Ի՞նչ պետք է իմանաք
Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը համարվում է յուրաքանչյուր քաղաքացու պարտականություն։ Միևնույն ժամանակ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ 22-րդ հոդվածները սահմանում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման և տարկետման հիմքերը։
Ի՞նչ է պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը
Պետության կողմից սահմանված իրավական հիմքերով որոշ քաղաքացիներ չեն անցնում պարտադիր զինվորական ծառայություն։ Ազատման հիմքերը կարող են կապված լինել առողջական վիճակի, ընտանիքի անդամների կորուստի կամ այլ բացառիկ հանգամանքների հետ։
Ազատման հիմնական հիմքերը
1. Շարքային կազմի քաղաքացիների համար
- Առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.
- Մինչ ՀՀ քաղաքացի դառնալը՝ ծառայել է այլ պետության զինված ուժերում առնվազն 12 ամիս կամ անցել այլընտրանքային ծառայություն առնվազն 18 ամիս։
- ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:
- Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը
- Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի։
- Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացին, եթե տարկետման ժամկետը լրանալուց հետո ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի։
2. Պահեստազորի սպայական կազմի քաղաքացիների համար
- առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.
- մինչև պահեստազորի սպայական կազմ որակավորվելն անցել է պարտադիր զինվորական ծառայություն․
- առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող՝ պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից հինգերորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի․
- առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված՝ պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացուն երկրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի։
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքերը
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`
- առողջական վիճակի պատճառով.
- ընտանեկան պայմաններից ելնելով:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար`
- ՀՀ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն, եթե նա ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին:
- քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը.
- ՀՀ-ում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա հիմնական կրթությունը ավարտելու տարում՝ առանց ընդհատման արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունված և սովորող քաղաքացուն:
- հանրակրթական ծրագրերով սովորելու դեպքում տարկետում տրվում է ուսումնառության ավարտի օրը ներառյալ,
- արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին՝ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը:
- Գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև ՀՀ կառավարության որոշմամբ։
- ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին:
Կարևոր է իմանալ․
- Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:
- Քաղաքացին, որն ազատման իրավունք ունի այն հիմքով, որ․
- հանդիսանում է ընտանիքի միակ արու զավակը և ունի ծնող կամ եղբայր կամ քույր, որոնք զոհվել են ՀՀ Զինված ուժերում, այլ զորքերում կամ ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա զինված ստորաբաժանումներում,
կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքից և օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։