Ապատեղեկատվության դեմ պայքարի պետական քայլերը և դրանց արժեքը քաղաքացիների համար

Նպատակները

Սույն իրազեկման նյութի նպատակն է՝

  • Ներկայացնել Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարի առկա իրավիճակը
  • Ծանոթացնել Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգին և դրա 2024-2026թթ. գործողությունների ծրագրին:
  • Բացատրել՝ ինչպես են այս քայլերը ազդում քաղաքացիների կյանքի վրա:

Իրազեկումներ 1-ից «Մեդիագրագիտություն, կեղծ տեղեկությունների կանխարգելում և քննադատական մտածողություն» և 2-ից «Փաստերի ստուգման (Fact-checking) գործնական մեթոդներ և գործիքակազմ» դուք ծանոթացաք անհատական հմտություններին և ստուգման գործիքներին։ Սույն իրազեկումը լրացնում է պատկերը՝ ներկայացնելով պետության կողմից ձեռնարկված համակարգային քայլերը։

  1. Ապատեղեկատվության ընդհանուր իրավիճակը:

Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում տեղեկատվական դաշտը բախվում է լուրջ մարտահրավերների, և Հայաստանը բացառություն չէ։ Կեղծ լուրերն ու մանիպուլյատիվ բովանդակությունը սոցիալական մեդիայի միջոցով շատ արագ հասնում են հազարավոր մարդկանց և ազդում հանրային կարծիքի վրա։ Դրանք հաճախ օգտագործվում են նաև արտաքին ուժերի կողմից՝ թուլացնելու հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, սրելու հասարակական լարվածությունը և նույնիսկ ազդելու ազգային անվտանգության վրա։

Հայաստանը դեռևս չունի մեկ միասնական մարմին, որը պատասխանատու է ապատեղեկատվության դեմ համակարգված պայքարի համար։ Առանձին կառույցներ, օրինակ՝ Վարչապետի աշխատակազմում գործող  «Հանրային կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որոշ աշխատանքներ իրականացնում են, բայց դա ամբողջությամբ չի ծածկում անհրաժեշտությունը։

2. Խնդիրներ և մարտահրավերներ

Չնայած պետության և խորհրդարանի կողմից ձեռնարկված քայլերին՝ ոլորտում շարունակում են առկա լինել խորքային խնդիրներ․

  • Ինստիտուցիոնալ մասնատվածություն: Քանի որ չկա անկախ պատասխանատու մարմին, տարբեր գերատեսչությունների քայլերը հաճախ կրկնվում են կամ հակասում միմյանց։ Սա բերում է պետական հաղորդագրությունների անկազմակերպ և երբեմն շփոթեցնող բնույթին։
  • Իրավական անորոշություններ: Հստակեցված չէ, թե ինչն է համարվում ապատեղեկատվություն, իսկ ինչը՝ օրինական կարծիք կամ քննադատություն։ Սա ստեղծում է վտանգ, որ օրենքները երբեմն կարող են օգտագործվել խոսքի ազատությունը սահմանափակելու համար։
  • Վստահության պակաս պետական աղբյուրների հանդեպ: Քաղաքացիների մի մասը հակված է ավելի շատ հավատալ չստուգված այլընտրանքային հարթակներին, քանի որ պաշտոնական հաղորդագրությունները ընկալվում են որպես թերի կամ քաղաքականացված։
  • Մեդիագրագիտության ցածր մակարդակ : Հատկապես մարզերում, տարեցների և թվային հմտություններ չունեցող խմբերի շրջանում դժվար է տարբերել իրական լուրը մանիպուլյացիայից։
  • Տեխնոլոգիական սահմանափակումներ: Պետությունը չունի բավարար գործիքներ միջազգային հարթակների (Facebook, YouTube, TikTok, Telegram) հետ աշխատելու համար։ Սա բարդացնում է կեղծ լուրերը հեռացնելու կամ դրանց ծավալը գնահատելու հնարավորությունը։

3. Օրենսդրական փոփոխություններ 2020-2023թթ.

Այս խնդիրների պայմաններում վերջին տարիներին պետությունը ձեռնարկել է որոշ քայլեր:

Ազգային անվտանգության ռազմավարություն (2020)

2020 թ․ ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ կիբերհարձակումները և տեղեկատվական պատերազմները լուրջ սպառնալիք են Հայաստանի համար։ Դրանք հաճախ կիրառվում են քարոզչության, մանիպուլյացիաների և կեղծ լուրերի միջոցով՝ թիրախավորելով հասարակական վստահությունն ու ժողովրդավարական արժեքները։

Սա նշանակում է, որ ապատեղեկատվությունը դիտարկվում է ոչ միայն որպես առօրյա խնդիր, այլև որպես ազգային անվտանգության հարց։

Օրենսդրական փոփոխություններ մեդիա ոլորտում

  • 2020 թ սահմանվեցին էթիկայի կանոններ հեռուստաընկերությունների համար․ եթե ցանկանում են լիցենզիա ստանալ, պետք է հետևեն որոշ սկզբունքների։
    Սա նախատեսված է, որ հեռուստաընկերությունները գործեն ավելի պատասխանատու ձևով, բայց առայժմ պարզ չէ՝ որքանով է դա կիրառվում։
  • Նույն տարում ընդունվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը։ Այն պահանջում է, որ հեռուստաընկերությունները լինեն ավելի թափանցիկ՝ թե ում են պատկանում և ինչպես են ֆինանսավորվում։

Սա կարևոր է, որ հասարակությունը կարողանա հասկանալ՝ որ լրատվամիջոցն է անկախ, իսկ որը՝ կապված քաղաքական ուժերի հետ։

  • 2021 թ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման գումարները զգալիորեն բարձրացվեցին՝ մինչև 3 և 6 միլիոն դրամ։

Սա կարող է պաշտպանել մարդկանց պատիվն ու արժանապատվությունը, բայց միևնույն ժամանակ մտահոգություն կա, որ օրենքը կարող է օգտագործվել լրագրողների նկատմամբ ճնշում գործադրելու համար։

  1. Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգը (2023)

Այս նախապատմության և մարտահրավերների պայմաններում պետությունը 2023-ին հաստատեց «Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգը» և դրա գործողությունների ծրագիրը 2024–2026 թվականների համար՝ փորձելով լուծում տալ վերը նշված խնդիրներից մի մասին։

Բայց ի՞նչ է սա նշանակում քաղաքացու համար։

Հայեցակարգի հիմնական ուղղությունները

Հայեցակարգը ձևակերպում է ընդհանուր մոտեցումները, որոնց վրա պետք է հիմնվեն ապատեղեկատվության դեմ պետական քայլերը․

  • Պետական հաղորդակցություն՝ միասնական կանոնակարգ և պատրաստված մասնագետներ, որպեսզի տարբեր կառույցներ չհաղորդեն հակասական տեղեկություններ։
  • Հասարակության և լրատվամիջոցների հետ համագործակցություն՝ կապ հաստատված fact-check հարթակների հետ և հանրային իրազեկման լայնածավալ արշավներ։
  • Կրթություն և մեդիագրագիտություն՝ դպրոցներում ու բուհերում դասընթացներ, մեծահասակների համար համայնքային ծրագրեր։

Թիրախային խմբերը

Հայեցակարգը նախատեսում է ընդգրկել բնակչության առնվազն 70%-ը՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ձևով։ Առանձնացվում են հետևյալ առաջնային խմբերը՝

  • ուսուցիչներ,
  • դպրոցահասակ երեխաներ,
  • ուսանողներ և երիտասարդներ,
  • ծնողներ,
  • պետական մարմինների աշխատակիցներ (հատկապես հաղորդակցության և կադրերի բաժիններում),
  • ֆորմալ կրթությունից դուրս գտնվող մեծահասակներ (30–65 տարեկան),
  • մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ և անկախ փորձագետներ,
  • արտաքին լսարան (Հայաստանի մասին տեղեկատվություն ստացող միջազգային հանրություն)։

Առաջնահերթությունները

Հայեցակարգը սահմանում է հետևյալ առաջնահերթությունները՝

  • պետական ինստիտուտների կարողությունների զարգացում,
  • համագործակցություն ՀԿ-ների և մասնավոր հատվածի հետ,
  • օրենքների բարելավում,
  • կրթություն և մեդիագրագիտություն,
  • տեխնոլոգիական գործիքների ներդրում։

Ակնկալվող արդյունքները

Հայեցակարգի և գործողությունների ծրագրի իրականացման արդյունքում՝

  • հասարակությունը ավելի իրազեկված կլինի ապատեղեկատվության վտանգների մասին,
  • պետությունը, ՀԿ-ներն ու մասնավոր հատվածը կունենան համագործակցության հստակ մեխանիզմներ,
  • կբարձրանա մեդիագրագիտության մակարդակը,
  • օրենքները կապահովեն և՛ խոսքի ազատությունը, և՛ պատասխանատվությունը կեղծ լուրերի տարածման համար։
  1. Գործողությունների ծրագրի հիմնական քայլերը

Գործողությունների ծրագրով նախատեսված են մի շարք կոնկրետ քայլեր 2024–2026 թվականների համար, որոնցից հիմնականներն են․

Պետական հաղորդակցության բարելավում (միասնական մոտեցում) (Գործողություններ 1.1.ա, 1.1.բ, 1.1.գ, 1.1.դ)

Այսօր տարբեր նախարարություններ նույն հարցի վերաբերյալ հաճախ տարբեր ձևով են հաղորդում, ինչը քաղաքացիներին շփոթեցնում է։ Նոր ծրագրով պետական մարմինները պարտավոր են ունենալ մասնագիտացված հաղորդակցության թիմեր և միասնական մոտեցում։

Արդյունք քաղաքացիների համար՝ հնարավորություն ստանալ բոլոր պետական մարմիններից նույնական տեղեկատվություն՝ առանց հակասությունների։

Վստահելի պաշտոնական էջեր սոցիալական մեդիայում (Գործողություն 1.2.ա)

Շատ կեղծ էջեր ներկայանում են որպես «պաշտոնական»։ Հենց այդ պատճառով նախատեսվում է միասնական կանոնակարգ, որը կփոխի պետական կառույցների վարքը սոցիալական մեդիայում։

Արդյունք քաղաքացիների համար՝ հեշտությամբ կարելի է տարբերել իրական նախարարության էջը կեղծից և վստահ լինել, որ ստացած լուրը հավաստի է։

Թափանցիկության վարկանիշներ (Գործողություն 1.3.ա)

Պետական մարմինները ամեն տարի հրապարակելու են իրենց թափանցիկության մակարդակի մասին տվյալները։

Արդյունք քաղաքացիների համար՝ հնարավորություն տեսնելու, որ կառույցն է ավելի բաց ու հաշվետու։

Փաստերի ստուգման հասանելի գործիքներ (Գործողություններ 2.1, 2.2)

Պետությունը նախատեսում է համագործակցել անկախ fact-check հարթակների հետ։

Արդյունք քաղաքացիների համար՝ կարճ հղումների միջոցով հնարավորություն ստուգելու՝ արդյոք տարածվող լուրը կեղծ է, թե իրական։

Սոցիալական հարթակների հետ համագործակցություն (Գործողություն 2.4.գ)

Ստեղծվելու են պետության և սոցիալական հարթակների (Facebook, YouTube, Telegram) միջև ուղիղ երկխոսության մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև օրենսդրական նախաձեռնություններ՝ բարձրացնելու սոցիալական ցանցերի պատասխանատվությունը ՀՀ հանրության հանդեպ։

Արդյունք քաղաքացիների համար՝ Կեղծ լուրերը և վնասակար բովանդակությունը ավելի արագ կհեռացվեն սոցիալական մեդիայից, պետությունը կկարողանա ուղղակի դիմել հարթակներին։

Արտակարգ իրավիճակներում հաղորդակարգեր (Գործողություններ 1.1.ե, 3.4.ա)

Մշակվելու և ներդրվելու են հաղորդակարգեր՝ ստանդարտ իրավիճակներում, արտակարգ իրավիճակներում և ապատեղեկատվությանը արձագանքելու համար։ Սահմանամերձ համայնքների ներկայացուցիչները (համայնքապետեր, վարչական ղեկավարներ) վերապատրաստվելու են արտակարգ իրավիճակներում ապատեղեկատվության դեմ պայքարի համար։

Արդյունք քաղաքացիների համար՝ Ճգնաժամների ժամանակ (բնական աղետներ, անվտանգային սպառնալիքներ) պետական հաղորդագրությունները կլինեն հստակ, արագ և կանխատեսելի։ Սահմանամերձ համայնքները կկարողանան արագ արձագանքել տեղեկատվական սպառնալիքներին։

Մեդիագրագիտություն բոլորի համար (Գործողություններ 3.1, 3.2, 3.3, 3.4)

Հայեցակարգը նախատեսում է մեդիագրագիտության դասընթացներ ոչ միայն դպրոցներում և բուհերում, այլև համայնքներում՝ գրադարանների և կրթական կենտրոնների միջոցով՝ ներառելով դպրոցական ծրագրերում մեդիագրագիտության ինտեգրումը, ուսուցիչների վերապատրաստումը, գրադարաններում մեդիակենտրոնների ստեղծումը, բուհերում կամընտրական առարկայի ներդրումը, համայնքային կենտրոններում և առցանց դասընթացները, ինչպես նաև պետական ծառայողների տարեկան վերապատրաստումները։

Արդյունք քաղաքացիների համար՝ հնարավորություն սովորելու, թե ինչպես տարբերել կեղծ լուրերը՝ թե՛ երեխաների դպրոցում, թե՛ մեծահասակների համայնքային ծրագրերում։

Հանրային իրազեկման արշավներ (Գործողություններ 2.4.բ, 3.3.ա)

Նախատեսվում են մեդիագրագիտության շաբաթներ, մրցույթներ, հաղորդումներ և առցանց նյութեր։

Արդյունք քաղաքացիների համար՝ հասանելի և հետաքրքիր օրինակներ առօրյա կյանքից, որոնք ցույց կտան՝ ինչպես ստուգել տեղեկատվությունը։

Եզրակացություն

Հայեցակարգի և գործողությունների ծրագրի արժեքը քաղաքացիների համար այն է, որ ապատեղեկատվության դեմ պայքարը դառնում է համակարգված և ուղղակիորեն ազդում է վերջիններիս առօրյա կյանքի որակի վրա․

  • տեղեկատվությունը կլինի ավելի հասկանալի,
  • պաշտոնական աղբյուրները՝ հեշտ ճանաչելի,
  • կառույցները՝ ավելի թափանցիկ,
  • ստուգման գործիքները՝ հասանելի,
  • կրթական հնարավորությունները՝ բաց բոլորի համար։

Ապատեղեկատվության դեմ պայքարը այսպիսով դառնում է ոչ միայն պետական, այլև հասարակական պաշտպանություն, որի օգուտները քաղաքացիները կարող են զգալ ամեն օր։

Կարևոր նշում

Այս իրազեկումը ներկայացնում է Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային հայեցակարգ և գործողությունների ծրագիր (2024-2026թթ.): Այն չի հանդիսանում հաշվետվություն, և այս պահին հրապարակային տվյալներ չկան, թե ծրագրի որ հատվածներն արդեն իրականացվել են, իսկ որոնք՝ դեռ ոչ։ Գործողությունների ծրագրի համար հիմնական պատասխանատու է՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ (www.primeminister.am):

Սույն հոդվածը պատրաստվել է «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության աջակցման ծրագրի շրջանակներում:Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Լիտվայի Հանրապետության դեսպանության կամ կառավարության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել