Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը զատկական իր պատգամի ժամանակ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավորությունից և կոչ է արել աղոթել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման» համար։

«Որևէ խաղաղություն հնարավոր չէ այնտեղ, որտեղ չկան կրոնական ազատություններ… որևէ խաղաղություն հնարավոր չէ առանց իրական զինաթափման»,- ասել է քահանայապետը։

«Այս Հոբելենական տարվա առիթով Սուրբ Զատիկը թող լինի պատեհ առիթ ազատ արձակելու բանտարկյալներին՝ լինեն նրանք ռազմագերիներ, թե քաղաքական բանտարկյալներ»,- շեշտել է Հռոմի պապը։

Սովորույթի համաձայն, Հռոմ Քաղաքին ու ամբողջ աշխարհին պատգամն ուղղվել է Սուրբ Պետրոսի կենտրոնական պատշգամից, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ներկայությամբ, որը, չնայած դեռ ապաքինվում է, այնուամենայնիվ Սուրբ Զատկի այս տոնի առթիվ ներկա է գտնվել ու իր օրհնությունն է շնորհել Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալներին արարողության առցանց հետևողներին։

Հռոմի պապը պատգամը հնչեցրել է Սուրբ Պետրոս հրապարակում կայացած Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագից հետո։

Քահանայապետը պատգամը սկսել է բոլորին մաղթելով «շնորհավոր Սուրբ Զատիկ» և հաստատելով, որ, «Երուսաղեմի դատարկ գերեզմանից մինչև մեզ մոտ է գալիս Ավետիսը՝ Հիսուսը, Խաչվածը, «այստեղ չէ, հարություն առավ» (Ղուկ. 24:6)։ Սէրը հաղթեց ատելությանը, լույսը հաղթեց խավարին, ճշմարտությունը հաղթեց սուտին, ներումը վրեժխնդրությանը…»։

«Այս արարքն իրոք իմաստ է տալիս մեր գոյությանը և մեզ կոչում է դառնալու հույսի ուխտավորներ, սիրո և կյանքի վկաներ», ընդգծել է Նորին Սրբությունը, հաստատելով, որ Զատիկը պատասխանն է նաև մարդկային տառապանքին և որ տառապողների արցունքները մոռացված չեն։

«Հարության տոնը կյանքի տոնն է։ Աստված մեզ ստեղծեց կյանքի համար և ուզում է, որ մեր մարդկությունը հարություն առնի։ Նրա աչքերով՝ յուրաքանչյուր կյանք թանկ է՝ նորածնից մինչև տարեցը, հիվանդից մինչև անտեսվածը», նշել է քահանայապետը և հավելել․ «բոլորս էլ Աստծո զավակներ ենք»։

«Ես ցանկանում եմ, որ կրկին հույս ունենանք, որ խաղաղությունը հնարավոր է», շեշտել է Սրբազան Պապը, մաղթելով՝ «խաղաղության լույսը տարածվի Սուրբ Երկրի և ամբողջ աշխարհի վրա», Պաղեստինի և Իսրայելի համար հայցելով հրադադար, պատանդների ազատագրում և տառապողներին օգնություն։

Նա հրավիրել է աղոթելու նաև Լիբանանի և Սիրիայի համար ու ամբողջ Եկեղեցուց խնդրել է աղոթքով ու հոգատարությամբ կանգնած լինել Միջին Արևելքի քրիստոնյաների կողքին։

Խոսելով Եմենի մասին, մաղթել է, որ լուծում գտնվի մարդասիրական ծանր ճգնաժամին, Ուկրաինայի համար խնդրել է արդար և մնայուն խաղաղություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել