Նկարիչ Շահեն Ասլանյանը 5-6-րդ դասարանից արդեն նկարում էր։ Դա պատահական ընտրություն չի եղել, քանի որ իրենց ընտանիքում կար այդպիսի բան․ մայրն իր քույրերի հետ դեռ Պարսկաստանում ապրելու ժամանակ խալեգործ էր։
«Արդեն պարզ էր, որ ես պիտի գնամ այս ճանապարհով, որովհետև եթե 13-14 տարեկան հասակում մտնես Քոչարի մոտ, հնարավոր չի, որ ճանապարհդ շեղես»,- պատմում է նկարիչը։
Նկարիչը կյանքի չտեսնված ծալքերում գտնում է գեղեցկություն՝ ստեղծելով արվեստ, որը ոչ միայն պատկեր է, այլ նաև զգացում, որն անցնում է անմիջապես սրտին: Կյանքի ընթացքում ստեղծած գեղեցկությունների մասին նկարիչ Շահեն Ասլանյանը պատմել է «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի չորրորդ մասում, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից:
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
Գիծը, գույնը, ֆորման․ այս ամենը գալիս են իրար լրացնելու թե՛ կտավի, թե՛ թղթի վրա, թե՛ օդի մեջ, վստահեցնում է նկարիչն ու մեջբերում Քոչարին․ «Ասում էր՝ ինչ տեսնում ես, գողացի։ Ես էլ փոքր երեխա էի, ասում էի՝ ի՞նչ գողանալ։ Հետո հասկացա, ասում էր՝ խոսքերը գողացի, աչքերիդ տեսածը ընկալի, վերցրու, պահեստավորի քո մեջ, վաղը պետք է գալու»։
Նա նշեց, որ իրեն առաջարկում էին գեղանկար, քանդակ, ինքը ընտրել է կիրառական արվեստը․ «Ես կարծում եմ՝ սա չարքաշ աշխատանք է, որը պատճառում է միայն հաճույք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: