Ինչքա՞ն կտուգանվեք մեքենան առանց պետհամարանիշի վարելու, դրա օգտագործման կանոնները խախտելու համար

ՀՀ Վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն` տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում։

Ըստ օրենսդրության՝ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:

Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`

  • առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Օրենսգրքով նշվում է, որ անընթեռնելի հաշվառման համարանիշ է այն համարանիշը՝

  1. որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով, բացառությամբ առնվազն մեկ նիշը փակելու դեպքերի, անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:
  2. Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:
  3. Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` երկուսն էլ) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:
  4. Տրանսպորտային միջոցը զույգ հաշվառման համարանիշեր ունենալու դեպքում համարվում է մեկ հաշվառման համարանիշով, եթե համարանիշերից մեկը ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել