««Չրթում» ենք, պապ»․ հայրը զոհվելուց մեկ ժամ առաջ է որդու հետ խոսել

Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող էր Նարեկ Բաղդասարյանը։ Տղան երազում էր ծրագրավորող դառնալ, բայց հայրենիքին «պարտքը» տալու ժամանակն էր։

«Դպրոցում շատ լավ էր սովորում, գերազանց ավարտեց։ Մաթեմատիկայի օլիմպիադայում 2-րդ տեղը զբաղեցրեց, 2-րդ կարգի շախմատիստ էր»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց հայրը՝ Արտյոմ Բաղդասարյանը։ 

Նարեկը 3 տարի սովորել է TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Իր ստեղծած խաղը մրցանակի է արժանացել, որը նրան է հասել հետմահու։ Մայրը պատմում է, որ տեղյակ էր մրցանակի մասին, շատ էր սպասում։

«Երբ սկսեց պատերազմը մի ամսվա ծառայող էր, ինքն էր հաշվարկներ անում նռնականետի։ Ամեն օր զանգում էր, միշտ ասում էր, որ լավ է, բունկերում է։ Ես էլ մտածում էի՝ դե մի ամսվա ծառայող է, չեն տանի մարտի դաշտ։ Սեպտեմբերի 28-ից ամենաթեժ կետերում է եղել, Ցորի զորամասը շատ զոհեր է տվել։ Էնքան «դուխով» էր խոսում, մտածում էի, եթե կռվի դաշտում եղած լինի, մահ տեսած լինի, անհնար է, որ այդպես խոսա»,-ասում է Արտյոմ Բաղդասարյանը։ 

Նարեկը պայքարել է մինչև վերջ, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին։

«Զոհվելուց մի ժամ առաջ զանգեց, խոսեց, ասաց՝ «չրթում» ենք, պապ, ասացի՝ ո՞վ է ձեզ արևածաղիկ տվել։ Էլի ուրախ-զվարթ էր։ Հետո մոր հետ խոսեց, բայց մայրը պայթյունի ձայն լսեց, արագ անջատեց հեռախոսը»,-պատմեց հայրը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել