«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արագածոտնի թեմի Ապարանի հովվության հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանի հետ զրուցել է մկրտության մասին։
-Ի՞նչ խորհուրդ ունի մկրտությունը։
-Մկրտությունը փրկության խորհուրդ ունի։ Մկրտությամբ է դրվում քրիստոնեության հիմքը, որովհետև քանի մկրտված չես, քրիստոնյա չես։ Մկրտությունը նաև ուխտ է, դաշինք է, պայմանագիր է Աստծո հետ։ Ընտրելով Աստծո հայրությունը, դու որդեգրվում ես Աստծո ընտանիքին՝ դառնալով այդ ընտանիքի անդամ։ Մկրտությունը կնիքն է և հաստատումն է երկնքի կյանքի գրքում, անունդ գրվում է այնտեղ։ Դառնում ես քաղաքացին երկնքի։
-Արդյոք բոլոր քրիստոնյաները պետք է պարտադիր մկրտվեն։
-Քանի դեռ անձը մկրտված չէ, նա քրիստոնյա չէ։ Մկրտությամբ դառնում են քրիստոնյաներ։ Ազգությամբ հայ ենք, բայց քանի մկրտված չենք քրիստոնյաներ չենք կոչվում։ Քրիստոնեության հիմքը, հաստատումը դրվում է մկրտությամբ։
-Ի՞նչ խորհուրդ ունեն կարմիր և սպիտակ թելերը։
-Մկրտության գլխավոր պայմանն է նարոտը, որը երկու գույն է՝ կարմիր և սպիտակ, դա խորհրդանշում է այդ պահին մկրտվողի իրական ով լինելը։ Կարմիրը՝ արյունից մարդու որդի, սպիտակը՝ արդարությունից Աստծո որդի։ Դրա համար մկրտությունը կոչվում է վերստին ծնունդ։ Հոգևոր ծնունդը պայմանավորում է մկրտությունը։
-Ինչ է մյուռոնը և որն է դրա խորհուրդը։
-Մյուռոնը բաղկացած է մոտ 40 տեսակ բույսերից և գլխավորը բալասան բույսն է, պատրաստվում է աղոթքի միջոցով, հատուկ պատրաստություն է պահանջում մյուռոնը, որովհետև մեզ համար այն ինչ-որ բույսերից պատրաստված յուղ չէ, այլ խորհուրդ է կատարվում մյուռոնօրհնության ժամանակ, որովհետև այն պետք է խորհրդանշի Սուրբ Հոգի Աստծուն։ Դրա համար մենք մյուռոնը պահում ենք աղավնաձև սրվակների մեջ, ինչո՞ւ, որովհետև, երբ Հիսուս Հորդանանում մկրտվելուց դուրս եկավ, ասում է՝ Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ նրա վրա։ Մենք Սուրբ մյուռոնով դրոշմելով՝ հաստատում ենք այն խորհրդի ճշմարտությունը, որ Սուրբ Հոգի Աստված եկավ ու բնակվեց այլևս այդ անձի մեջ։
-Ո՞վ է կնքահայրը, ո՞վ կարող է լինել կնքահայր և ի՞նչ դեր ունի կնքահայրը մկրտվողի կյանքում։
-Ընդհանրապես կնքահայրը պետք է լինի հոգևոր մարդ, աստվածասեր ու աստվածճանաչ մարդ։ Ինչո՞ւ, որովհետև կնքահայրը դեսպանն է եկեղեցուց տվյալ ընտանիքում, որը պետք է հսկի մկրտվողի հոգևոր կյանքը, բարքը, վարքը։ Պետք է դաստիարակի և առաջնորդի հոգևոր ճանապարհով։ Կնքահայր կարող են լինել բոլոր մկրտված, հավատք ունեցող անձինք։ Չեն կարող լինել շատ մոտ, արյունակից հարազատներ ու բարեկամներ։ Մկրտության համար երկու պորտից այն կողմ թույլատրելի է, բայց եկեղեցին միշտ հորդորում է, որպեսզի այդ սահմանը հնարավորինս երկարեցվի։
-Քրիստոնեության այլ ուղղություններում կա կնքամայր հասկացությունը։ Հայ Առաքելական եկեղեցում ո՞վ է կնքամայրը և ի՞նչ դեր ունի նա։
-Եթե կնքահայրն ամուսնացած է, ապա կինը ստանձնում է կնքամոր դերը։ Մենք ամբողջ պարտականությունները դնում ենք տղամարդու վրա, որպեսզի հենց իրենից էլ այդ ամենը պահանջվի և, եթե ինքը դառնում է ընտանիքի կնքահայր, արդեն ողջ պատասխանատվությունն ամփոփված է իր ընտանիքի վրա։
-Հաճախ եմ լսել մարդկանց, որոնք ասում են, որ պետք է կնքվել գիտակից տարիքում, սեփական որոշմամբ, բայց հոգևոր հայրերն ասում են, որ պետք է կնքվել մինչև 40 օրը լրանալը։ Արդյոք առաջին մոտեցումը սխալ է, եթե այո, ինչու՞։
-Նախ բոլոր դասական եկեղեցիներն ընդունում են մանկան մկրտությունը, որովհետև մկրտությունն ունի փրկության խորհուրդ, իսկ փրկություն բոլորին է պետք։ Ադամից և Եվայից եկած մեղքը գենետիկորեն փոխանցվում է մեզ և մկրտությունն ադամական մեղքի ազատագրումն է։ Եվ մենք ընդունում ենք մանկան մկրտությունը։ Բողոքական եկեղեցին է, որ ասում է, թե անպայման պետք է լինես չափահաս ու մկրտության խորհուրդն Աստված քեզնից պետք է պահանջի։
-Եթե մարդը մկրտվել է անգիտակից տարիքում և մեծանալով ընտրում է այլ դավանանք կամ մերժում է Աստծո գոյությունը, ստացվում է իր մկրտությունն ի չի՞ք է գնում։
-Երբ մկրտվում է մանուկ հասակում պարտականությունները դրվում են ծնողների և քավորի վրա։ Երբ որ մեծանում է և խախտում է դաշինքը Աստծո հետ և հեռանում է Աստծուց, եթե այլ եկեղեցիներում ընդունում է մկրտության ինչ-որ ուխտեր, հետո վերադառնում է եկեղեցի, քննվում է և զղջումով ու ապաշխարությամբ վերականգնվում է։ Իսկ այն օծությունը, որ կատարվում է մկրտության ժամանակ, այն երբեք չի բեկանվում։
-Մկրտությունն ի՞նչ ընթացակարգով է արվում, ինչ պատրաստություններ է պետք անցնել։
-Մկրտության համար ամենակարևոր պայմանը նարոտն է, նարոտից հետո կարող է խաչ լինել, վզնոցն ընդհանրապես պայման չէ, սրբիչն է։ Իրականում եկեղեցին այնպես է սահմանել ու հաստատել, որ ցանկացած մեկը կարող է մկրտվել ու երբ որ ասում են, թե գումար չկա, մեծ գումարի հետ է կապված, դա պարզապես մարդիկ են արդարացնում իրենց ծուլությունը կամ անուշադրությունը։ Իրականում ցանկացած մարդ, ցանկացած պահի կարող է մկրտվել, որովհետև մկրտության համար ո՛չ օր, ո՛չ ժամ և ո՛չ էլ անհարմար պայմաններ չկա։
-Իսկ խաչի մետաղն էակա՞ն է։
-Ոչ։
-Ինչո՞ւ է 3 օր ընտրված՝ մկրտությունից հետո լվացվելու համար, ինչ խորհուրդ ունի դա։
-Պարզապես պայման որպեսզի մարդն ավելի շատ խորհրդածի հոգևորի մասին և քանի որ մկրտությունը մահվան խորհուրդն ունի՝ ընկղմվելով ջրի մեջ մեռնում է, հետո դուրս գալով՝ ծնվում են արդեն երկնքի համար։ Խորհուրդը կապված է Հիսուսի մահվան երեք օրերի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան