«World café» ձևաչափով համայնքային հանդիպում Մարգահովիտում

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղն է: Գյուղի բնակիչների հետ «World café» ձևաչափով համայնքային հանդիպում է կազմակերպել «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները: Որքանո՞վ են նրանք ներգրավված համայնքի որոշումների կայացման և համայնքապետարանի գործունեության վերահսկման գործում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը շատ դեմոկրատական, շատ ժողովրդավարական օրենք է, որը քաղաքացիներին թույլ է տալիս մասնակցության լայն հնարավորություններ ու վերահսկողություն, սակայն մենք դեռ պետք է կարողանանք պարզել, թե որքանով են դրանք կիրառվում Հայաստանում»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանում քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

«Համայնքն ունի թերթ` «Մարգահովիտի Զորավիգ», որտեղ լուսաբանվում են գյուղապետարանի և համայնքում կատարվող բոլոր աշխատանքները: Այնպես, որ համայնքի բնակիչները քաջատեղյակ են համայնքում կատարվող բոլոր աշխատանքներին»,- նշեց Մարգահովիտ գյուղապետարանի քարտուղար Սիրանուշ Գասպարյանը:

Չեխիայի Հանրապետությունը մեծ փորձ ունի քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու: Հենց այդ երկրի փոքր քաղաքի` Չեշսկի Բրոդի փորձն է ներկայացվում` որպես հաջողված օրինակ: Քաղաքային ֆորումներ, ռազմավարական նշանակության փաստաթղթերի և կոնկրետ թեմաների շուրջ հանրային քննարկումներ և այլն. սա է քաղաքի իշխանությունների աշխատելաոճը:

Քաղաքային ֆորումների գաղափարը կարևոր ու հետաքրքիր է: Կարծում է քննարկման մասնակիցներից Մարգահովիտի Կրթամարզամշակութային համալիրի տնօրեն Նաիրա Սաֆարյանը. «Կարելի է Չեխիայի փորձը նաև մեզ մոտ իրականացնել»:

Քննարկման թեման բավականին բուռն արձագանք գտավ: Մարգահովիտի բնակիչները բաժանվեցին խմբերի ու սկսեցին քննարկել համայնքի ավագանու աշխատանքի թափանցիկության, հաշվետվողականության, իրենց մասնակցության ապահովման հարցերը, վեր հանեցին թույլ և ուժեղ կողմերը:

«Ընդհանուր աշխատում ենք, որ ավելի բաց ու թափանցիկ լինի մեր արած յուրաքանչյուր գործը, որոշումը»,- նշեց Մարգահովիտ համայնքի ղեկավարի տեղակալ Սասուն Անանյանը:

Մի քանի ժամ տևած քննարկումներից հետո խմբերի մասնակիցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքների արդյունքները, համադրեցին մյուս խմբերի կարծիքների հետ:

«Համայնքի ղեկավարը մենակ ոչինչ անել չի կարող: Հարցերը պետք է առաջ քաշվեն, որ լուծում տրվեն, իսկ հարցերն առաջ են քաշվում բնակիչների կողմից»,- ասաց Մարգահովիտի երկրագիտական թանգարանի աշխատակից Էլինա Հովհաննիսյանը:

Գյուղի հիմնական խնդիրները վաղուց տեսանելի են բնակիչների համար. մշտապես բարձրաձայնել են համայնքապետարանում, ավագանու անդամներն էլ են տեղյակ են, սակայն հարցը փոքր գումարի չի վերաբերում. գյուղն այդքան բյուջե չունի: Առաջնային խնդիր շարունակում է մնալ անբարեկարգ ճանապարհը: Գեղեցիկ բնություն ու տուրիստների համար առանձնացված քոթեջներ ունեցող համայնք զբոսաշրջիկները գրեթե չեն այցելում` վատ ճանապարհի պատճառով:

«Հիմնականում ֆինանսների սղությունն է, ուրիշ խնդիր չեմ տեսնում: Նախաձեռնությունները կան, գաղափարները կան, ցանկացողներ կան», – հայտնեց Մարգահովիտի Արվեստի դպրոցի օպերատոր, Մարգահովիտի Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի համակարգող Էմիլյա Մարտիրոսյանը:

«Հայաստանում քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում» ծրագրի փորձագետ, փաստաբան Արթուր Սուքիասյանը պնդում է Հայաստանի օրենսդրությունը լավ հնարավորություններ է նախատեսում քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում ապահովվելու համար. «Եթե քաղաքացիներն օգտվեն իրենց իրավունքներից և օրենքով իրենց վերապահված հնարավորություններից, ապա գտնում եմ, որ լիարժեք կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին»:
«Մենք այստեղ բախվում ենք մի խնդրի` հանրային իրազեկության խնդրին: Որքանո՞վ է քաղաքացին տեղեկացված, որ ինքն իրավունք ունի մասնակցելու իր համայնքի խնդիրների կարգավորմանը»,- նշում է նույն ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը:

Գյուղում տարեկան 4 անգամ լույս է տեսնում «Մարգահովիտի Զորավիգ» թերթը: Գլխավոր խմբագիր Հովհաննես Սարդարյանը փաստում է`մարդիկ սպասում են թերթի նորություններին. «Համայնքի ավագանու ներքին որոշումները չենք հրապարակում կապված նաև թերթի ուշ տպագրվելու հետ, բայց այն ինչ-որ գյուղի քննարկմանն է վերաբերում, լինում է դեպքեր, որ նախապես են դրա մասին թերթի միջոցով տեղեկացնում, լինում է դեպքեր, որ իրադարձությունից հետո»:

Համայնքային հանդիպումն ավարտվեց: Մասնակիցները քննարկումն արդյունավետ են համարում: «Հայաստանում քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում» ծրագիրն իրականացնում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» գործընկերներ` «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» և «Ագորա Սենթրալ Յուրըփ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

Առաջիկայում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Հայաստանի Լոռու մարզի մեկ քաղաքային համայնքում ևս կանցկացնի նման քննարկում: «World café» ֆորմատով նման երկու հանդիպում էլ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան է իրականացնում Սամցխե- Ջավախեթի շրջաններում: Դրանց հիմնական նպատակն է վեր հանել ՏԻՄ-երի որոշումների կայացման և գործունեության վերահսկման գործընթացում քաղաքացիների մասնակցության խնդիրները և փորձել դրանք լուծել ՏԻՄ ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացման միջոցով:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել