Աշխատողները երբեմն ստիպված են լինում գործադուլ հայտարարել՝ ապահովելու իրենց աշխատանքային և սոցիալական իրավունքները։ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է հստակ կանոններ, որպեսզի այդ գործընթացը լինի օրինական՝ պաշտպանելով թե՛ աշխատողների, թե՛ գործատուների իրավունքները։
Ի՞նչ է գործադուլը
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝
Գործադուլը մեկ կամ մի քանի գործատուների մոտ աշխատողների կոլեկտիվի կամ աշխատողների որոշակի խմբի՝ կոլեկտիվ գործողությունների միջոցով աշխատանքների լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է աշխատողների տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով, այդ թվում՝
- աշխատանքային վեճն աշխատողի և գործատուի համաձայնությամբ չլուծվելու դեպքում.
- կոլեկտիվ աշխատանքային վեճը չլուծվելու դեպքում.
- գործատուի կողմից հաշտեցման գործընթաց իրականացնելուց խուսափելու դեպքում.
- հաշտեցման հանձնաժողովի՝ սույն օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունած որոշումը գործատուի չկատարելու դեպքում.
- նախօրոք կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները գործատուի չկատարելու դեպքում.
- կոլեկտիվ բանակցություններ վարելու վերաբերյալ գրավոր ծանուցում ստացած գործատուի՝ յոթ օրվա ընթացքում կոլեկտիվ բանակցություններին մասնակցելու իր դիրքորոշման մասին կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնած կողմին չտեղեկացնելու դեպքում
Ովքե՞ր կարող են հայտարարել գործադուլ
Գործադուլ հայտարարելու որոշումն ընդունվում է արհեստակցական միությունը։ Որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, այն ուժի մեջ է միայն այն դեպքում, երբ այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել՝
- գործատուի մոտ գործադուլի դեպքում (աշխատողների կոլեկտիվի գործադուլի դեպքում)` քվեարկությանը մասնակցած աշխատողների ձայների մեծամասնությամբ, որը չի կարող պակաս լինել աշխատողների ընդհանուր թվի կեսից.
- գործատուի առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումում կամ գրասենյակում կամ գործատուի հիմնարկում գործադուլ հայտարարելիս՝ այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի քվեարկությանը մասնակցած աշխատողների ձայների մեծամասնությամբ, որը չի կարող պակաս լինել այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի աշխատողների ընդհանուր թվի կեսից:
- այն դեպքում, երբ գործատուի առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումում կամ գրասենյակում կամ հիմնարկում գործադուլ հայտարարելը խոչընդոտում է գործատուի մյուս ստորաբաժանումների բնականոն գործունեությունը, ապա գործադուլ հայտարարելու որոշումը պետք է հավանության արժանանա այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի՝ քվեարկությանը մասնակցած աշխատողների մեծամասնության կողմից, որը չի կարող պակաս լինել գործատուի մոտ աշխատողների ընդհանուր թվի մեկ երրորդից:
Արհեստակցական միության բացակայության դեպքում գործադուլ հայտարարելու որոշումը աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ կարող են վերապահվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը, իսկ նաև համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության բացակայության դեպքում գործադուլ հայտարարելու մասին որոշման ընդունումը և գործադուլ հայտարարելու հետ կապված այլ գործառույթները կարող են (է) իրականացնել աշխատողների ժողովի (համաժողովի) ընտրած ներկայացուցիչները (մարմինը):
Ինչպե՞ս է հայտարարվում գործադուլը
Գործատուին պետք է գրավոր տեղեկացնել առնվազն 7 օր առաջ՝ գործատուին տրամադրելով գործադուլ հայտարարելու մասին որոշումը:
Որոշման մեջ պարտադիր նշվում է՝
- գործադուլ հայտարարելու համար հիմք համարվող պահանջները, ընդ որում, հաշտեցման ընթացակարգերի ժամանակ բավարարված պահանջները չեն կարող ներկայացվել.
- գործադուլն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.
- գործադուլը ղեկավարող մարմինը:
Մինչև գործադուլը հնարավոր է անցկացնել նախազգուշական գործադուլ՝ առավելագույնը 2 ժամ տևողությամբ։ Այդ մասին գործատուին տեղեկացնում են առնվազն 3 օր առաջ։
Որոշ ոլորտներում (օրինակ տրանսպորտ, առողջապահություն, կոմունալ ծառայություններ), որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքին ու առողջությանը՝ գործատու պետք է գրավոր ձևով նախազգուշացվի գործադուլն սկսելուց առնվազն տասնչորս օր առաջ:
Գործադուլ անցկացնելու սահմանափակումներ
Արգելվում է գործադուլ հայտարարել ՝
- ոստիկանությունում, զինված ուժերում (դրան հավասարեցված այլ ծառայություններում), պահպանության ծառայություններում, ինչպես նաև կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում:
- Տարերային աղետի գոտիներում, ինչպես նաև այն տարածաշրջաններում, որոնցում սահմանված կարգով հայտարարված է ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ (դրություն), գործադուլներն արգելվում են մինչև տարերային աղետի հետևանքների վերացումը կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի (դրության) սահմանված կարգով վերացումը:
Նման դեպքերում աշխաողների պահանջները քննարկվում են հանրապետական մակարդակով։
Գործադուլավորների իրավունքներն ու երաշխիքները
Գործադուլին մասկացությունը կամավոր է․ ոչ ոք չի կարող ստիպել աշխատողին մասնակցել գործադուլին կամ հրաժարվել դրանից։
Գործադուլի ժամանակ աշխատողը ազատվում է իր աշխատանքային պարտականություններից, բայց նրա աշխատատեղը պահպանվում է։
Գործատուն կարող է գործադուլի մասնակիցներին չվճարել աշխատավարձ, բայց կողմերի համաձայնությամբ այն կարող է վճարվել ամբողջությամբ կամ մասամբ։
Նրանք, ովքեր գործադուլին չեն մասնակցում, բայց չեն կարող աշխատել դրա պատճառով, ստանում են աշխատավարձ (որպես հարկադիր պարապուրդ) կամ իրենց համաձայնությամբ տեղափոխվել այլ աշխատնքի։
Գործադուլի սահմանփակումներ գործադուլի ընթացքում
Գործադուլ հայտարարվելուց հետո գործատուն իրավունք չունի.
- Խոչընդոտել աշխատողներին հաճախել աշխատանքի,
- Հրաժարվել աշխատողներին աշխատանք տրամադրելուց,
- Գործադուլին մասնակցելու համար աշխատողներին ենթարկելու կարգապահական պատասխանատվության:
- Գործադուլավորների փոխարեն նոր աշխատողներ ընդունել, բացառություն են կազմում այն դեպքերը, եթե աշխատողին ներգրավել են այլ ծառայություններում։
Գործադուլը դադարեցվում է, եթե․
- բավարարվում են աշխատողների պահանջները,
- կողմերը ձեռք են բերում համաձայնություն,
- արհմիությունը որոշում է, որ շարունակելն անիմաստ է,
- դատարանը ճանաչում է անօրինական։
Գործադուլը դադարեցնելու մասին որոշումը ընդունում է այն արհմիությունը, որը հայտարարել է գործադուլը։ Գործադուլը դադարեցնելու մասին գրավոր որոշման մեջ պետք է նշվի աշխատանքները վերսկսելու ժամկետը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։