Հայաստանում նախատեսվում է ստեղծել միասնական օպերատիվ կենտրոն, որը կգործի որպես արտակարգ դեպքերին արագ արձագանքող համակարգ (112)։ Նոր կենտրոնը կմիավորի ոստիկանության (102), փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (103) գործող օպերատիվ կենտրոնները։
Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրում առանձին ուշադրություն է դարձվել հենց այս բարեփոխմանը․ «Այս քայլը կօգնի մեկ վայրից կառավարել արտակարգ դեպքերը՝ ապահովելով արագ արձագանք և որակյալ օգնություն»։
Ինչո՞ւ է անհրաժեշտ այս փոփոխությունը
- Այս պահին քաղաքացիներն իրենք պետք է որոշեն, թե որ համարով զանգահարեն՝ 102, 103, 911 և այլն։
- Սխալ համարով զանգելը կարող է ուշացնել օգնությունը։
- Տարբեր կենտրոնների միջև հաղորդակցությունը հաճախ դանդաղ է և անարդյունավետ։
- Միևնույն դեպքի մասին կարող են միաժամանակ զանգել տարբեր համարներով՝ ստեղծելով ավելորդ ծանրաբեռնվածություն։
Նոր կենտրոնի առավելությունները
- Կներդրվի մեկ ընդհանուր համար՝ արտակարգ դեպքերին զանգելու համար։
- Կենտրոնը կունենա ժամանակակից տեխնոլոգիաներ և վերլուծական հնարավորություններ։
- Կտեղակայվեն մշտական ներկայացուցիչներ փրկարար ծառայությունից և շտապ օգնությունից։
- Կկատարվի արագ դեպքերի վերլուծություն, կառավարվեն ուժերը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ խմբեր։
- Կբարելավվի համագործակցությունը տարբեր պետական ծառայությունների միջև։
- Կխնայվեն ռեսուրսներ՝ մեկ միասնական համակարգով աշխատելով։
Անցումային քայլեր
- Կկայացվի որոշում՝ միավորելու Ոստիկանության օպերատիվ կենտրոնը, Շտապ օգնության և ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման կենտրոնը։
- Կշարունակվեն տեխնոլոգիական բարելավումները։
- Կկազմակերպվի հատուկ ուսուցում զանգերի կենտրոնի աշխատակիցների համար։
- Կքննարկվի նաև e-call համակարգի ներդրումը՝ ավտոմեքենայից ավտոմատ կանչի հնարավորություն ապահովելու համար, ինչպես նաև ծառայություններ լսողության և խոսքի խնդիրներ ունեցող անձանց համար (օրինակ՝ SMS-ով զանգի հնարավորություն)։
Նշվում է, որ նախագծված բարեփոխումը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծել պարզ, արագ և արդյունավետ արտակարգ արձագանքման համակարգ։ Այն կբարձրացնի քաղաքացիների անվտանգությունը, կթեթևացնի շփոթը տարբեր ծառայությունների միջև և կնպաստի պետական ռեսուրսների խնայող օգտագործմանը։
Iravaban.net-ը իր տելեգրամյան և ֆեյսբուքյան հարթակներում նաև հարցումներ է իրականացրել՝ պարզելու համար, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները առաջարկվող փոփոխության վերաբերյալ։
Հարցմանը մասնակցած շուրջ 400 քաղաքացիների մեծ մասը կողմ է փոփոխությանը։ Արդյունքները՝ ստորև․
Նշեք, որ 112-ը գործում է նաև եվրոպական բոլոր երկրներում, զանգերը հնարավոր է կատարել նույնիսկ առանց SIM քարտի։
Ամենահայտնի և հին միասնական արտակարգ ծառայության համարը սակայն 911-ն է, որը գործում է ԱՄՆ-ում և Կանադայում։
Ինչպես ավելի վաղ հայտնել են ներքին գործերի նախարարությունից՝ 112 հեռախոսահամարը կգործի 2026 թվականից՝ բոլոր ահազանգերի դեպքում։
«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրով` «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհի շրջանակում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում: Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն և ներգրավում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: