«Շնորհակալ եմ Աստծուց էլ, Աղվան Գառնիկիչից էլ»․ Աղվան Հովսեփյանի գործով դատարանում 3 վկա հարցաքննվեց

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մարտի 25-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատակոչված վկա Տիգրան Անտոնյանը հայտնեց, որ դատական նիստի մասնակիցներից որևէ մեկի հետ բարեկամական կապ չունի, Աղվան Հովսեփյանին էլ ճանաչում է վաղուց։ Ասաց՝ նկարչությամբ, հետագայում նաև դարբնի աշխատանքով է զբաղվել։

Վկան հայտնեց՝ գործով ընդհանրապես չի հարցաքննվել, տեղյակ չէ՝ ինչի համար են իրեն դատարան հրավիրել։

Նախագահող դատավորի հարցին, թե գործի հետ կապված ինչ հանգամանք է հիշում, ինչ կարող է հայտնել, վկան պատասխանեց․ «Ես մենակ կարող եմ ասել՝ էնքան շնորհակալ եմ Աստծուն, որ էս ձև մարդու հետ եմ հանդիպել․ բարձր ճաշակի տեր մարդ ա, բարձր ճաշակի, արվե՛ստ։ Դրա համար ես շատ շնորհակալ եմ Աստծուց էլ, Աղվան Գառնիկիչից էլ․ սովորել եմ, ահագին բան եմ սովորել»։

Մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանի հարցին, թե ինչ հանգամանքներում է ծանոթացել Աղվան Հովսեփյանի հետ և որքան ժամանակ է, որ ճանաչում է, վկան ասաց՝ «հավերժություն չէ», բայց երկար ժամանակ է, որ ճանաչում է, այլ մանրամասներ չհայտնեց, ասաց՝ չի հիշում։

Դատախազի այն հարցին, թե «Օջախ» շինանյութի ցանցի տնօրեն Երեմին ճանաչում է, վկան ասաց՝ այո, գտնվում են ո՛չ լավ, ո՛չ վատ հարաբերությունների մեջ։

Աղվան Հովսեփյանին պատկանող Բյուրականի առանձնատան շինության համար որևէ ծառայություն կատարելու վերաբերյալ հարցին ի պատասխան նա նշեց, որ կատարել է, բայց այժմ չի հիշում՝ կոնկրետ ինչ է արել։

«Այնտեղ, օրինակ, մի հատ դուռ եմ պատրաստել լողավազանի համար, հետո մի պահ կար դրսում էլի մի դուռ եմ պատրաստել։ Այդ աշխատանքներն իմ արվեստանոցում եմ կատարել։ Կար մեկը, Մեջլում էր անունը, իրար հետ ենք չափել»,-ասաց վկա Տիգրան Անտոնյանը։

Հայտնեց՝ Արշավիր Սարգսյանի անունը հիշում է, բայց այլ մանրամասներ չի կարող հայտնել, չի հիշում, իսկ շինարարական աշխատանքների կատարման վերաբերյալ անելիքները քննարկել է Մեջլումի հետ։

Դատախազը նաև հարցրեց, թե աշխատանքի դիմաց վարձատրությունն ով է փոխանցել, վկան պատասխանեց՝ Մեջլումը, սակայն եղել է դեպք, որ գումար չի վերցրել։

– Քննիչի մոտ հստակ հիշում եք, որ չեք հարցաքննվե՞լ։

– Ոնց որ ինձ ասեք ոստիկանություն գնացե՞լ եք, ես չեմ գնացել, ի՞նչ ասեմ։

– Հնարավոր է՝ քննիչը Ձեզ մոտ եկած լինի։

– Ես հիշում եմ, որ չեմ գնացել։

– Իսկ եղե՞լ է դեպք, որ անձամբ Աղվան Հովսեփյանը Ձեզ վարձատրի։

– Չեմ հիշում, եղբա՛յր ջան։

Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ պաշտոնյայի հետ առանձին աշխատասենյակում հանդիպում ունեցել է, թե ոչ, ասաց՝ այդպիսի բան չի եղել։

– Կասե՞ք՝ պարոն Հովսեփյանի հետ ինչ հարցում եք առնչվել, որ գիտեք իր ճաշակի մասին, այն էլ՝ բարձր։

– Մի անգամ ցուցահանդես կար Նկարիչների տանը, էդտեղ եմ հանդիպել։

Դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ հաշվի առնելով, որ վերջինս պնդում է, թե երբևէ ցուցմունք չի տվել և տեղյակ չէ գործից։

Նախքան ներկայացնելը, հանրային մեղադրողը վկային ցույց տվեց քննիչի մոտ կազմված արձանագրությունը, իր ստորագրությունը, որը տեսնելով վկան կրկին չհաստատեց, որ դա իր ստորագրությունն է, այլ ասաց՝ ստորագրությանը նման է։

Վկան նախաքննական ցուցմունքով հայտնել է, որ ինքն ու Աղվան Հովսեփյանը ծանոթացել են «Օջախ» շինանյութի ցանցի տնօրեն Երեմի միջոցով, վերջինիս համար տան մուտքի դուռ է պատրասել, որը Հովսեփյանը հավանել է, ցանկություն է հայտնել իր առանձնատան համար ևս նման դռներ պատրաստել։ Վկան հայտնել է նաև, որ աշխատանքի դիմաց ստացել է 5 միլիոն դրամ, որը տրվել է կանխիկ եղանակով՝ մաս-մաս։

«Մի անգամ էլ անձամբ գումար է տվել հենց Աղվան Հովսեփյանը, կարծեմ մոտ 150 հազարից 200 հազար դրամ, սակայն ստույգ չեմ հիշում՝ որ աշխատանքի համար։ Տանը աշխատանքներ կատարել եմ սկսած 2007-2008 թվականներին մինչև 2012-2013 թվականները։

Այդ առանձնատան տարածքը, կարծում եմ, կլինի մոտավորապես 1,5 հա, որի տարածքում կային մի քանի շինություններ, ջերմոց, շոգեբաղնիք, լողավազան, արհեստական լճակներ»,-նշել է վկան իր ցուցմունքով։

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո կրկին պնդեց՝ իր ձեռագրին նման է, սակայն չի հիշում, որ նման բան եղած լինի, ասաց՝ իր լսածներից ինչ-որ բաներ կան, որ իրականությանը չեն համապատասխանում։

Հաջորդիվ հարցաքննվեց վկա Արայիկ Ստեփանյանը, որը հայտնեց՝ Աղվան Հովսեփյանին ճանաչում է որպես նախկին Գլխավոր դատախազի։ Նշեց՝ այժմ աշխատում է ՏԿԵ նախարարությունում, նաև լիցենզավորման հանձնաժողովի նախագահ է։ Հայտնեց՝ իրեն հարց է ուղղվել տեխնիկական զննության կայանների, Դավթաշենի տեխզննման կայանի՝ Աղվան Հովսեփյանին պատկանելու հետ կապված, սակայն ինքը  պատասխանել է, որ լիցենզիաները տրվել են 2007-2008 թվականներին, այն ժամանակ, երբ ընդհանրապես չի աշխատել նախարարությունում ու չի առնչվել այդ ամենին։

Այսօրվա նիստին դատակոչված վկա Աստղիկ Դավթյանը հայտնեց, որ 2012 թվականին Նարեկ Հովսեփյանը Բյուրականի գյուղապետարանի կողմից հայտարարված հողերի աճուրդի վաճառքին է մասնակցել։

Վկան ասաց՝ ինքն այդ ընթացքում հանձնաժողովի մրցույթի ընթացքն է արձանագրել, ամեն ինչ օրենքի սահմաններում է կատարվել․ «Աճուրդի օրը Նարեկ Հովսեփյանը մասնակցել է, շահել է և գնել հողերը»։

Հանրային մեղադրողը համայնքապետարանում աճուրդի հայտարարման, դրա ընթացակարգի վերաբերյալ հարցեր ուղղեց վկային, վերջինս ասաց, որ Նարեկ Հովսեփյանն այդ ժամանակ ընկերոջ հետ է գնացել, նախքան գնալն էլ իմացել է, որ նա Աղվան Հովսեփյանի որդին է։

Մեղադրյալ Աղվան Հովսեփյանի հարցին՝ վկային ծանոթ էր , թե ինչ հողեր պետք է սեփականաշնորհվեն, վերջինս պատասխանեց՝ չի կարող ասել։

– Օրգովի ու Բյուրականի ձորը տեսած կա՞ք։

– Հա՛։

– Էդտեղ հո՞ղն ա շատ, թե՞ քարափները։

– Ձորն ա ու քարեր ա, հիմնականում հող չի։

– Դատարանին պարզաբանեք՝ քանի՞ հոգի պետք է մասնակցեն աճուրդին, որ այն կայանա։

– Մեկ, երկու, նայած քանի մասնակից կլինի։ Կարող ա՝ 10 հոգի էլ մասնակցի, բայց 1-2 հոգի։ 

– Եթե աճուրդին 1 հոգի մասնակցի։

– Չեմ հիշում՝ 1 հոգի կարա, թե չի կարա, բայց աճուրդին ոնց որ 2-3 հոգի մասնակցել են։

– Հիմա ինձ մեղադրանք ա առաջադրված, որ ես ապօրինի դա կազմակերպել եմ, ինձ անձամբ պե՞տք էր դա անել, թե՞ չէ։ Ինչի՞ս էր պետք, կարո՞ղ եք ասել։

– Չէ, Դուք ընդհանրապես ոչ էլ գյուղապաետարան եկել եք, ես Ձեզ չեմ էլ տեսել։

– Գումարը ո՞վ է մուծել։

– Նարեկ Հովսեփյանը, Դուք ընդհանրապես չեք եկել, հետո, որ ասում են Աղվան Հովսեփյանի գործով, բայց Աղվան Հովսեփյանը չի, Նարեկ Հովսեփյանն ա աճուրդի մասնակիցը, գնողը։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը վկայից փորձեց ճշտել՝ արդյոք տեղեկություն ունի, որ Աղվան Հովսեփյանը Բյուրականի գյուղապետին դրդել, համոզել է, որ Նարեկ Հովսեփյանի համար աճուրդի իրականացումը հեշտացնի, վկան ասաց՝ ամեն ինչ օրենքով է արվել, գյուղապետին այդ հարցում ճնշված, նեղված վիճակում երբևէ չի տեսել։

Դատարանի՝ այլ նիստով ծանրաբեռնված լինելու հանգամանքով պայմանավորված նիստը հետաձգվեց, հանրային մեղադրողը միջնորդեց հաջորդ նիստին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։

Հաջորդ նիստին այլ վկաներ ևս կհարցաքննվեն, որը տեղի կունենա ապրիլի 16-ին։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել