«Ցավոք, Հայաստանի գործողությունները հնարավորություններ չեն ստեղծել հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման համար»,-այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Չնայած ադրբեջանցի ժողովրդի տառապանքներին, նման զարգացում տեղի չունեցավ: Հարավային Կովկասի տարածաշրջանը կորցրել է այդ հնարավորությունները և՛ տնտեսության, և՛ տրանսպորտային ուղիների առումով:
Եթե նայեք ադրբեջանա-վրացական հարաբերություններին, ապա կտեսնեք, որ էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտը, ներդրումները, քաղաքական երկխոսությունը՝ այս ամենն իր օգուտն է բերում։ Ըստ էության, Հայաստանն իրեն զրկեց այս ամենից. «օկուպացիայի և ագրեսիայի» (չակերտները՝ խմբ․) պատճառով այն չկարողացավ դառնալ տարանցիկ երկիր։
Հայաստանը կարող էր տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների համար, բայց նրանք ապրում էին «մեծ Հայաստանի» ֆանտազիայով։ Ադրբեջանից նավթի, գազի կամ այլ բեռների փոխադրումն անցնում է Վրաստանի տարածքով, և Հայաստանը կարող է լինել այդ գործընթացի մի մասը։ Դա իրենց սխալն է։ Նրանք սխալ են հաշվարկել իրենց ապագա զարգացումը և դրանով իսկ իրենց զրկել են իրենց տնտեսական ապագայից։ Արդյունքում նրանց իրական անկախությունը խոչընդոտվել է»,-նշել է նա։
Այդ երկրի նախագահը նաև ասել է, որ Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը ձախողվելու են: