«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամներն այսօր՝ հունիսի 23-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ակտիվիստների և ոստիկանների միջև: Նրանց մեծ մասին ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել ոստիկանություն:
Ակտիվիստներից Արա Ղարագյոզյանը, ով Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ է, ոստիկանների հետ բախումների արդյունքում տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վերջինս, Իրավաբան.net-ի հետ զրույցում, պատմելով դեպքի մանրամասները՝ նշեց. «Քներակներից սեղմելով գլուխս վերև են բարձրացրել, ապա հարվածել են սրտիս: Դրանից հետո ուշագնաց եմ եղել: Երբ ուշքի եկա տեսա, որ որ ոստիկաններն արդեն ինձանից հեռու են»:
Մոտ 3-5 րոպե գտնվել է անգիտակից վիճակում:
Ակտիվիստի խոսքով՝ շտապօգնության մեքենայի միջից ինքը ոստիկանություն է պահանջել. «Դիմել եմ նաև մարդու իրավունքների պաշտպանին, սակայն արդեն գրեթե 3 ժամ է հիվանդանոցում եմ, բայց ոստիկանությունից դեռ որևէ արձագանք չկա»:
Ոստիկանության փոխանցմամբ՝ իրենք հիվանդանոցից որևէ հաղորդում չեն ստացել:
Արա Ղարագյոզյանը, երբ տեղափոխվել է հիվանդանոց, գտնվել է նյարդային ցնցումների մեջ:
Այս պահին նրա վիճակը կայուն է: