ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետները Iravaban.net-ի հետ խոսել են աշխատանքային դժվարությունների, դրա կարևորության, փորձաքննությունների արդյունքում արձանագրված արդյունքների, պրակտիկայում գրանցված հետաքրքիր դեպքերի մասին։
«Թվում է՝ այն, ինչ մարդու մտավոր սեփականությունն է, այսինքն՝ ինչ, որ մարդու մտքում է, գլխում է, անձեռնմխելի է, սակայն այսօր այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ այդ անձեռնմխելի թվացող արժեքները յուրացվում են»,-նշում է ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ Շուշանիկ Մովսիսյանը՝ հավելելով, որ փորձագետի առօրյա աշխատանքի ամենակարևոր մասն այն է, որ հատուկ գիտելիքների միջոցով փորձ արվի տարբեր հետազոտությունների շրջանակներում դեպի դրական հանգուցալուծման տանել քրեական վարույթները։
Ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ Աննա Հարությունյանի խոսքով՝ ժամանակի ընթացքում վարույթային տարբեր հարցերի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում պատասխանել այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են մտավոր սեփականության արդյունքներին։
Մտավոր սեփականության արդյունքներ են հանդիսանում գյուտերը, հեղինակային և հարակից իրավունքի օբյեկտները, արտադրական և առևտրային նշանները, արդյունաբերական նմուշները, առևտրային գաղտնիքները։
Փորձագետը հայտնեց, որ եղել է դեպք, երբ հեղինակը հայտնաբերել էր, որ իր կողմից հեղինակած երգի բառերը նույնությամբ կրկնվել և ներկայացվել են այլ անձի անունից, բազմաթիվ համերգների ընթացքում այդ անձի կողմից երգը կատարվել է՝ ոտնահարելով հեղինակի իրավունքները։
«Այստեղ առաջ է գալիս ապացուցողական խնդիրը, որ հեղինակը կարողանա ապացուցել՝ ինքն է հանդիսանում իրական իրավատերը տվյալ հեղինակային իրավունքով պաշտպանվող օբյեկտի»,-նշում է Հարությունյանը։
Փորձագետի խոսքով՝ առկա ապացույցների պայմաններում կատարվել են համապատասխան թվաբանական հաշվարկներ, գնահատվել է պատճառված վնասի չափը, որը հետագայում ենթակա է եղել վերականգնման։
Շուշանիկ Մովսիսյանը նշում է, որ նույնիսկ կեղծվում են համակարգչային ծրագրերը, խաղերը, սննդամթերքը։ Հատկանշական է հատկապես վերջին դեպքը, երբ կեղծ սննդամթերք է շուկա բերվել, ինչից հետո պարզվել է՝ ովքեր են այդ հանցագործությունը կատարել։ Նշանակված փորձաքննության շրջանակներում լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել՝ որքան էլ կեղծ է ապրանքը, սակայն դա իր որակական հատկություններով ավելի լավն է եղել, քան հենց գործարանային ապրանքատեսակը։
Լինում են անգամ դեպքեր, երբ իմպուլսային գնումների ժամանակ սպառողը ուշադիր չի լինում, թե ինչ է գրված տվյալ ապրանքի վրա, նա հիմնականում նայում է գունային և դիզայներական լուծումներին, ինչը կարող է շփոթություն առաջացնել։
«Մտավոր սեփականության արդյունքների փորձաքննությունը հատկանշական և կարևոր է ոչ միայն բիզնեսգործունեության պաշտապանության առումով, այլև սպառողների իրավունքների պաշտպանության համար, շատ դեպքեր են եղել, երբ անձնական գնումներ կատարելու ժամանակ ես ևս զոհ եմ դարձել հենց ապրանքային նշանի շփոթության աստիճանի նմանության»,-ասում է փորձագետը։
Շուշանիկ Մովսիսյանը մեկ այլ օրինակ է բերում, նշում, որ դեպք է եղել, երբ հայտնի ապրանքանիշների զարդերն են կեղծվել։ Լինելով զարդերի դիզայներական լուծումների հեղինակը և ունենալով արտոնագիր՝ տվյալ անձը նկատել է, որ շուկայահանվել է իր ապրանքանիշի կրկնօրինակված տարբերակը։
«Իրավատերը պատահմամբ խանութներից մեկում տեսել է, որ իր արտադրանքը չկրկնվող նշանով վաճառահանված է, ինքը որպես գնորդ գնել է դա՝ փաստ ունենալու համար, և դիմել համապատասխան մարմիններին։ Փորձաքննության շրջանակներում, իհարկե, կարիք եղավ մի քանի մեթոդբանություն կիրառել, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։