Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, նոյեմբերի 28-ին շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ևս 4 ամբաստանյալների գործով դատական քննությունը, որոնցից մեկը նրա եղբայրն է, մյուսը՝ որդին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստի սկզբում Հանրային մեղադրող Աննա Մկրտչյանն ընթերցեց Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ Վարդան Ղուկասյանը հանցավոր համաձայնության գալով այս գործով մյուս 4 մեղադրյալների հետ Գյումրու համայնքից հանցավոր կերպով ձեռք է բերել ապօրինի ծագման անշարժ գույք։ 2009 թվականի օգոստոսի 12-ին մեղադրյալներից Արմեն Մաթևոսյանի և Հ․ Գրիգորյանի միջև կնքվել է պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 8 մլն 357 հազար 427 դրամ ՀՀ արժեքով անշարժ գույքն օտարելու վերաբերյալ։ Հետագայում գույքը որպես նվիրատվություն հանձնվել է Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, որն էլ պատրանք է ստեղծել, թե գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով։
Վարդան Ղուկասյանի եղբայր Գևորգ Ղուկասյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով եղբոր հետ, այն է՝ գիտակցելով ու նախատեսելով, որ Գյումրի քաղաքի «Կենտրոնական զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 2335.15 քմ մակերեսով հողամասը համայնքից ձեռք է բերվում հանցավոր ճանապարհով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կատարման արդյունքում, ինչպես նաև՝ գիտակցելով ու նախատեսելով այն, որ հետագայում այդ գույքը փաստացի փոխանցվելու է Վարդան Ղուկասյանի տնօրինմանը, օժանդակել է վերջինիս՝ կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելու հարցում։
Գևորգ Ղուկասյանի պաշտպանը նշեց մի քանի հանգամանքներ։ Ըստ նրա՝ օբյեկտիվորեն նման գործողություններ չէին կարող իրականանալ մի քանի պատճառներով։ Այս գույքերը գրանցվել են 2002 թվականին, իսկ Գյումրու գլխավոր հատակագիծը գծվել է 2005 թվականին։ Նշանակում է՝ 2002 թվականին գրանցված գույքի սեփականատերն ունի իր գույքի նկատմամբ բոլոր իրավունքները։ Գևորգ Ղուկասյանի ընկերությունը դիմել է համայնքապետարան, մասնակցել է իրավական գործողություններին և ձեռք է բերել սեփականություն։
«Գևորգ Ղուկասյանը պարտավորություն չուներ տիրապետելու Գյումրու հատակագծին։ Մեղադրանքի մեջ ուղղակիորեն սխալ է ձևակերպված գործի փաստական հանգամանքը։ Մեղադրանքի մեջ նշվում է, թե Վարդան Ղուկասյանը հանդիսացել է աճուրդային հանձնաժողովի նախագահ և ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել։ Եթե մենք հետազոտենք վերաբերելի գույքերի փաստաթղթերը՝ կտեսնենք, որ որևէ փաստաթուղթ Վարդան Ղուկասյանը չի ստորագրել։ Որևէ գույք իր պատկանելիությունը չի թաքցրել։
Հիմա էս ամեն ինչի մեջ ո՞րն է հանդիսացել փողերի լվացումը։ Այս դեպքում Գևորգ Ղուկասյանի՝ Վարդան Ղուկասյանի եղբայրը լինելը հանցանք համարելն անօրինական է։ Բոլոր անձինք, ովքեր կարող էին տալ կեղծ տեղեկանք այս քրեական գործի ընթացքում, հարցաքննվել են և նրանցից ոչ ոք չի նշել, որ Գևորգ Ղուկասյանից ստացել են տեղեկանք կեղծելու առաջարկ։ Գույքի 50 տոկոսը Գևորգ Ղուկասյանին է։ Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ Գևորգ Ղուկասյանը օժանդակել է։ Որպես իրավաբան ինձ համար պարզ չէ, թե կոնկրետ Գևորգ Ղուկասյանին ինչո՞ւմ են մեղադրում։ Նման պայմաններում, կարծում եմ, որ մեղադրանքը ապօրինի է»,- նշեց փաստաբանը։
Իր հերթին Գևորգ Ղուկասյանը նշեց, որ 25 տարի է անցել, «մտքերը չեն գալիս», որ հիշի, պատմի․
«Լավ եմ արել՝ սարքել եմ»։
Մեղադրյալ Սաշա Զաքարյանի (Գյումրու քաղաքապետարանի նախկին աշխատակիցը, որը գործարքի հետ առնչություն ունի) փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և քանի որ դեռևս ապացույցներ չեն հետազոտել, ակնհայտորեն պարզ է դառնում, որ իր պաշտպանյալին մեղսագրվող արարքը չի համապատասխանում իրականությանը։ Փաստաբանի խոսքով` ուսումնասիրելով կնքված գործարքները ակնհայտ է դառնում, որ ոչ մի միտում չի եղել թաքցնելու նշված գույքի պատկանելիությունը, hետևաբար իրենք չեն ընդունում մեղսագրված մեղադրանքը և կարծում են` հետագա փուլերում պարզ կդառնա, որ նշված գործարքը եղել է զուտ քաղաքացիաիրավական հարաբերությունների արդյունք։
Մեղադրյալ Սաշա Զաքարյանը նշեց, որ գնված գույքը չի օգտագործվել, այդ պատճառով էլ վաճառվել է․
«Նշանակում ա՝ ոչ մեկ իրավունք չունի ոչ տուն առնի, ոչ տուն ծախի, կամ ոչ մեկ իրավունք չունի էս-էն մարդու հետ ընկերություն անի»։
Գործով մյուս ամբաստանյալ Արմեն Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով Գյումրու քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի նախագահը, գիտակցելով իր արարքի հետևանքները, օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացմանը՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելուն, գույքի իրական պատկանելիությունը և տնօրինման եղանակը թաքցնելուն, հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելուն և հանցավոր հետքերը վերացնելուն։ Մեղադրյալն իր կատարած հանցանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում։
Դատարանը քննարկեց նաև Հովհաննես Հարությունյանի կողմից մարտի 6-ին ներկայացված միջնորդությունը գույքի նկատմամբ արգելանքը հանելու վերաբերյալ, որը դատարանը մերժեց։
Դատական նիստն ավարտվեց, այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 9-ին, ժամը 12։00։
Լիլիթ Խաչատրյան