կարինե Գրիգորյանի կողմից: Այսպես` ըստ մեղադրողի` Աննա Սարգսյանը միջադեպի օրը բռնություն է գործադրել Նարինե Կիրակոսյանի նկատմամբ. «Այն է ձեռքերով ճանկռվածքներ է հասցրել Լ.Խաչատրյանի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնկանան վնասվածքներ՝ պարանոցի ստորին հատվածի առաջային մակերեսի, ձախ ուսային հոդի շրջանի առաջային մակերեսի ճանկռվածքների ձևով»: Ռուզանն Մանուկյանին նույնպես մեղսագրվել է Քր. օր.-ի 118-րդ հոդվածով նախատեսված հատկանիշները:

Իսկ Կարինե Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ըստ մեղադրական եզրակացության, ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Նարինե Կիրակոսյանի գլխին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝գանգուղեղային փակ, բութ վնասվածքի ձևով: Նրան մեղսագրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով նախատեսված հանցանքը (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):

Սույն գործով նիստը դեռևս չի նշանակվել:

Տեղեկացնենք, որ դատական տեղեկատվական համակարգից վերցրված գործերի բոլոր կողմերի անունները փոփոխված են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել