Ողջամիտ ժամկետի խախտում, թե՞ պարզապես դատավորի ծանրաբեռնվածություն

Վարորդ Հայկ Գասպարյանի գործը նորից առաջին ատյանի դատարանում է:

Թեև այս գործը կարծես դատական «կարուսել»-ի է վերածվել, այնուամենայնիվ վարորդը հույսը չի կտրում՝ հավատում է արդար դատաքննությանը: Պատրաստ է անգամ Եվրոպական դատարան դիմել, միայն թե վերականգնի իր խախտված իրավունքը:

Դեռևս 2012 թվականի սեպտեմբերի 26-ին չվճարված աշխատավարձի բռնագանձման հայցապահանջով Հայկ Գասպարյանը դիմում է դատարան: 2013 թվականի ապրիլի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում հօգուտ վարորդի, և 87 համարի երթուղու գիծը սպասարկող, սույն գործով պատասխանող «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերությանը պարտավորեցնում վճարել շուրջ 1 միլիոն 300 հազար դրամ:

Այնուհետև «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերությունը ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ կայացված վճիռը մնում է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշումը բողոքարկվում է ՀՀ վճռաբեկ դատարան որտեղ էլ ամբողջությամբ բեկանվում է վարորդ Հայկ Գասպարյանին որպես չվճարված աշխատավարձ 1 միլիոն 300 հազար դրամ վճարելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան նոր քննության:

2014 թվականի մարտի 19-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դատավոր Տարոն Նազարյանի նախագահությամբ որոշում է կայացնում գործը ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության:

Մայիսի 15-ին հիշյալ գործը վարույթ է ընդունվում և մակագրվում դատավոր Էդիկ Ավետիսյանին: Դատական առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 23-ին, այսինքն՝ վարույթ ընդունվելուց 4 ամիս անց:

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման դատական պրակտիկան, արձանագրում է, որ ՀՀ դատարանները հիմնականում պահպանում են գործերի քննության ողջամիտ ժամկետները: Այնուհանդերձ, դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտվում են դատարանների կողմից տարբեր պատճառներով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

Գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիան դիտում է որպես անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Եվրոպական դատարանը նշում է, որ այս երաշխիքի նպատակն է դատական քննության բոլոր մասնակիցների պաշտպանությունը դատաքննության անհարկի ձգձգումներից, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունը և վստահությունը վերջինիս նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործի դատաքննության նախապատրաստումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում: Նույն օրենսգրքով սահմանվում է նաև, որ աշխատանքային վեճի հետ կապված պահանջն արագացված դատաքննություն անցկացնելու հիմք է:

Ոչ ներպետական և ոչ էլ միջազգային իրավական ակտերը չեն սահմանում, թե կոնկրետ որ ժամանակահատվածն է համարվում ողջամիտ ժամկետ:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը արձանագրում է, որ մեր երկրում կան որոշ խնդիրներ գործերի քննության ողջամիտ ժամկետների հետ կապված` ինչպես դատական պրակտիկայի, այնպես էլ օրենսդրության կատարելագործման տեսանկյունից:

Անդրադառնալով խնդրին նշենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կա քաղաքացիական գործեր քննող 9 դատավոր:

Նրանց ծանրաբեռնվածությունը ճշտելու նպատակով Իրավաբան.net-ը հարցում էր ուղարկել ՀՀ դատական դեպարտամնետի և միջազգային համագործակցության վարչություն:

Ներկայացնում ենք ստացված արդյունքները՝

1. Ռուբեն Վարդազարյան-19 գործ
2. Գայանե Կարախանյան-528 գործ
3. Էդիկ Ավետիսյան- 491 գործ
4. Արայիկ Մելքումյան-338 գործ
5. Ռուբեն Ափինյան-528 գործ
6. Գագիկ Խանդանյան- 396 գործ
7. Կարինե Պետրոսյան- 343 գործ
8. Ռուբեն Ներսիսյան- 517գործ
9. Ալեքսեյ Սուքոյան- 369 գործ

Այսինքն՝ կան դատավորներ, որոնց վարույթում գործերի քանակն էականորեն քիչ է:

Նշենք նաև, որ 2011-2014 թթ՝ ողջամիտ ժամկետ խախտելու համար կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 9-ը դատավոր:

Արև Ավագյան

Քաղաքացիական մասնագիտացում
Դատարան Դատավոր ԱԽ որոշման համար Տարեթիվ
 1. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան Ա. Խառատյան,Կ. Չիլինգարյան,Ա. Պետրոսյան ԱԽ-3-Ո-6 25.02.2011թ.
 2. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչ. շրջ. ընդհ. իրավ. առաջին ատյանի դատարան Արշակ Պետրոսյան ԱԽ-9-Ո-12 12.05.2011թ.
3. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշվարչ. շրջ. ընդհ. իրավ. առաջին ատյանի դատարան Ռուբեն Ներսիսյան ԱԽ-4-Ո-8 31.01.2013թ.
4. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունվարչ. շրջ. ընդհ. իրավ. առաջին ատյանի դատարան Սիմիզար Հովսեփյան ԱԽ-4-Ո-9 31.01.2013թ.
5. Երևան քաղաքի Շենգավիթ վարչ. շրջ. ընդհ. իրավ. առաջին ատյանի դատարան Նաիրա Հովսեփյան ԱԽ-4-Ո-10 31.01.2013թ.

 

 

 

Քրեական մասնագիտացում
Դատարան Դատավոր ԱԽ որոշման համար Տարեթիվ
 1. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչ. շրջ. ընդհ. իրավ. առաջին ատյանի դատարան Ա. Վարդապետյան ԱԽ-4-Ո-7 31.01.2013թ.
2. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունվարչ. շրջ. ընդհ. իրավ. առաջին ատյանի դատարան Ա. Խաչատրյան ԱԽ-7-Ո-12 28.02.2013թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել