Ավարտվեց ՄԻԵԴ-ի դատավորի մրցույթի հարցազրույցային փուլը

Այսօր ավարտվեց ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցային փուլը: Այս փուլին մասնակցեցին թեկնածուներից 11-ը: Հարցազրույցը անցկացվել է երեք փուլերով, առաջին փուլում թեկնածուները խոսեցին անձնական տվյալներից, երկրորդում՝ ստուգվեց նրանց մասնագիտական ունակություններ, իսկ երրորդ փուլում լեզվական հմտությունները:

Այս փուլը անցած թեկնածուներն են` Արմեն Հարությունյան (Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր), Արայիկ Ղազարյան («Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության և Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից), Նելիկ Հարությունյան (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ), Վիգեն Քոչարյան (ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս), Լիզա Գրիգորյան (Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր), փաստաբան Վահե Միշայի Գրիգորյան, մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեություն իրականացրած Դավիթ Խաչատուրյան, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյան, Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Դավիթ Հակոբյան,  ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյան, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Նորա Կարապետյան: Թեկնածուներից Հակոբ Ղարախանյանը, չներկայացավ հարցազրույցի` դուրս մնալով մրցույթից:

Հանձնաժողովն իր որոշում կայացնելու է վաղը: Հարցազրույցի փուլն անցած մասնակիցների միավորները կհրապարակվեն մրցույթի ավարտից հետո:

Ի դեպ, այսօր հարցազրույցները դեռ չմեկնարկած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի կողմից բարձրացված հարցերը կքննարկվեն ու դիրքորոշում կհայտնի հանձնաժողովը.  «Սա արդեն անիմաստ է: Երեկ հանձնաժողովն իր աշխատանքները պետք է սկսեր հենց հայտարարության մեջ հնչեցված փաստերին գնահատական տալուց»,- ասաց հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, նա տեղեկացրեց, որ իրենց կառույցը դիրքորոշում կհայտնի մրցույթի վերաբերյալ 2 օր անց, երբ ամփոփեն արդյունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել