Բաքվում սկսվել է ցուցադրական «դատավարությունը» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների և ադրբեջանական «բլիցկրիգի» ժամանակ գերի ընկած նրանց մի քանի հայրենակիցների նկատմամբ: Այս մասին գրառում է կատարել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։
«Սա անձնական վրեժխնդրություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, ով ոչ մի պարագայում չի կարողանում դիմակայել դրան։ «Պատերազմական հանցագործությունների» համար մեղադրվողները իմ ընկերներն են՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Եվ մյուսները, այդ թվում՝ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ ԼՂ հայերի ճակատագիրը կիսելու համար։
Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը, որը կազմում է ավելի քան 100 հազար մարդ՝ կանայք, ծերեր և երեխաներ, լքել են իրենց տները, եկեղեցիներն ու պապենական գերեզմանները և փախել Հայաստան՝ Ադրբեջանում դրախտային կյանքի հեռանկարից: Ղարաբաղից Հայաստան հայերի գաղթը 24 ժամ հեռարձակվել է թուրքական հեռուստաալիքներով և տեսանելի է եղել տիեզերքից։ Եվ դատելով նրանից, թե ինչ է կատարվում այսօր Բաքվում, փախստականները միանգամայն իրավացի էին։ Սա 21-րդ դարի ամոթն է՝ կրկնելով, թեկուզ ավելի փոքր ու նվազ արյունոտ մասշտաբով, 20-րդ դարասկզբի հայերի կոտորածի սարսափները։
Ողջ ժամանակ, երբ գերեվարված Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները հառաչում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի ղեկավարը մատը մատին չէր տալիս նրանց ազատ արձակման համար։
Ցավոք, Լեռնային Ղարաբաղի և նրա ղեկավարների ողբերգության պատմության ստվերը ընկնում է նաև մեզ վրա՝ իր խաղաղապահ գործողությամբ խաբված Ռուսաստանում։ Ահա թե ինչ է օգտագործում այսօր պարոն Փաշինյանը։
Ներկայումս ռուս-հայկական «Լազարևսկի ակումբի» խորհուրդը նախապատրաստում է մեր հայտարարությունը Բաքվում «դատավարության» (չակերտները՝ խմբ․,) վերաբերյալ»,-նշել է Զատուլինը։