Iravaban.net-ը շարունակում է մոնիթորինգ իրականացնել և հետևել զրպարտության և վիրավորանքի գործերով դատարանում քննվող գործերին, հատկապես նրանց, որոնք վերաբերում են զանգվածային լրատվության միջոցներին։
Միայն 2024 թվականի ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Blognews կայքը գործարկող «Դատաբլոգ» ընկերության նկատմամբ 5 հաղթանակ է գրանցել։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ վճիռներից և ոչ մեկի դեպքում վերաքննիչ բողոք չի ներկայացվել. դրանք օրինական ուժի մեջ են մտել։ Ընկերությունն անգամ գործերով ներկայացուցիչ չի ներգրավվել։
ԶԼՄ-ի հրապարակումներն արվել են 2023-ի դեկտեմբերի 28-ից 2024-ի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում։
Ինչպես հրապարակվող լուրերի, այնպես էլ օրինական ուժի մեջ մտած վճիռների վերաբերյալ մի քանի հարցի պատասխան ստանալու համար Iravaban.net-ը դիմեց նաև Blognews-ին, սակայն կայքի ներկայացուցիչը հրաժարվեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալուց՝ միայն նշեց, որ դատարանի վճիռներ կան, և բոլորը ԶՊՄԿ-ի օգտին։
Դատական գործընթացների վերաբերյալ մեկնաբանությունը ստանալու համար դիմեցինք նաև կոմբինատի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանին։
«Այդ վերջին վճիռներով դատարանը համարել է, որ ԶԼՄ-ների կողմից եղել է դիտավորություն՝ արատավորելու ընկերության գործարար համբավը։
Ընկերությունը բացարձակ նպատակ չունի լռեցնել ԶԼՄ-ներին։ Եթե ընկերությունը տեսնում է զրպարտչական հոդվածներ, նախևառաջ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ուղարկում է պահանջագիր՝ պահանջելով կա՛մ հրապարակել ընկերության դիրքորոշումը կամ հերքել ընկերության վերաբերյալ զրպարտչական տեղեկությունները։ Բոլոր դեպքերով պահանջագիր ուղարկվել է։
Եղել են դեպքեր, երբ հրապարակվել են իրականության չհամապատասխանող տեղեկություններ և եթե լրատվականը հերքում է դա, բնականաբար ընկերությունը դատարան դիմելու շարժառիթ չունի:
Անդրադառնալով Blognews-ին, չեմ ցանկանում լրատվամիջոցի նպատակները գնահատել, ամեն դեպքում դրանք ունեցել են շարունակական բնույթ 1 ամսվա ընթացքում։ Մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ դա եղել է դիտավորությամբ, հոդվածները պարունակում էին խիստ ատելություն պարունակող տեղեկություններ ընկերության մասին, այդ իսկ պատճառով բոլոր 5 հայցերով էլ ընկերությունը իր օգտին վճիռ է ունեցել։
Իրենց կողմից ներգրավված է եղել փաստաբան, շատ ակտիվ մասնակցել է բոլոր դատական պրոցեսներին, կատարել է դատական գործողություններ, ներկայացրել է միջնորդություններ և այլն, և այլն։ Բոլոր քայլերը կատարվել են, որպեսզի պատասխանող կողմի շահերը պաշտպանվեն։ Անգամ այդ պարագայում, դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, հանգել է այն եզրակացության, որ առկա են բոլոր անհրաժեշտ տարրերը հրապարակվածը զրպարտության համատեքստում դիտարկելու համար։
Փաստը մնում է փաստ, որ բոլոր վճիռները մտել են օրինական ուժի մեջ, չեն բողոքարկվել, իրենք էլ իրենց պարտավորությունները կատարել են»,-նշեց Անի Ալավերդյանը։
Ընդհանուր առմամբ նշված 5 վճիռներով հօգուտ ԶՊՄԿ-ի բռնագանձվել է 2 միլիոն 636 հազար դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցման գումար, ներառյալ վճարված պետական տուրքի գումարները։
2024 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռ
Դատարանը «Դատաբլոգ»-ին պարտավորեցրել է հերքում հրապարակել 2023-ի դեկտեմբերի 28-ին հրապարակված նյութի վերաբերյալ։ Բացի այդ, հօգուտ ԶՊՄԿ-ի բռնագանձվել է 500 հազար դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցման գումար։
2024 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռ
Դատարանը «Դատաբլոգ» ՍՊԸ-ին պարտավորեցրել է «Հերքում» խորագրի ներքո հրապարակայնորեն հերքել 2024-ի հունվարի 11-ին հրապարակված նյութը։ Բացի այդ, վճարվել է 300 հազար դրամի չափով փոխհատուցում և ևս 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
2024 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռ
Blognews կայքում 2024-ի հունվարի 9-ին հրապարակված լուրի հերքումը պետք է կազմակերպվի այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, ինչպես նաև հրապարակման ժամի առումով չզիջի այն նյութին, որի վերաբերյալ հրապարակվում էր հերքումը։ Դատարանը կրկին որոշել է, որ հօգուտ ԶՊՄԿ-ի պետք է տրամադրվի 300 հազար դրամի չափով փոխհատուցում, ինչպես նաև 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
2024 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռ
Blognews-ի՝ կոմբինատի վերաբերյալ 2024-ի հունվարի 25-ի հրապարակումը ևս դատարանը զրպարտչական է դիտարկել։ Փոխհատուցման գումարը կազմել է 500 հազար դրամ, որից մի մասը տրամադրվել է փաստաբանի խելամիտ վարձատրության համար։
2024 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռ
Հրապարակումը, որը պետք է հերքվի, կայքում տեղադրվել է 2024-ի հունվարի 31-ին։ Փոխհատուցման չափը մնացել է նույնը՝ 500 հազար դրամ, որի մի մասը կուղղվի փաստաբանի վարձատրությանը։
Նշենք, որ 2024-ի ընթացքում, ընդհանուր առմամբ, ԶՊՄԿ-ն 7 հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների, որոնցից 5-ի դեպքում պատասխանող կողմում «Դատաբլոգ»-ն է եղել։
Մյուս 2 հայցադիմումները ներկայացվել էին Oragir.News-ում և Tert.am-ում հրապարակված նյութերի մասով։ Առաջին դեպքում նույնպես վճիռը հօգուտ ԶՊՄԿ-ի է կայացվել, այն չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։ 2-րդ դեպքում հօգուտ ԶԼՄ-ի կայացված վճիռը բողոքարկվել կոմբինատի կողմից, գործի քննությունը շարունակվում է։