Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ hուլիսի 12-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը։
Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ հանրային մեղադրող, դատախազ Կորյուն Սերոբյանը։
Հանրային մեղադրողն իր խոսքում շեշտեց այն հանգամանքը, որ մեղադրյալների նկատմամբ դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդում հարուցելիս հաշվի են առնվել քրեական օրենսդրության հետազոտության կանոնները։
Մեղադրանքի փաստական հիմքերն ու գործողությունները կրկին չներկայացվեցին՝ հաշվի առնելով, որ դրանց հրապարակման անհրաժեշտությունն առկա չէ և դատավարության մասնակիցներին արդեն իսկ հայտնի է։
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ այն, որ ինչպես մեր պետության, այնպես էլ քաղաքացիների համար, կոռուպցիոն յուրաքանչյուր դրսևորում իրական սպառնալիք է պետության տնտեսության զարգացման, պետական յուրաքանչյուր ապարատի բնականոն գործունեության, օրենքի և իրավունքի գերակայության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանման և, ի վերջո, արդարադատության հաստատման, դրա վերականգնման համար»,-նշեց նա։
Դատախազն իր ելույթում կարևորեց նաև այս գործով տեսաձայնագրման ապահովումը, ինչն ի սկզբանե մեղադրյալների առարկությամբ չի իրականացվել։
«Եթե նկատեցիք, մեղադրյալների ցանկությամբ սույն դատաքննությունը տեսաձայնագրությամբ չհեռարձակվեց, ինչը, սակայն, կարծում եմ, որ նպատակահարմար կլիներ, որպեսզի հանրության լայն շրջանակները տեղեկացված լինեին դատաքննության մասին, որը ևս կունենար մեծ նշանակություն այն պաշտոնատար անձանց համար, ովքեր մտածել են, որ կարող են թույլ տալ կոռուպցիոն արարքներ և չպատժվել։
Հենց այս նպատակն էի հետապնդում նաև ես, ինչով պայմանավորված չէի առարկում, որպեսզի ԶԼՄ ներկայացուցիչների կողմից տեսաձայնագրությամբ հրապարակվեր այս դատաքննության ընթացքը։ Այնուամենայնիվ, արդարության համար պետք է նշեմ, որ կան դատական նիստեր, երբ նույն ԶԼՄ ներկայացուցիչների կողմից լուսաբանվել են, և ես ինքս նկատել եմ, որ դատական նիստի ավարտից հետո համացանցում տարածվել են հիմնական դատալսումների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները»,-ասաց նա։
Հանրային մեղադրողն ընդգծեց, որ մեղադրողներին վերագրվող արարքները բաժանվում են 2 խմբի, մի խումբը վերաբերում է կաշառք տալուն, ստանալուն, կաշառքի միջնորդությանը, կաշառք ստանալուն օժանդակելուն և պաշտոնական լիազորությունները չարաշահելուն, իսկ մյուս խումբը վերաբերում է իրական ազդեցությունն օգտագործելով ապօրինի վարձատրություն ստանալուն, տալուն և դրանց հանցակցելուն։
Խոսելով առաջին խմբի մեջ ներառված հանցանքների մասին՝ հանրային մեղադրողն իր վերլուծությունը ներկայացրեց մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանի կողմից հիփոթեքային վարկի տեսքով ձեռք բերված ջեռուցման համակարգի դրվագի մասին։ Գործողությունը կատարվել է Հրաչյա Երեմյանի կողմից, վերջինս նշել էր, որ կաթսայի ու սարքավորումների ընդհանուր գինը կկազմեն 750-800 հազար դրամ։
Անդրանիկ Փիլոյանի՝ դատարանում տրված ցուցմունքն այստեղ։
«Դատարանում Հրաչյա Երեմյան մասամբ պնդել է նախաքննական ցուցմունքը և հայտնել, որ նախաքննության ընթացքում գտնվել է հուզված վիճակում, ասել է, թե իբր ամբողջ գումարը տվել է Անդրանիկ Փիլոյանին, սակայն չի ասել, որ 400 հազար դրամը Անդրանիկ Փիլոյանն իրեն տվել է վարորդի՝ Վահանի միջոցով։ Պնդել է, որ անորակ դետալները վաճառել է 270 հազար դրամով, 30 հազար դրամ ավելացրել է և 300 հազար դրամ տվել Աշոտ Հակոբյանին։ Կաթսայի և մյուս դետալների նկարներն ուղարկվել են Անդրանիկ Փիլոյանին»։
Դատարանում ցուցմունք տալիս մեղադրյալ Աշոտ Հակոբյանը հայտնել է, որ Հրաչյա Երեմյանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որի արդյունքում վերջինս 490 հազար դրամով գնել է որակյալ դետալներ, իսկ Երեմյանն այդ գումարը մաս-մաս վերադարձրել է իրեն։
«Մեղադրյալների ցուցմուքներում առկա են էական հակասություններ․ Անդրանիկ Փիլոյանը նշում է 200 հազար դրամ դետալները խանութ վերադարձնելու մասին, Հրաչյա Երեմյանը պնդում է՝ դետալներն ինքն է անձամբ վաճառել 300 հազար դրամով և մաս-մաս տվել Աշոտ Հակոբյանին, իսկ Հակոբյանը նշում է, որ 490 հազար դրամ է տվել իրեն Հրաչյա Երեմյանը, որով էլ գնել է որակյալ դետալներ»,-ասաց հանրային մեղադրողը։
Նա ներկայացրեց նաև նշված դրվագների վերաբերյալ մեղադրյալների միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք հակառակ պատկերն են ստեղծում։
Կորյուն Սերոբյանի պնդմամբ՝ որքան էլ պաշտպանության կողմը բերի տարբեր պատճառաբանություններ այն մասին, որ Փիլոյանը կաշառք չի ստացել, իսկ ջեռուցման կաթսան և դետալները Հրաչյա Երեմյանը գնել է Անդրանիկ Փիլոյանի գումարներով, այնուհանդերձ, ըստ նրա, այդ փաստարկները հիմնավոր չեն, քանի որ ուղիղ հակառակի մասին առկա են քրեական գործում մի շարք փաստական տվյալներ, և որքան էլ խոսակցությունները փորձեն ներկայացնել պարզ լույսի ներքո, միևնույն է, նոր ապացույցներն «ավելի արժանահավատ են»։
Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկին հղում կատարելով՝ դատախազն անդրադարձավ նաև «ՍՕՍ սիսթեմս» ընկերության կողմից կաշառք տալու, Անդրանիկ Փիլոյանի կողմից կաշառք ստանալու և Աշոտ Հակոբյանի կողմից կաշառք ստանալուն օժանդակելուն վերաբերող դրվագներին։
Այն ներկայացնելու պատճառներից մեկը նաև այս հայտարարությունն էր․ «Շատ լավ հիշում եմ, որ 2023 թվական մայիսի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Արա Յաղջյանի պաշտպանը հայտարարեց, որ առկա չէ գործով փաստական տվյալ այն մասին, որ Արա Յաղջյանը ասել է՝ ես գումարը տվեցի, հիմա դուք ձեր գործողությունները կատարեք։
Ես կարծում եմ՝ այս փաստական տվյալներն առկա են, այսինքն՝ առկա է կոնկրետ պահանջն այն գործողությունների, որում ակնկալվել է Արա Յաղջյանի կողմից պաշտոնատար անձանցից իր օգտին գործողություններ կատարելու, տարբեր պաշտոնատար անձանց կառուցվող շենքի համար ակնկալվող խոչընդոտները վերացնելու։ Առկա է նաև այն հանգամանքը, որ Արա Յաղջյանը կախվածություն է ունեցել ԱԻՆ-ից»։
Մեղադրանքի մյուս դրվագների վերաբերյալ համապատասխան վերլուծություններ ներկայացնելով՝ դատախազը նշեց, որ Վիգեն Գրիգորյանը և Անդրանիկ Փիլոյանն ունեցել են որոշակի հարաբերություններ, այս մասին պնդել է նաև Վիգեն Գրիգորյանը հարցաքննության ընթացքում, նա հանդիպումներ է ունեցել Փիլոյանի հետ, աշխատասենյակում քննարկվել են տարբեր մարդկանց աշխատանքի ընդունելու հարցեր, առկա են դեպքեր, երբ Գրիգորյանի վարքագիծը առաջացրել է ԱԻՆ նախարարի զայրույթը, Վիգեն Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել Փիլոյանի համար կատարել որոշակի աշխատանքներ։
Հայնտեց նաև, որ մեղադրյալ Արտակ Բեյբությանի այն հայտարարությանը, որ իրեն մեղսագրված արարքները սխալ են որակված, պետք է փաստել, որ Վիգեն Գրիգորյանի հետ տեղի ունեցած խոսակցություններից ակնհայտ է՝ Գրիգորյանը վերջինիս խնդրում է գտնել տարբեր անձանց, ովքեր կցանկանան գումարի դիմաց ԱԻՆ-ում ընդունվել աշխատանքի։ Նա երկու մեղադրյալների միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունից մի հատված հրապարակեց։
Վիգեն Գրիգորյանի պաշտպանն իր ելույթում նշեց, որ Վիգեն Գրիգորյանը պաշտոնատար անձ չի հանդիսացել, նա որևէ ազդեցություն չի ունեցել Անդրանիկ Փիլոյանի վրա: Վիգեն Գրիգորյանը նշել էր նաև, որ ենթադրյալ վարձատրության դիմաց ԱԻՆ-ում և ՊՆ-ում որևէ մեկին աշխատանքի չի ընդունել։
Զուգահեռներ անցկացնելով Վիգեն Գրիգորյանին և Արտակ Բեյբությանին վերագրվող մեղադրանքների միջև՝ Բեյբությանի պաշտպանը նշեց, որ համաձայն չէ այն պնդման հետ, թե իր պաշտպանյալին մեղադրանք պետք է առաջադրվի նույն հոդվածով, ինչ Վիգեն Գրիգորյանին։ Խնդրեց, որ իր պաշտպանյալն անմեղ ճանաչվի։
Այս գործով հաջորդ դատական նիստում եզրափակիչ ելույթներով հանդես կգան մյուս պաշտպանները։ Նախապես նշանակված նիստի օրը փոփոխվեց՝ մեղադրյալ Հրաչյա Երեմյանի առողջական խնդիրների պատճառով։ Նշենք նաև, որ նրա պաշտպանը միջնորդեց գրավից վերադարձնել 2 միլիոն դրամ՝ Երեմյանի բուժման համար։
Առարկություններ չկային, դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը՝ օգոստոսի 9-ին։
Մարիամ Շահնազարյան