Արուսյակ Աբրահամյանը երեք որդի ունի։ Մեծը՝ Գեղամը, մասնակցել է 2020 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմին։ Շուրջ 30 օր որդուց լուր չի ունեցել։ Հեռուստացույցով պատահական տեսել է ու իմացել, որ տղան ողջ է։ Պատերազմի ավարտից հետո սակայն որդին տուն չի վերադարձել, մնացել է ու շարունակել ծառայել։ Ու վերադարձել է միայն այն ժամանակ, երբ լսել է եղբոր զոհվելու մասին լուրը։
Միջնեկ որդին՝ Վազգեն Զարգարյանը, ծառայել է Ջերմուկում։ Մասնակցել է 2022 թվականի թշնամու սանձազերծած ագրեսիային ու անմահացել։
«Ինձ ամաչելու առիթ չի տվել երբեք։ Բարձր գլխով էի գնում իր ժողովներին։ Հպարտանում էի իրենով։ Շատ խայթող հումոր ուներ, բայց ոչ ոք չէր նեղանում իրենից, յուրահատուկ հրաշք էր։ Տարբերվում էր մյուս տղաներիցս։ Իմ միջնեկն էր, բայց իր խոսքը բոլորը հաշվի էին առնում, իր խորհուրդները լսում էին։ Ինձ համար միայն որդի չի եղել, ընկեր, խորհրդատու, ես իր խոսքով էի առաջնորդվում։ Կարողանում էր այնպես անել, որ իրեն բոլորը լսեն։ Մեծ որդուս ժամանակ շատ բան չէի հասկանում։ Վազգենիս հետ ամեն ինչին մասնակցել եմ։ Այնքան էի հպարտանում, որ երկու որդիս զինվորներ են, զինվորի մայր եմ»,- Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է Արուսյակ Աբրահամյանը։
Նշում է, որ որդիներին դեռ մանկուց դաստիարակել է այնպես, որ նրանք հստակ իմանան՝ պետք է ծառայեն․ «Ասում էի՝ ես ոչ մեկի մամայից լավը չեմ, քանի զինվոր է կանգնած սահմանին, որ ես քնում եմ, հիմա ձեր հերթն է, դուք պետք է գնաք, որ մյուսների մայրերն էլ հանգիստ քնեն։ Իրենց այդ ոգով եմ դաստիրակաել, չգիտեմ, երևի սխալ եմ արել, բայց իրենք փոքրուց գիտեին, որ իրենք զինվորներ են լինելու»։
Վազգենը բանակ է զորակոչվել վրեժը սրտում։ Շատ դժվար օրեր է անցկացրել 2020 թվականին, երբ եղբորից ոչ մի լուր չի ունեցել։
«Երդվել էին, որ եթե որևէ բան պատահի, կամ բոլոր ընկերներով միասին են վերադառնալու կամ ոչ ոք չի վերադառնալու։ Եթե անգամ հնարավորություն ունենան փախչել, պետքը է մնան մեկը մյուսի կողքին։ Այդպես էլ եղել է։ Երկու դիրքից ոչ ոք չեկավ, բացի Արարատից, որը հրաշքով է փրկվել։ Գիշերը մեր քավորը զանգեց ասաց, որ Ջերմուկը ռմբակոծում են, գիտեի, որ Վազգենը դիրքերում է։ Ամուսինս գնաց Ջերմուկ։ 26 օր ինձ չասացին, որ զոհվել է։ Երազներ էի տեսնում, իմ տղան ինձ հուշում էր, որ ինքը էլ չկա։ Գեղամի ժամանակ ամեն ինչ զգացել եմ, իր տագնապները, վախերը, բայց Վազգենիս ժամանակ լրիվ դատարկություն էր։ Ասում էի՝ կամ այնքան լավ տեղում ա իմ երեխան, որ չեմ զգում կամ ինձանից կապը կտրել է։ Ես չէի զգում իրեն։ 26 օր եկեղեցիներում եմ անցկացրել։ Աստծուն ասում էի՝ ոնց Գեղամիս ես փրկել, նույն ձև էլ Վազգենիս կփրկես։ Երևի շատ համարեց, հրաշքը երկու անգամ չէր լինի մի մարդու համար»,-պատմում է մայրը։
Հետագայում նրան հայտնել են, որ հերթապահության ժամանակ նկատել են «Յաշմայի» ջոկատը, հայտնել են դիրքի հրամանատարին, մինչև կհասցնեին պատրաստվել թշնամին կրակահերթ է արձակել։ Խրամատում կանգնած են եղել Արարատն ու Վազգենը։ Երբ Արարատը վիրավորում է ստացել, Վազգենը հորդորել է, որ հեռանա, ինքը շարունակել է պահել դիրքերը։
Իր փորած խրամատներում մնաց Վազգենը, ոչ մի սանտիմետր չնահանջեց ու քաշեց նռնակի ձգանը, որ գերի չընկնի։
«Դեմքը անճանաչելի էր շատ մոտ պայթյունից, ԴՆԹ-ով հաստատվեց, որ իմ որդին է։ Բոլորն էլ երդվել էին, որ նռնակը կքաշեն, բայց գերի չեն ընկնի, այդպես էլ արել են»,-պատմում է Արուսյակ Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան