Եթե ընդունենք, որ արարչությունը տարածվում է բոլոր արարածների վրա՝ սկսած տիեզերական համակարգերից, վերջացրած ամենափոքր միջատով, կարելի է ասել, որ մենք բոլորս ստեղծվել, արարվել ենք ու իրար բարեկամներ ենք․ այսպիսի մտորումներ ունի նկարիչ Արամ Հակոբյանը։
Նկարիչն իր ստեղծագործություններով այս գաղափարն է փոխանցում՝ արարչության համընդհանուր լինելը, արարածների փոխկապակցվածությունը և բարեկամության գաղափարը։ Այս գաղափարը նաև հուշում է՝ նա արվեստը դիտում է որպես մի տեսակ աղոթք կամ կապ բոլոր արարածների միջև։

«Եթե մենք նայում ենք գեղեցիկ պատկերի, տեսարանի, մեր մեջ ինչ-որ բան է արթնանում, մեր միջի բարձրագույն էակը համագործակցում է, միանում է այդ ամենի հետ, ու, երևի, եթե մարդը սկսի ապրել այդ արարչության օրենքով, սիրտը կբաբախի ամբողջի հետ»,-ասում է արվեստագետը։
Արվեստի յուրաքանչյուր ճյուղ հենց այն բնագավառն է, որ մարդը սկսում է մտածել, ավելի ուշադիր հետևել պրոցեսներին և, առաջին հերթին, իր մեջ բացահայտել․ «Երևի սիրտը ուրիշ ձև է սկսում բաբախել։ Էս գարունը, որ կա, միշտ նորովի է, գարունը երբեք չի կրկնվում։ Օրինակ մենք ծաղկած ծառ տեսնելով հիշո՞ւմ ենք, որ 60 տարի մենք էդ նույն ծառը տեսել ենք, էրեխու նման ուրախանում ենք․․․ երևի հենց դա էլ արվեստագետին պետք է»:
Սա միայն արվեստի մասին չէ, այլ ավելի խոր բանի՝ զգալու ունակության, կյանքի փոքրիկ պահերի մեջ մեծ իմաստ գտնելու, և ամենակարևորը՝ ինքներս մեզ ճանաչելու ճանապարհի մասին։ Այդ ճանապարհը կարող ես ավելի հեշտ անցնել, բացել դուռը դեպի մի աշխարհ, որտեղ զգացողությունները խորանում են, դիտարկումը դառնում է իրադարձություն, իսկ ամեն օր տեսածը՝ վերածվում արվեստի «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի տասներորդ մասում, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից:
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
Արամ Հակոբյանին հոգեհարազատ է արվեստի յուրաքանչյուր տեսակը, եթե պրոֆեսիոնալ է արված․ «Եթե ստեղծագործողը ոգեշնչված է, հաճույք է ստանում իր գործից, սիրով է անում, դա փոխանցվում է կտավին․․․ յուրաքանչյուր գործի մեջ, պարտադիր չէ՝ նկար։

Իմ կարծիքով արվեստի միսիան հենց դրա մեջ է, երբ որ ներդրած էներգիան տարածվում է, մտնում է մարդկանց տները, կամ երաժշտության տեսքով գնում է սիրտ։ Արարելու շնորհը հրաշք է, որ տրված է մարդուն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: