Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում երդվել է որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։
Այս պահին Կապիտոլիումում տեղի է ունենում Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Արարողությունից առաջ ԱՄՆ նախագահը կնոջ՝ Մելանիայի հետ այցելել է Սպիտակ տուն, որտեղ Ջո և Ջիլ Բայդենի հետ թեյախմություն է կազմակերպվել։
Երդմնակալությանը հավաքվել է ԱՄՆ ողջ քաղաքական ու բիզնես էլիտան՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը, Բարաք Օբաման։ Ինչպես նաև Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը, Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը:
Նորընտիր նախագահը հայտնել է, որ իր առաջնահերթությունը հպարտ, բարգավաճ և ազատ ազգ կառուցելն է: «Մեզ կնախանձեն բոլոր ազգերը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «Ամերիկայի անկումն ավարտվել է»։
«Նրանք ուզում էին ինձ զրկել իմ ազատությունից, զրկել ինձ կյանքից, բայց Աստված փրկեց ինձ, որպեսզի ես կարողանամ Ամերիկան նորից մեծացնել։ 2025 թվականի հունվարի 20-ը Ամերիկայի ազատագրման օրն է»,-նշել է Թրամփը։
Խոստումներից մեկն էլ այն է, որ կտեղծվի այնպիսի հասարակություն, որը մաշկի գույնի նկատմամբ խտրականություն չի դնում և հիմնված կլինի միայն մարդու արժանիքների վրա։
«Ամերիկացի տիեզերագնացները մեր դրոշը կտեղադրեն Մարսի վրա»,-խոստացել է Թրամփը։