Քաղաքացիական օրեսնգրքի 491-րդ հոդվածը սահմանում է իրավակարգավորում՝ գնորդին անպատշաճ որակի ապրանք հանձնելու հետևանքների մասին։
Ըստ այդ, եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել`
1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.
2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.
3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:
Ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում (չվերացվող թերությունների, ինչպես նաև այնպիսի թերությունների, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ թերություններ) գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ`
1) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը.
2) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված թերությունները վերացնելու կամ ապրանքը փոխարինելու մասին պահանջները գնորդը կարող է ներկայացնել, եթե այլ բան չի բխում ապրանքի բնույթից կամ պարտավորության էությունից:
Կոմպլեկտում ներառված (հոդված 495) ապրանքների մի մասի անպատշաճ որակի դեպքում գնորդն իրավունք ունի ապրանքների այդ մասի նկատմամբ իրականացնել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավունքները։