«Լարվածությունդ հանի, ինչ կհարցնեն, միայն ճիշտ ցուցմունքներ տուր»․ Աղվան Հովսեփյանը՝ դատակոչված վկային

Հակակոռուպցիոն քրեական դատարանում օգոստոսի 6-ին շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին հարցաքննվեցին 3 վկաներ։

Դատակոչված վկաներից առաջինը հարցաքննվեց Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավար Հրաչյա Ավագյանը։ Նա  հայտնեց, որ Բյուրական համայնքում կային հողատարածքներ, որոնք նախկինում եղել են համայնքի սեփականությունը, այնուհետև վերադարձվել են Անտառային կոմիտեին։ Համայնքը դիմել է կոմիտեին՝ հողատարածքները վերադարձնելու նպատակով, համայնքի ավագանու որոշմամբ հողատարածքները դրվել են աճուրդի, որին մասնակցել են մեղադրյալ Աղվան Հովսեփյանի տղան՝ Նարեկ Հովսեփյանը, և մի քանի այլ բնակիչներ։ Աճուրդին հաղթող է ճանաչվել Նարեկ Հովսեփյանը, իսկ այդ գործընթացը տեղի է ունեցել 2010 թվականին։

Վկա Հրաչյա Ավագյանը նշեց, որ 1984-2012 թվականների ընթացքում աշխատել է որպես համայնքի ղեկավար և գյուղական սովետի գործկոմի նախագահ։

Հանրային մեղադրող, դատախազ Կորյուն Սերոբյանը հարցրեց, թե ի՞նչ հանգամանքներում է ծանոթացել Աղվան Հովսեփյանի հետ, վկան ասաց՝ իր աշխատանքային գործունեության ժամանակ Աղվան Հովսեփյանը Բյուրականում ուներ առանձնատուն, այդ ընթացքում են ծանոթացել, և գյուղին վերաբերող տարբեր հարցերով է դիմել նրան։

Առանձնատան մասին հայտնեց, որ դա համայնքին չի պատկանել, եղել է Նկարիչների միության շենքը, իսկ, թե ինչ ընթացակարգով է տարածքը փոխանցվել Աղվան Հովսեփյանին, նշեց, որ տեղյակ չէ։

Հանրային մեղադրողի հարցին, թե ճանաչո՞ւմ է արդյոք Աղվան Հովսեփյանի որդիներին, վկան ասաց՝ մեկ-երկու անգամ հանդիպել է Նարեկ Հովսեփյանին, հողի աճուրդից առաջ փաստաթղթերով եկել էին իր մոտ։

– Ի՞նչ իմացաք, որ Աղվան Հովսեփյանի որդին է։

– Ինքը փաստաթղթերը բերեց, կարդացել եմ, կա հայտարարություն, ինչ-որ ընկերոջ հետ էր եկել։

– Այդ ժամանա՞կ իմացաք, որ Աղվան Հովսեփյանի որդին է։

– Այո՛, փոքր տղային էլ եմ ճանաչել, Արմեն Հովսեփյա՞ն, մյուս տղային էլ մի անգամ եկեղեցում եմ տեսել։

– Իսկ ի՞նչ աճուրդ է տեղի ունեցել, ի՞նչ հողամասեր են եղել, ի՞նչ քանակությամբ, ովքե՞ր են մասնակցել, ի՞նչ առնչություն եք ունեցել Դուք այդ աճուրդների հետ։

– Աճուրդային հանձնաժողով գոյություն ուներ, կար հողային հանձնաժողով, կար ավագանին, բոլորը հերթականությամբ լսում էին, թերթում հայտարարություն են տվել, գյուղից էլ են մասնակցել մի քանի հոգի, կար Լյուդվիգ Թադևոսյանը․ մի քանի հոգի մասնակցել են, հետո հրաժարվել են։ 

– Ի՞նչ նպատակային և գործառնական նշանակության հողամասեր էին։

– Հողամասերը գյուղնշանակության էին, բայց անօգտագործելի, այսինքն՝ ձորակ էր, այդ ձորակը նախկինում եղել է Բյուրականի սեփականությունը։ Ամբերդ գետից այս կողմը մնաց մեր տարածքում, ավագանին նպատակահարմար գտավ, որ պիտի օտարվի, դրել ենք աճուրդի, և մասնակցել են մի քանի հոգի, ես չեմ էլ հիշում թիվը՝ քանի հոգի են մասնակցել։

Դատախազի հաջորդ հարցին, թե օտարված հողամասերի վերաբերյալ համայնքի բնակիչները որևէ դժգոհություն հայտնել են, թե ոչ, վկան ասաց՝ իր աշխատած ժամանակահատվածում՝ ոչ։

Աճուրդի վերաբերյալ իր և Աղվան Հովսեփյանի միջև տեղի ունեցած խոսակցության վերաբերյալ ասաց․ «Խոսակցություն գնաց, ասեցի, որ կա էդ հողատարածքը, իրենց տունն էլ դրա վերևի հատվածն էր, մենք չենք ծավալվել, ես չեմ խոսել իր հետ այդ թեմայով ոչ մի բառ։ Աճուրդը կայացել է 2010-2011 թվականներին կամ դրանից մի քիչ առաջ, աճուրդում հանձնաժողովներից մեկում հնարավոր է՝ ընդգրկված լինեի որպես վերահսկիչ հանձնաժողովի նախագահ․ լավ չեմ հիշում»։

Հարցին, թե համայնաքապետարանում աճուրդի հայտերի ընդունումն ո՞վ էր իրականացում, վկան ասաց՝ ամեն մեկն իր պատասխանատվությունն ուներ, իրենք էին կազմակերպում, բոլորն իրենց պարտականությունները կատարում էին։

Նա նշեց հայտ ներկայացնողներից միայն մեկի՝ Մեջլումի (Լյուդվիգ Թադևոսյան) անունը, մյուսների անունները չէր հիշում։

Համայնքի բնակիչներից էլ ո՞ւմ կհիշեք, մի հոգի Մեջլումին ասեցիք, իրական անունն է Լյուդվիգ, է՞լ ում կհիշեք մասնակիցներից։

– Ինչ-որ Վարազդատ կար, չգիտեմ՝ ազգանունը ոնց էր, չեմ հիշում։

– Սահակ Թադևոսյանին ճանաչո՞ւմ եք։

– Այո՛, Մեջլումի բարեկամն ա, եղբոր տղան ա, ինչքան գիտեմ։

– Իսկ Սահակ Թադևոսյանը հիշո՞ւմ եք, էդ աճուրդին մասնակցե՞լ է, թե՞ ոչ։

– Ընդեղ եղել ա, բայց չգիտեմ, մասնակից կլինի երևի։

– Աճուրդի օրը տեսե՞լ եք։

– Տենց չեմ հիշում, արդեն երկար տարիներ են անցել։

– Գործի նյութերին ծանո՞թ եք։

– Էդքան էլ չէ։

– Ձեզ որևէ մեկը ասե՞լ է, որ ինքը չի եղել աճուրդին։

– Ո՛չ։

– Իսկ էս գործով Ձեր վերաբերյալ որոշում կայացվե՞լ է։

– Այո՛։

– Ստացե՞լ եք որոշումը։

– Այո՛։

– Բողոքարկե՞լ եք։

– Ո՛չ։

– Ինչո՞ւ չեք բողոքարկել։ Համաձա՞յն էիք որոշման նկարագրության հետ։

– Էնքան էլ չէ։

– Բա ինչո՞ւ չբողոքարկեցիք։

– Որովհետև ես հոգնել եմ բողոքարկելուց, 30 տարի աշխատել եմ անընդհատ մի գործի վրա․․։ Եթե զգայի, որ նորից պիտի աշխատեմ պետական կառույցներում, ես անպայման կբողոքարկեի․ ցանկություն չի եղել բողոքարկելու։

Փաստաբան Աննա Մանթաշյանը հարցի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ վկան հստակ հայտնեց՝ չի ուզում «քաշքշուկների» մեջ ընկնել, ցանկություն չունի, և այդ որոշումը վերաբերում է վաղեմության կիրառմանը, իսկ վաղեմությունն անձի նկատմամբ կարող է կիրառվել, և բոլորովին դա չի նշանակում, որ անձը ընդունում է իր մեղավորությունը․ «Հիմա էլ հարգարժան մեղադրողը փորձում է այդ իրավիճակը ինչ-որ ձևով օգտագործել հօգուտ մեղադրանքի»։

Գյուղում հէկ կառուցելու լուրերի վերաբերյալ վկան ասաց, որ տեղյակ չի եղել, թե ով է ցանկացել կառուցել, խոսակցությունները եղել են իր պաշտոնավարումից հետո։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց, թե Աղվան Հովսեփյանի կողմից վկայի նկատմամբ ինչ-որ պահանջ, սպառանալիք եղել է, թե ոչ, վկան պատասխանեց․ «Չէի ասի, մենք որպես հանրապետության և՛ դատախազ, և՛ որպես մեր գյուղի մարդ, վատ բան չենք տեսել, միշտ լավն ենք լսել, հակառակը, մարդիկ խորհրդատվության համար դիմել են շատ դեպքերում, ինքը ընդունել ա, ճանապարհել, սենց բաներ եղել են համայնքում։

Սպառնալիք չի եղել, ինքն էլ կվկայի․ ես սպառնալիք չեմ տեսել»։

Անդրադառնալով Աղվան Հովսեփյանի որդուն տեսնելու դրվագին՝ վկան հայտնեց, որ նա կարմիր մեքենայով էր եկել ընկերոջ հետ։

Հանրային մեղադրողը հարցրեց նաև, թե հարցաքննությունների ժամանակ վերջինիս նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է դրսևորվել, վկան ասաց, որ իր նկատմամբ լավ են վերաբերվել, բայց հարցեր կային, որոնց չէր ուզենա պատասխանել, դրանց անդրադառնալ․ «Քննիչն ասում է՝ գյուղացիներն ասել են, որ Դուք Աղվան Հովսեփյանի ընկերն եք, մտերիմն եք, սենց հարցեր կային, որ չէի ուզում պատասխանել, եթե մենք 15 տարի իրար չենք զանգում դա ընկեր չի, գործընկեր ա։ Գործից դուրս ընդհանրապես չենք հանդիպել»։

Մեղադրյալ Աղվան Հովսեփյանը վկային ասաց․ «Լարվածությունդ հանի, դատարանի առաջ ես կանգնած, մաքրի քեզ ամեն ինչից, ու ինչ կհարցնեն, միայն ճիշտ ցուցմունքներ տուր»։

Նա հարցրեց, թե երբևէ իրենց հարաբերություններում ինչ-որ սպառնալիք հնչել է, վկան ասաց՝ ոչ։

Դատախազը նաև հարցրեց, թե հաշվի առնելով, որ Աղվան Հովսեփյանն այդ ժամանակահատվածում հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազ, եթե վերջինս որևէ պահանաջ ներկայացներ, կարո՞ղ էր նրան հակառակվել, ասեր ոչ, վկան պատասխանեց՝ ինքն իր տեսակետը միշտ ունեցել է, հնարավոր է, որ նաև ասեր ոչ։

Կորյուն Սերոբյանը միջնորդեց վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները հրապարակել, քանի որ առկա են էական հակասություններ, նախաքննության ընթացքում վկան նշել է, որ այդ աճուրդները կազամերպվել են ձևականորեն՝ Աղվան Հովսեփյանի ուղղորդմամբ, աճուրդներին որևէ մեկը մասնակցություն չի ունեցել, այդ թվում նաև Նարեկ Հովսեփյանը։

Պաշտպանության կողմից առարկություններ չհնչեցին, և չնայած այն հանգամանքին, որ վկան իրավունք չուներ առարկելու միջնորդության դեմ, սակայն նա չէր ցանկանում, որպեսզի հրապարակվեր։

 

Հրապարակվեցին վկա Հրաչյա Ավագյանի նախաքննական ցուցմունքները։

Մի քանի դրվագների վերաբերյալ վկան պնդեց, որ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների արձանագրությունները չեն համապատասխանում իրականությանը, փաստաբան Աննա Մանթաշյանն ընդգծեց, որ նա միակ վկան չէ, որ նույն դիրքորոշումն է հայտնում նախաքննական ցուցմունքների վերաբերյալ։

Վկան ասաց, որ չի ընդունում գրվածը, աճուրդն իրականում կայացել է․ «Ուղղակի զարմացած եմ՝ ինչի պիտի գրված լինի, որ չի կայացել, ո՞նց չի կայացել, ես ինչի պիտի էն ժամանակ ասեի չի կայացել, հիմա ասեի կայացել ա։ Մեծամասնությունը համընկնում ա, իմ ասածը ես ընդունում եմ, բայց էս երկու մոմենտները ես չեմ ընդունում, որ ասենք ասել եմ չի կայացել, ոնց չի կայացել, որ կայացել ա»։

Վկայի հարցաքննությունն ավարտվեց, հաջորդիվ հարցաքննվեցին վկաներ Աշոտ Ռուստամյանն ու Աշոտ Սարգսյանը։

Աշոտ Ռուսամյանն ասաց, որ աշխատել է գյուղապետարանում որպես առաջին կարգի մասնագետ 2007 թվականին, իսկ անտառտնտեսությունում՝ 1987-1999 թվականներին։

Հանրային մեղադրողը հարցրեց, թե Բյուրական համայնքում Աղվան Հովսեփյանն առանձնատուն ունի, թե ոչ, ասաց՝ այո, գյուղի վերևի մասում է գտնվում։

Նա նշեց, որ առանձնատան շինարարական աշխատանքներին չի մասնակցել, այդ աշխատանքների հետ կապ չի ունեցել, հիշում է, որ գյուղի տղաներն այնտեղ աշխատել են․ «Լյուդվիգ Թադևոսյանին գիտեմ, Մեջլում էին ասում, իսկ բանվորներին չէ»։

Ասաց, որ Աղվան Հովսեփյանի որդիներին չի ճանաչում, Նարեկին միայն գիտի, երբ գյուղում ասել են՝ գալու է աճուրդին մասնակցելու, ինքն այդ ժամանակ չի տեսել։

Վկա Աշոտ Սարգսյանը ևս նշեց, որ առանձնատան տարածքում սկզբում Նկարիչների միության շենքն է եղել, գյուղացիներն էլ են մասնակցել շինարարության աշխատանքներին, որոնց թվում էր նաև իր տղան։ Դատախազի հարցին, թե ով է ընդունել նրան աշխատանքի, ասաց՝ Լյուդվիգը, իսկ գումարը տեղյակ չէ, թե ով է տվել։

Հրապարակվեց նաև վկա Աշոտ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ առկա էին հակասություններ հայտերի ստորագրման, աճուրդի կազմակերպման, Նարեկ Հովսեփյանի կողմից աճուրդին մասնակցելու հետ կապված։

Մեղադրյալ Աղվան Հովսեփյանը նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով․

«Հերթական անգամ մենք ականատես եղանք, որ քննիչը ոչ թե ցուցմունք է արձանագրել, այլ շարադրել է մեղադրանքի նկարագրական մասը իրավաբանական գնահատականներով հանդերձ։ Այնտեղ ցուցմունքում տերմիններ կան օգտագործված, որ էս մարդը դրանցից տեղյակ էլ չի, այսինքն՝ դա ոչ թե ցուցմունք ա, այլ նկարագրական մաս։

Խնդրում եմ դատարանին, որպեսզի գնահատի սա, ցուցմունքը լինում է վկայի բառերով, դատողություններով, իսկ էստեղ ամբողջն իրավաբանական գնահատակններով, դատողություններով են ամփոփված։

Մեղադրողն իր հարցադրման մեջ անընդհատ շեշտում է՝ քննիչը սխա՞լ է արել, քննիչը ճիշտ չի՞ գրել, այսինքն՝ այս հարցադրումներով վկային ակնհայտորեն ճնշում է»։

Նիստը հետաձգվեց։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 8-ին։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել