Թեհրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ Թել Ավիվին Իրանի վրա հարձակման դեպքում։ Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշիկյանը՝ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում, գրում է РИА Новости-ն։
«Մենք ավելի ուժեղ և կոշտ կպատասխանենք, եթե Իսրայելը պատասխանի մեզ»,- ընդգծել է նա։
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանն Իսրայելի վրա է արձակել ավելի քան 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել են։ Ըստ Թեհրանի՝ հարվածներ են հասցվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության շտաբին, «Նևաթիմ» ավիաբազային, որտեղ գտնվում են F-15 ինքնաթիռներ, ինչպես նաև «Հաթզերիմ» ռազմակայանին։