Այսօր լրացավ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի պաշտոնավարման 100 օրը: Այդ առթիվ վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կատարված քայլերը և հետագա անելիքները:
Արա Զոհրաբյանի խոսքով` լուրջ քայլեր են արվել Պալատի գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու ուղղությամաբ:
«Նախ պալատի խորհրդի և նախագահի որոշումները հրապարկվում են Պալատի կայքէջում: Այսօրվանից մենք ունենք նոր կայք, որտեղ հնարավոր կլինի առցանց հետևել պալատի խորհրդի նիստերին, որը նախևառաջ մեզ կհաղորդի զսպվածություն: Ավելի զգոն կլինենք՝ իմանալով որ մեզ հետևում են»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Այս 100 օրերի ընթացքում տեղի են ունեցել նաև կադրային համալրումներ, քանի որ, ըստ Պալատի նախագահի, կառույցի արդյունավետությունը մեծ մասամբ կախված է որակյալ կադրերից. «Այժմ մենք ունենք ֆինանսական տնօրենի ինստիտուտը, որը կազմակերպում է Պալատի ֆինանսատնտեսական քաղաքականությունը: Այս առումով նրան տրված է ազատություն, սակայն որոշ վերահսկողական մեխանիզմներ, այնուամենայնիվ, գործում են: Զարգացել է նաև մամուլի խոսնակի ինստիտուտը, որն ավելի արդյունավետ է դարձնում հանրության հետ կապը»:
Հանդիպման ժամանակ նա անդրադարձավ նաև մարզային փաստաբաններին՝ նշելով, որ վերջիններիս վիճակը վատ է. «Նրանք չունեն գրասենյակներ, երբեմն ստիպված են լինում գործեր կատարել բնամթերքի դիմաց վարձատրվելով: Մենք լուրջ քայլեր ենք մշակում, որպեսզի մարզերում փաստաբաններն ունենան գրասենյակներ»:
Հանդիպման ժամանակ ՓՊ նախագահը, խոսելով ԼՂՀ փաստաբանների մասին, նշեց, որ վերջիններս փաստաբան դառնալու համար պետք է սովորեն և վերապատրաստվեն Փաստաբանների դպրոցում. «Այս նպատակով գարնանն արդեն կգործի հեռահար ուսուցման տարբերակը, երբ դասերին հնարավոր կլինի հետևել առցանց»:
«Փորձում ենք հասարակությանը ցույց տալ ինչպես մեր լավ կողմերը, այնպես էլ բացթողումները: Վատը մեզ մոտ պատժվում է, իսկ լավը՝ խրախուսվում»,- իր խոսքը եզրափակեց Արա Զոհրաբյանը:
Արև Ավագյան