ՀՀ փաստաբանների պալատում այսօր տեղի ունեցավ ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար անցկացվող որակավորման քննության առաջին փուլը` «Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» մոդուլի շրջանակներում:
Պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքերով` իրենց առաջնային նպատակն է եղել այնպես անել, որ հանձնաժողովի անդամները որևէ հնարավորություն չունենան նույնացնել աշխատանքը հեղինակի հետ: Այս նպատակին հասնելու համար հարցաթերթիկների վրա աշխատել են երկու հոգի, և որպեսզի բացառվի սուբյեկտիվ գործոնը, անհրաժեշտ չորս խնդիրների փոխարեն կազմվել են 20-ը, որոնք հաստատվել են երեկ 24:00-ին:
Այսօր Հարցաթերթիկներն ընտրվեցին պատահականության սկզբունքով, խնդիրները լուծելուց հետո ունկնդիրները փաստաթուղթը տպում էին երկու օրինակով, որոնց վրա ի սկզբանե նշում չի լինում. «Մենք նախապես նրանց ներկայությամբ կազմեցինք շտրիխ կոդերի համակարգ, այսինքն` պատահականության սկզբունքով նրանց անվան տակ շտրիխ կոդեր սահմանվեցին, ինչպես նաև ավան հետ կապված նույն պահին որոշվեց դրանց ծածկագրերը: Ծածկագրերը մենք գցեցինք դրոշմված արկղի մեջ, որպեսզի տեղեկություն չունենանք դրանց մասին, իսկ շտրիխ կոդերը փակցրվում են այն աշխատանքի վրա: Մոդուլը հանձնելուց հետո քննության մասնակիցի ներկայությամբ նրա աշխատանքների վրա փակցրվում են շտրիխ կոդերը, առաջինը հանձնվում է հանձնաժողովին, իսկ երկրորդը ստորագրում է և գցում է արկղի մեջ: Իմանալու համար, թե ով է այդ աշխատանքի հեղինակը, առնվազն պետք է արկղը բացենք, տեսնենք այդ ծածկագրերի համարը»,- ասաց ՓՊ նախագահը:
Հիշեցնենք, որ որակավորման քննություններն իրականացվում են երկու ուղղություններով` քրեական և քաղաքացիական: Ընդհանուր առմամբ` հավակնորդները հանձնելու են երեք մոդուլ: Դեոնթոլոգիայի մոդուլը պարտադիր էր բոլորի համար: Հաջորդը` քրեական ուղղվածության համար միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կազմումն է, քաղաքացիականի պարագայում` հայցադիմումի կազմումը, այս քննությունը կանցկացվի հոկտեմբերի 21-ին, իսկ երրորդ մոդուլը քրեականի պարագայում` դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմումն է, քաղաքացիականի` վճռի դեմ վերաքննիչ բողոք կազմումը: Այս վերջին մոդուլն ունկնդիրները կհանձնեն նոյեմբերի 4-ին:
Որակավորման հանձնաժողովի անդամներն են.
1. Արա Զոհրաբյան, ի.գ.թ., Պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ,
2. Հունան Տեր-Վարդանյան, ի.գ.թ., փաստաբան,
3. Արսեն Սարդարյան, իգ.թ., փաստաբան,
4. Մանե Կարապետյան, ի.գ.թ., փաստաբան
5. Սեդրակ Ասատրյան, փաստաբան
6. Արման Թաթոյան, ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ,
7. Գառնիկ Սաֆարյան, ի.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատող,
8. Ելիզավետա Դանիելյան, ՀՀ ՎՃռաբեկ դատարանի ներկայացուցիչ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: