Արցախահայերի իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանցը խորը մտահոգությամբ և անհանգստությամբ է արձագանքում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ)՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տրված պաշտոնական հայտարարությանը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:
Նշված է հայտարարության մեջ։
«Նման դիրքորոշումը անընդունելի է և հակասում է ինչպես հայ ժողովրդի կենսական շահերին, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և մարդու իրավունքների համընդհանուր չափանիշներին։
Իրավական հիմնավորում և դիրքորոշում․
- Արցախի հարցը չի կարող «դուրս գալ օրակարգից». Ավելի քան 150,000 արցախահայերի բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից հանդիսանում է էթնիկ զտման ակնհայտ դրսևորում, որը միջազգային հանրության կողմից չի կարող և չպետք է ճանաչվի որպես օրինական կամ իրավաչափ իրողություն:
- Միջազգային-իրավական պարտավորությունների անտեսում. Միջազգային իրավունքի համաձայն՝ արձանագրում ենք, որ դիվանագիտության ոչ բավարար արդյունքները որպես իրավական իրողություն ներկայացնելն անթույլատրելի է։ Սա նշանակում է հրաժարվել արցախահայության հիմնարար իրավունքներից և լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունները:
- Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում. Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցը պետք է մնա միջազգային օրակարգում մինչև դրա արդարացի լուծումը։ Այն չի կարող «դուրս գալ օրակարգից» միայն այն պատճառով, որ հակամարտության մեկ կողմը միակողմանի հրամանագիր է ընդունել:
- Պաշտպանության պարտավորության անտեսում. Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի պաշտպանելու հայության, այդ թվում՝ արցախահայության շահերը միջազգային ատյաններում։ Փաստացի արդյունքները վկայում են, որ արցախահայությունը մնացել է առանց պատշաճ պաշտպանության և ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը:
- Միջազգային իրավունքի տեսանկյունից հակաիրավական հղումներ. Ոչ օրինական և ոչ իրավական է հղում կատարել «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրին»։ Ուժի կիրառմամբ և սպառնալիքով պարտադրված փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես օրինական և միջազգայնորեն ճանաչված իրավական հիմք: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն՝ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում բացառապես դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե այլ ժամկետ սահմանված չէ: Հատկանշական է, որ այդ հրամանագիրը որպես իրավական փաստաթուղթ տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) և չի հրապարակվել պաշտոնապես:
Մեր իրավական պահանջները․
- Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, անհապաղ վերանայել իր դիրքորոշումը և հրապարակավ հաստատել, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանության, անվտանգության և վերադարձի հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն՝ անկախ Ադրբեջանի միակողմանի ապօրինի գործողություններից:
- Պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման, էթնիկ զտման և վերադարձի հարցը ներառել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններում որպես անբաժանելի բաղադրիչ:
- Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ չճանաչել էթնիկ զտման արդյունքները, պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից հարգել միջազգային իրավունքը և ապահովել արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր՝ միջազգային երաշխիքների, մշտադիտարկման և պաշտպանության մեխանիզմների ներքո:
Արցախահայության կյանքն ու ապագան չեն կարող դառնալ միջպետական բանակցությունների զիջվող կետեր։ Մենք պահանջում ենք արդարություն, պատասխանատվություն և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանություն՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների:
Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
- «Հարմոնիա» ՀԿ
- «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
- «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
- «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
- «Կումայրի» արցախահայերի ՀԿ
- «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
- «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
- «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
- «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ
- «Լուսաստղ» ՀԿ»,-ասված է հայտարարությունում։