«Տունը բենզինով են վառել, ես կարամ էդ բենզինի շորերը, որ տարել եմ թաղել էրեխուս ոտերի տակ, բերեմ»․ սպանվածի մայրը՝ դատարանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում, դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, տեղի ունեցավ սպանության համար մեղադրվող Էռնեստ Ենոքյանի գործով դատական նիստը։

Ըստ մեղադրանքի՝ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Էռնեստ Ենոքյանը ապօրինաբար կյանքից զրկել է Ադրիաննա Գառնիկի Լիմային, որից հետո հրկիզման եղանակով վնասել է սեփականության իրավունքով Արթուր Ռաֆիկի Սարգսյանին պատկանող բնակարանը՝ պատճառելով խոշոր չափերի՝ 3.466.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նշվում է, որ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրիաննա Լիմային նախկինում պարտքով տրամադրած 400.000 դրամ գումարը հետ պահանջելու նպատակով այցելել է նրա կողմից վարձակալած, Արթուր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցի 1-ին շենքի թիվ 59 բնակարան: Գումարի հարցի շուրջ ունեցած խոսակցության ընթացքում Ադրիաննա Լիման Էռնեստ Ենքոյանին հայտնել է, որ նրան պարտք է ընդամենը 100.000 ՀՀ դրամ գումար:

Գումարի հարցի հետ կապված Էռնեստ Ենոքյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ադրիաննա Լիմայի հասցեին, որն էլ վերջինս, ցավագին ընդունելով և բնակարանից վերցնելով դանակը, փորձել է Էռնեստ Ենոքյանին դանակի սպառնալիքով դուրս հանել բնակարանից:

Այդ ամենը տեսնելով՝ Էռնեստ Ենոքյանը Ադրիաննա Լիմայի ձեռքից վերցրել է դանակը, և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան։ Հասցված վնասվածքների հետևանքով Ադրիաննա Լիման դեպքի վայրում մահացել է:

Էռնեստ Ենոքյանն իր մոտ առկա կրակայրիչով այրել է Ադրիաննա Լիմայի ննջասենյակի հագուստները, որից հետո բանալիով փակելով բնակարանի դուռը՝ դիմել է փախուստի։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին ներկայացել էին փորձագետներ Վարդգես Ֆրանգյանը, Վարդան Ֆրանգյանը, Կարեն Նազարյանը։

Առաջինը հարցաքննվեց Վարդգես Ֆրանգյանը։ Նախագահող դատավորը նշեց, որ հարցաքննությունն իրականացվելու է փորձագետների կողմից տրված եզրակացության մասով, որը դատական նիստի ընթացքում հրապարակվել է, սակայն տուժող կողմը որոշակի անհամաձայնություններ է հայտնել այդ եզրակացության վերաբերյալ, ինչի պատճառով էլ վերջիններս հրավիրվել են դատարան։

Լինելով Փորձաքննությունների ազգային բյուրոյի հրդեհատեխնիկական և պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ՝ Վարդգես Ֆրանգյանը հայտնեց, որ դեպքի վայրում իրականացրել է հրդեհատեխնիկական փորձաքննություն։

Տուժող կողմը հարցրեց, թե երբ է գնացել բնակարան, փորձագետը պատասխանեց՝ 2023 թ․ սեպտեմբերի 15-ին, այսինքն՝ դեպքից 1 ամիս անց։ Հարցին, թե ինչ էր այնտեղ կատարվում, ինչ է տեսել, պատասխանեց, որ արդեն այրված բնակարան է տեսել, պատշգամբի հատվածում խառնաշփոթ իրավիճակ էր․ «Պատշգամբը գրեթե ամբողջությամբ այրվել էր, հյուրասենյակում բազմոցն էր մասամբ վնասված, այրված, ննջասենյակում գրեթե ամեն ինչ այրված է եղել, մասնակի, կիսաայրված վիճակում պահպանված էին որոշ դետալներ։ Խոհանոցը ջերմահարված էր, բայց կրակին բնորոշ հետքեր չկային, բոց, որպես այդպիսին, չի եղել, բայց ամբողջությամբ ջերմահարված էր։ Բաց կրակ, որը կբերեր արյունոտ զանգվածի այրման, տեղի չէր ունեցել»։

Նա նշեց, որ միջանցքի և սանհանգույցի հատվածում ևս բաց կրակ չի եղել, կրկին բարձր ջերմային ազդեցության էֆեկտ է եղել։ Բաց կրակին բնորոշ հետքեր առկա են եղել փակ պատշգամբում, որը ծառայել է որպես ննջասենյակ, դրան հարակից պատուհանը, որը բաժանել է հյուրասենյակը փակ պատշգամբից, այդ պատուհանն է այրվել և ջերմային ազդեցության ենթարկել հյուրասենյակին հարակից հատվածը։

Տուժող կողմը նաև հետաքրքրվեց, թե բնակարանի շարժական գույքն ինչ վիճակում է եղել, ինչին ի պատասխան վկան հայտնեց՝ այն գույքերը, որոնք կապված չեն եղել հրդեհի առաջացման հետ, դրանց աշխատունակությունը չի ստուգվել։

-Կարո՞ղ էին դրանք վնասված,  ջերմահարված լինեին։

– Միգուցե, չեմ կարող ասել, բայց որպես հրդեհատեխնիկական փորձագետ՝ ասեմ, որ վերջիններս պատճառ չեն հանդիսացել, այսինքն՝ գույքը հրդեհի առաջացման պատճառ չի եղել։

Դեպքի վայրում բենզինի առկայության վերաբերյալ փորձագետն ասաց՝ վերցված նմուշներում նավթամթերքի և դյուրավառ հեղուկին բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել։

«Ես կարամ ապացույց բերեմ, որ տունը բենզինով են վառել, որովհետև իրա սաղ շորերը ես վերցրել եմ էդ սենյակից, սաղ բենզինի հոտ էր գալիս, ես կարամ էդ բենզինի շորերը բերեմ, ինչը, որ ես տարել եմ, թաղել եմ իրա ոտերի տակ ա, սաղ բենզինի հոտ ա գալիս, ես կարամ դրանք հանեմ, բերեմ»,-ասաց սպանվածի մայրը։

Փորձագետն այս հայտարարության վերաբերյալ հայտնեց, որ միանշանակ պնդել, որ հրդեհի ընթացքում չի եղել, չի բացառվում, բայց այն, ինչ որ ներկայացել է փորձագետին և փորձագետը վերցրել է դեպքի վայրից, հետազոտել է, այդ նմուշներում նման բան չի հայտնաբերվել։

Հաջորդիվ հարցաքննվեց Շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Վարդան Ֆրանգյանը։

Տուժողը հարցրեց, թե ինչ մասով է եզրակացություն տրվել, փորձագետն ասաց՝ դա տրվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննությունների վերաբերելի մասով, չի գնահատել, այլ տվել է ծավալներ, որոնք ներկայացվել է համապատասխան եզրակացության մեջ։

Նա հայտնեց, որ բնակարանը գրեթե ամբողջությամբ այրված, մրապատված վիճակում է եղել․ «Օրվա դրությամբ սալիկները ենթակա են եղել մաքրման, վնասված սալիկներ չեն հայտնաբերվել, իսկ ինչ վերաբերում է ջերմային բարձր ազդեցության հետևանքով կարող էին վնասվել, թե ոչ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ եթե բարձր ջերմություն լիներ, դուք էդ ժամանակահատվածում տեսե՞լ եք բնակարանը, տեսե՞լ եք, որ պլաստմասե կախովի առաստաղը, որը չէր այրվել, այլ ընդամենը ենթարկվել էր ջերմային ազդեցության, այսինքն՝ չի եղել էն կարգի բարձր ջերմային ազդեցություն, որ սալիկները վնասվեին»։

Փորձագետի խոսքով՝ բնակարականում սալիկների մասով կատարվել է հետազոտություն, սակայն հրդեհի հետևանքով վնասվածքներ չեն առաջացել․ «Բալկոնի հատվածում գաջը արդեն թափված ա եղել, տրվել ա ամբողջությամբ գաջել, ներկել, երկրորդը, եթե ձեռք եք տալիս, տակը դատարկ ա, ինքը հրդեհի հետևանքով չի առաջացել, այսինքն՝ պատերից գաջի կտրվելն արդեն այլ հարց ա»։

Նախագահող դատավորի այն հարցին, թե բնակարանի վարդակներն ինչ վիճակում են եղել,  փորձագետն ասած՝ վնասված, մրապատված, բայց ոչ այրված, լուսանկարներն առկա են։ Նա ասաց, որ հրդեհի հետևանքով այրված գույքի ցուցակի մեջ տուժող կողմը սխալ տվյալներ է ներկայացրել, ինչն էլ նման հակասությունների պատճառ է դարձել։

Տուժողը՝ բնակարանի սեփականատերը, չհամաձայնեց փորձագետի այն պնդումներին, որ պատերը չեն վնասվել, չեն փլուզվել, փորձագետը նշեց, որ բնակարանում պատուհանի ապամոնտաժում և նոր պատուհանի տեղադրում է իրականացվել, ինչից հետո ամբողջ սենյակում տրվել է հարդարման աշխատանքների կատարում՝ գաջման, ծեփամածման, ուղղման աշխատանքներ, նաև նշեց, որ քարերի ընկնելու դեպք իրենց հայտնի չէ, նկարված լուսանկարների մեջ նման բան չկա։

Նրա խոսքով՝ գնահատվել է հրդեհի հետևանքով պատճառված վնասի ծավալի հաշվարկման հարցը․ «Հրդեհաշիճման հետևանքով ջուրն ավելի շատ ներքևի բնակարաններին ա վնասում, ոչ թե տվյալ բնակարանի վերևի հատվածը, իսկ այն հատվածները, որոնք դրա հետևանքով կարող էին վնասվել, տվյալ դեպքում՝ հատակը, ինչը նույնպես ամբողջությամբ փոխվել է, իմ կողմից տրվել է ամբողջությամբ փոխարինման աշխատանքներ»։

Դատարան հրավիրված մյուս վկան հայտնեց, որ աշխատում է Փորձաքննությունների ազգային բյուրոյի ապրանքագիտական բաժնում՝ որպես փորձագետ։

Նա հայտնեց, որ բնակարան է այցելել 2023 թ․ սեպտեմբերի 25-ին։ 

– Նշել եք՝ աղբը 10 հազար դրամ, ի՞նչ գին է, կարող եք մանրամասնել ի՞նչն ա սրա մեջ մտնում, ո՞ր հարկում էր գտնվում բնակարանը։

– Ճիշտն ասած, չեմ հիշում դա, որովհետև դա ապրանքագիտական հարց չի, իսկ ինչ վերաբերում է շինաղբի գնին, ապա այդ գները վերցվում են ՀՀ-ում քաղաքաշինության նախարարության 2008 թվականի 49 N որոշման մեջ նշված գների շինարարական բոլոր նորմերին համաձայն։ 

– Այսինքն՝ 11-րդ հարկից 1 տոննա աղբ տեղափոխելը 10 հազար դրա՞մ է, ու կոնկրետ ի՞նչն է ներառվում դրա մեջ։

– Աղբի տեղափոխումը։

Փորձագետն ի պատասխան տուժողների հարցերի՝ ասաց, որ դռների, պատուհանների ապամոնտաժման, տեղադրման գները ևս վերցվել են որոշման նորմերին համաձայն, այնտեղ առանձին-առանձին նշվում է յուրաքանչյուր գինը։

Iravaban.netի փոխանցմամբ՝ այս գործով հաջորդ դատական նիստին քննարկվելու է մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։

Նշենք, որ տուժողի ներկայացուցիչը հանդես եկավ վկա Սահակ Ազիզյանին դատակոչելու միջնորդությամբ։ Հայտնեց, որ վերջինս սպանության նախորդող գիշերը տուժողի տանն է գիշերել և որոշակի տվյալներ կարող է հայտնել այդ օրը Ադրիաննա Լիմայի կողմից կատարված զանգերի մասին։

Հանրային մեղադրողը միջնորդության վերաբերյալ հայտնեց, որ տուժողի ներկայացուցիչը հանցագործության շարժառիթների վերաբերյալ տեղեկություններ չի հայտնել, ներկայացված միջնորդությունն անհիմն է, ենթակա է մերժման։ Նա նշեց, որ որևէ հիմնավորումներ չներկայացվեցին, թե կոնկրետ վկա Սահակ Ազիզյանի ցուցմունքով վերդիկդ կայացնելու համար ինչ փաստական հանգամանք է հաստատվում կամ հերքվում։

Միջնորդության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ սպանվածի մայրը․ «Ես ուզում եմ Սահակին կանչենք որպես վկա, ինքը իմ երեխու ամենամոտիկ ընկերն ա, ամեն ինչից տեղյակ ա, ես իրան հարցեր շատ ունեմ տալու, ինքը ինձնից խուսափում ա։ Ինքը դեպքի օրն էլ նույն րոպեին տունը վառվելու օրը պադյեզդի դեմն ա եղել, ամսի 19-ի գիշերն էլ ինքը գիշերել ա իմ երեխու տանը, որ հիմա իմ երեխու ո՛չ հեռախոսները կան, ո՛չ փողերը կան, ոչ մի բան չկա»։

Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ վկայի հարցաքննությամբ որոշակի տվյալներ կարող են հայտնի դառնալ, որոնք կբխեն արդարդատության շահերից։

Տուժողի ներկայացուցիչը նաև մեկ այլ վկա դատակոչելու միջնորդությամբ հանդես եկավ, նշեց, որ վերջինս մտերիմ հարաբերություններ է ունեցել Ադրիաննայի հետ, կարող է տեղեկություն հայտնել բնակարանում տեսանկարահանող սարքերի տեղադրման հետ կապված, ներկա է եղել Ադրիաննա Լիմայի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու ժամանակ։

Հանրային մեղադրողը միջնորդության վերաբերյալ հայտնեց, որ այն ենթակա է մերժման, ներկայացված փաստական տվյալները վերացական են, թմրամիջոցների օգտագործման և սպառնալիքներ հնչեցնելու դրվագներն այս քրեական վարույթին վերաբերելի չեն, քանի որ առանձնացված վարույթ կա։

Մեղադրյալ Էռնեստ Ենոքյանի պաշտպան Սասուն Ռաֆաելյանը ևս պնդեց, որ նշված հանգամանքները վերաբերելի չեն իր պաշտպանյալին, բացի այդ, տուժողը հարցաքննվելիս ընդունել է, որ Էռնեստ Ենոքյանը եղել է այն աձը, ումից իր որդին բողոք չի ներկայացրել, երբևէ չի եղել դժգոհություն նրա մասով։

Հիմնավոր փաստարկների բացակայությունը հաշվի առնելով և լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը ներկայացված երկրորդ միջնորդությունը մերժեց։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել