Բժիշկ, դեղագետ Վահե Ղարիբյանը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում։ Վահեն 2018 թվականից ծառայում էր Ագարակի զորամասում, սեպտեմբերի 28-ից տեղափոխվել է Ջրական։
«Չորս աղջիկներից հետո, միակ տղաս էր։ Ունեցել է շատ լավ մանկություն։ Շատ լավ երեխա է եղել, շատ խելացի։ Չեմ հիշում մի դեպք, որ նկատողություն արած լինեմ իրեն։ Կյանքում մի վատ արարք չի արել, լուսավոր երեխա է եղել ի ծնե։ Սպորտով էր զբաղվում, մտքով էլ էր ուժեղ, ֆիզիկապես էլ։ Սովորելուց հետո աշխատեց։ Դեղագետ էր, բայց շատ լավ գիտեր հայոց պատմությունը։ Դեռ փոքրուց զգացվում էր հայրենասիրությունը։ Ինքը շատ շուտ զարգացավ, կայացավ որպես տղամարդ։ Ամուսնացավ, շատ լավ ընտանիք կազմեց, բալիկ ունեցան, բայց չվայելեցին կյանքը»,-պատմում է մայրը։
Նվարդ Ղարիբյանի խոսքով՝ որդին շատ նվիրված ծառայել է։ Կինն ու երեխան իր մոտ են եղել։
«Սեպտեմբերի 27-ին, հենց պատերազմը սկսվեց, կնոջն ու երեխային ուղարկեց այստեղ։ Ինքը իմացել է, որ պետք է գնա պատերազմ, բայց մեզ չէր ասել։ Չի ցանկացել, որ մենք իմանանք։ Շատ հանելուկային է Վահեիս զոհվելը, մեղավորներ շատ կան, բայց լռում են։ Եթե երկու մարդու պատմած ճիշտ լիներ, ինչ-որ տեղ կհավատայինք, որ այդ ձև է եղել։ Կցկտուր տեղեկություններ են տալիս, անգամ իր հրամանատարը, մի քանի անգամ պատմել է, ամեն պատմածը տարբերվում էր։ Մենք էլ ծնող ենք, ուզում ենք իմանալ մեր էրեխու զոհվելը։ Դրա համար մենք մտածում ենք, որ իրեն անօգնական է թողել հենց հրամանատարը։ Բոլորն էլ թանկ են մեզ համար, ամեն մեկը մի տան ճրագ էր, բայց իրենք այդ մի բժշկին աչքի լույսի պես պետք է պահեին։ Որ վիրավորվել է, նստել են մեքենաները, փախել են, իմ երեխան արնաքամ է եղել։ Քանի տարի է անցել, մենք չենք հանգստանում, չենք կարողանում մեր տեղը գտնել»,-պատմում է տիկին Նվարդը։
Մանրամասները՝ տեսանյութում։