Փորձաքննությունների ազգային բյուրոյում իրականացվում են ծավալուն դատաբժշկական փորձաքննություններ: Դատաբժշկական փորձաքննությունների բաժնում հետազոտության օբյեկտներ կարող են դառնալ՝
-մարդու դիակը,
– կենդանի անձը,
– բժշկական փաստաթղթերը,
– գործի նյութերը,
– մարդու օրգաններ և/կամ հյուսվածքներ կամ դրանց կտորները,
– կենսաբանական ծագման իրեղեն ապացույցները:
Բաժնում իրանացվող դատաբժշկական փորձաքննությունների մեջ մեծ կշիռ ունեն նաև համալիր փորձաքննությունները։ Այս և այլ թեմաների վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանի հետ։
Բժշկական սխալ․ «Նման գործերը նույնացնում են ազգային անվտանգությանը վերաբերող խնդրի հետ»
Բժշկական սխալի գործերով փորձաքննություններն իրականացվում են հանձնաժողովային կարգով։ Ցավով պետք է նշեմ, որ դրանց թիվը գնալով ավելանում է։ Ավելացման մի քանի գործոններ կան։ Դրանցից մեկը, կարծում եմ, ազգաբնակչության իրավագիտակցության բարձրացումն է, մյուսը՝ տեղեկատվական հոսքերի ավելացումը։
Դրանք դատաբժշկակական փորձաքննության տեսակներից ամենաբարդն են։
Փորձաքննության արդյունքում անհրաժեշտություն է առաջանում պարզել անձին ցուցաբերված բժշկական օգնության և սպասարկման պատշաճ կամ ոչ պատճաշ կատարումը, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը կամ դրա կատարումից խուսափումը, որը հանգեցրել է հետևանքների, և վերջինիս համար սահմանում է քրեական պատասխանատվություն։
Այս դեպքերում շատ բարդ է լինելու բուժաշխատողի մասնագիտական գործողությունների ոչ պատշաճ կատարման կամ չկատարման վերաբերյալ հարցի պարզումից զատ գնահատել դրանց պատճառահետևանքային կապն անբարենպաստ հետևանքի հետ։
Շատ առաջատար երկրներում նման գործերը նույնացնում են ազգային անվտանգությանը վերաբերող խնդրի հետ, որովհետև ազգաբնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման որակը պետք է բարձր լինի։ Եթե որևէ երկրում այդ որակը ցածր է, դա դառնում է ազգային անվտանգության խնդիր։
Նման գործերով փորձագետի եզրակացությունը գործի լուծման համար հիմնական, որոշ դեպքերում նաև միակ ապացույցն է դառնում։
Դատական բժշկագիտությունը և բժշկական հանրույթը
Բժիշկներին մենք որպես գործընկեր ենք դիտարկում։ Սակայն դատական փորձաքննություններ իրականացնելիս օբյեկտիվ և անաչառ լինելը, գիտականորեն հիմնավորված եզրակացություն տալը դատաբժշկական փորձագետի օրենքով ամրագրված պարտավորությունն է։
Գործընկերային հարաբերությունները կամ բժիշկների՝ մեր գործընկեր լինելը խոչընդոտ չպիտի հանդիսանա և չի հանդիսանում օբյեկտիվ փորձաքննություն կատարելու համար։
Մի կողմից մեր գործընկերներն են, մյուս կողմից՝ մեր հայրենակիցները։
Բժիշկները միմյանց ճանաչում են, շատերին ենք ճանաչում։ Եթե փորձագետը չի կարողանում անաչառ լինել, Քրեական դատավարությունը համապատասխան ընթացակարգեր է սահմանում ինքնաբացարկի ինստիտուտի ձևով։
Բնավորության գծեր, որոնք հատուկ են դատաբժշկին
Պետք է առանձնացնեմ բնավորության հատուկ գիծ, որը պետք է ունենա դատաբժշկական փորձագետը․
դա բարձր կարգապահությունն է։
Իհարկե, մասնագիտական գիտելիքներից, գործնական հմտություններից զատ, դատաբժիշկը պետք է ունենա բարձր կարգապահություն, պատասխանատու մոտեցում սեփական աշխատանքի նկատմամբ։
Սա ասում եմ՝ հաշվի առնելով աշխատանքի բնույթը և աշխատանքի արդյունքում ստացված փորձագետի եզրակացության կարևորությունը արդարադատության համակարգում։
Դիակի դատաբժշկական փորձաքննություն
Այս փորձաքննությունը պարտադիր կերպով իրականացվում է բռնի մահվան, ինչպես նաև բռնի մահվան կասկածի դեպքերում։ Դատաբժշկական փորաձգետը փորձաքննության ընթացքում պետք է պատասխանի վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջադրված հարցերին։
Սկզբում հետազոտվում է դիակն արտաքինից, այնուհետև ներքին հետազոտություն է արվում։ Կան նաև հետազոտությունների լրացուցիչ մեթոդներ, որոնք, ըստ անհրաժեշտության, իրականացվում են։ Դա դատակենսաբանական, դատաքիմիական, դատահյուսվածքաբանական հետազոտությունն է, որը շատ կարևոր է։
Առաջին հերթին պետք է պարզվի անձի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների առկայությունը, դրանց բնույթը, տեղակայությունը, չափերը։ Բացի այդ, պետք է գնահատվի դրան պատճառահետևանքային կապը մահվան հետ։
Լինում են դեպքեր, երբ անձն ունենում է մարմնական վնասվածքներ, սակայն մահը պայմանավորված է լինում լրիվ այլ, վնասվածքի հետ չփոխկապակցված հանգամանքով։
Դատաբժշկի աշխատանքի բարդությունները
Աշխատանքն ինքնին բավականին ծանր է։
Քաղաքացիների մոտ տպավորություն կա, որ դատաբժշկական փորձագետի աշխատանքը սև է և մութ։
Դրան պետք է մոտենալ սառնասրտորեն։ Հաշվի առնելով դրա կարևորությունը մարդկանց ճակատագրերում՝ աշխատանքի մեջ դատաբժշկական փորձագետը չպետք է էմոցիաներով առաջնորդվի։
Աշխատանքը նաև վնասակար է, քանի որ այդ ընթացքում փորձագետը ոչ միայն դիակների հետ է առնչվում, այլ նաև տարբեր քիմիական նյութերի հետ, որոնք վնասակար են առողջությանը։
Մեր աշխատանքը պետության կողմից սահմանված իրավանորմերով համարվում է վնասակար։
Այս ամենին զուգահեռ դատաբժշկական փորձագետների համար հատուկ արտոնություններ սահմանված չեն։
Այրե՞լ մարմինը, թե՞ թաղել
Հարցին պետք է տարբեր տեսանկյուններից նայել։ Եթե դիակիզմանը մենք բժշկական և էկոլոգիական տեսանկյունից ենք նայում, ապա վատ չեմ վերաբերվում։
Սակայն հաշվի առնելով մեր կրոնը, ավանդույթներն ու մնացած հանգամանքները, այս առումով դիակիզումն այդքան էլ ընդունելի չեմ համարում։
Բժշկական տեսանկյունից պրոցեսը ո՛չ խնդրահարույց է, ո՛չ էլ սխալ։
Աշխատանքի նախընտրելի հատվածը
Ես աշխատանքս սիրով եմ կատարում, չնայած աշխատանքի բերումով առնչվում ենք տխուր երևույթների հետ։ Գիտակցում եմ աշխատանքի կարևորությունը և դրա արդյունքում տրված փորձագետի եզրակացության նշանակությունն արդարադատության ոլորտում։
Շատ խոսվեց բժշկական սխալի գործերով դատաբժշկական փորձաքննություններից։ Հաշվի առնելով նաև, որ առաջին հետդիպլոմային նեղ մասնագիտացումս կլինիկական բժշկության ուղղությունն է, ուստի փորձաքննության այս տեսակներն ինձ ավելի հարազատ են:
Չնայած, կուզեի նման գործերով փորձաքննությունների անհրաժեշտություն ընդհանրապես չլիներ։
Նորածինների մահվան դեպքերով ևս փորձաքննություններ են կատարվում, ինչպես նաև զառամյալ տարիքում գտնվող անձանց մասով ենք եզրակացություններ տվել։
Ունեցել ենք նաև դեռևս չծնված պտուղների մահվան դեպքերով փորձաքննություններ, որոնք նշանակվել են բժշկական սխալի հետ կապված գործերով։ Վարույթն իրականացնող մարմնին անհրաժեշտ է եղել պարզել, թե ի՞նչ պատճառով է վրա հասել պտղի մահը, հղիության վարման և բուժօգնության ցուցաբերման ընթացքում թերացումներ թույլ տրվե՞լ են, թե՝ ոչ, եթե այո, ապա՝ ինչպիսի՞ և ու՞մ կողմից, ինչպես նաև թույլ տրված բացթողումների և/ կամ սխալների պատճառահետևանքային կապը անբարենպաստ ելքի հետ և այլն:
Կրկնակի և լրացուցիչ փորձաքննությունների թիվն էլ է բավականին մեծ։ Լինում են դեպքեր, որ նման փորձաքննությունների ժամանակ ստացվում են առաջնային փորձաքննության եզրակացության հետևություններից տարբերվող եզրահանգումներ։
Որքանո՞վ է դատաբժշկի մասնագիտությունը պահանջված
Դատաբժշկական փորձագետի մասնագիտություն ստանալու ցանկություն ունեցողների թվի մասին կարող ենք օբյեկտիվ վերլուծություն իրականացնել։ Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրիայի դատական բժշկության բազան հանդիսանում է Փորձաքննությունների ազգային բյուրոն։ Մանագիտություները ձեռք բերելու ցանկություն ունեցող երիտասարդ մասնագետների, բժիշկների թիվը քիչ չեմ կարող համարել։
2019 թվականից ամբիոնը գործում է, կա կլինիկական օրդինատուրա դիմողների որոշակի քանակ, տարվա ընթացքում 4, 3, 2 անձինք, ովքեր արդեն ստացել են բարձրագույն բժշկական կրթություն։ Նրանք դիմում են, ընդունվելու դեպքում ստանում հետդիպլոմային նեղ մասնագիտական կրթություն։ Կարծում եմ՝ երիտասարդ բժիշկների հետաքրքրվածությունն այս առումով մեծ է, որովհետև ունենք դիմորդների բավարար քանակ։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ կլինիկական օրդինատուրա ավարտած երիտասարդ մասնագտները համալրում են ինչպես մեր, այնպես էլ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կազմը։
Մասնագիտությամբ տարիներ շարունակ հետաքրքրված են եղել արական սեռի ներկայացուցիչները, սակայն վերջին տարիներին նաև իգական սեռի ներկայացուցչիների հետաքրքրվածությունն է նկատվում։
Այս պահին հետդիպլոմային կրթություն ստացող մեր 4 կլինիկական օրդինատորները իգական սեռի ներկայացուցիչներն են։
Եվգենյա Համբարձումյան