«Պայթուցիկ պատրաստելու առաջին մոտիվացիան հանցագործության կատարումն է։ Եթե նմանատիպ նպատակներ չկան, պայթուցիկ սարքավորում պատրաստելը դա աննպատակ աշխատանք է»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշում է Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը։
Նրա խոսքով՝ պայթյունատեխնիկական հետազոտությունների 90 տոկոսն ուղեկցվում է դեպքի վայրի հետազոտությամբ․ «Դեպք է եղել նաև, որ դպրոցում ՆԶՊ-ի ուսուցիչը ավելի պատկերավոր ներկայացնել, թե ինչ է պայթյունը, ինչ հետևանքներ այն կարող է ունենալ։ Փորձել է դա ավելի պատկերավոր ներկայացնել, աշակերտներին տարել է ամայի տարածքներ և այնտեղ պայթեցման աշխատանքներ իրականացրել։ Նախապատրաստական աշխատանքներից մեկի ժամանակ իր տան մեջ տեղի է ունեցել պայթյուն՝ անզգուշության հետևանքով»։
Փորձագետը չի բավարարվում միայն պայթյունի հատվածի հետազոտությամբ, ընդարձակ հետազոտություն է կատարում։ Այնուհետև լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, թե հայտնաբերված օբյեկտերից որոնք կարող են վերաբերել պայթած օբյեկտին։
«Դեպքի վայրի հետազոտությունն ինքնագլուխ չի կատարվում։ Դրան ներկա է լինում քննիչը, քննության համար կարևոր առարկաները, օբյեկտներ հայտնաբերելու դեպքում դրանք արձանագրվում են»,-նշում է Մելքումյանը։
Փորձագետը նշում է՝ բաժինը այժմ ծանրաբեռնված վիճակում է գտնվում։ Դեռևս 2018, 2020, 2022 թվականների պատերազմական գործողություններից հետո հետազոտելի օբյեկտները մեծ թիվ են կազմում, դրանց մի մասը գտնվում են զորամասերում կամ Ռազմական ոստիկանությունում։ Բյուրոյում են գտնվում են ավելի փոքր չափերի իրեղեն ապացույցները, որոնք դեռևս հետազոտվում են։
«Շատ հաճախ քննարկման առարկա են դառնում փորձաքննությունների անցկացման ժամկետները։ Դա կապված է լինում և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառների հետ։ Առաջինը դա պայթյունատեխնիկ-փորձագետների փոքր թիվն է, բացի այդ՝ Քրեական նոր օրենսգրքով սահմանված ժամկետներն են»,-նշում է բաժնի պետը։
Բյուրոյի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական բաժանմունքի պետ Ջուլիետա Ղահրամանյանի խոսքով՝ հրդեհների ժամանակ նավթամթերքների և դյուրավառ հեղուկների հետքերի հայտնաբերումը մեծ նշանակություն ունի։ Լինում են սխալ փաթեթավորմամբ և սխալ պահման պայմաններում պահվող օբյեկտներ, ինչի արդյունքում փորձաքննություններ իրականացնողները բարդ խնդրի առաջ են կանգնում։
«Վերջին տարիներին ավելացել են ավտոմեքենաների հրկիզման դեպքերը․ «Դրանք հիմնականում պայմանավորված են լինում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճերով, ընտանեկան վիճակներով և մարդիկ իրենց խնդիրները քաղաքակիրթ եղանակով չկարողանալով լուծել, անցնում են հանցավոր ճանապարհին։ Կինն ամուսնու մեքենան է այրում, ամուսինը կնոջ մեքենան է այրում»,-նշում է Ջուլիետա Ղահրամանյանը։
Ոլորտում բարձրագույն կրթություն չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։