Դատարանում հարցաքննվեց ՀՀ ազգային հերոս, ամբաստանյալ Անդրանիկ Փիլոյանը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մայիսի 3-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Տիգրան Դավթյանը։

Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին հարցաքննվեց «գլխավոր» մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանը։

Ամբաստանյալը սկզբում հայտնեց, որ հարցերին չի ցանկանում պատասխանել, և խնդիրը ոչ թե այն է, որ կաշկանդված է որևէ հարցում, այլ սկզբունքորեն չի ուզում պատասխանել, քանի որ հարցերը տրվելու են հիմնականում օպերատիվ-հետախուզական տվյալների միջոցով ձեռք բերված ապացույցների վերաբերյալ, իսկ իր պնդմամբ այդ ամենը կատարվել է օրենքի խախտումներով, ինչի վերաբերյալ հետագայում հանդես կգան հայտարարությամբ։

Այնուհետև Փիլոյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հայտնեց, որ հիփոթեքային վարկի տեսքով իր կողմից ձեռք բերված Երևան քաղաքի նշված շենքի բնակարանի համար նախատեսել էր գնել ջեռուցման համակարգ․ «Եթե չեմ սխալվում, 2021 թվականի ամռանը իմ օգնական Հրաչյա Երեմյանը խոսակցության ընթացքում տեղեկանալով իմ մտադրության մասին, ասաց՝ իր իմացած խանութից կարելի է գնել որակյալ ջեռուցման կաթսան ու դրա սարքավորումները միանգամից գնելու դեպքում էական զեղչեր կլինեն։ Իմ խնդրանքով Հրաչյա Երեմյանը որոշ ժամանակ անց ճշտեց կաթսայի ու սարքավորումների ընդհանուր գինը և, եթե չեմ սխալվում, ասաց, որ դրան կարժենան 750-800 հազար դրամ»։

Նշված գումարը տվել է Երեմյանին։ Ըստ Փիլոյանի՝ կաթսայի հետ կապված այս խոսակցությունների ընթացքում ինքն ու Երեմյանը եղել են երկուսով, այլ անձ խոսակցությանը մասնակից չի եղել։ Իր կողմից տրամադրված գումարով Հրաչյա Երեմյանը գնել է կաթսան և սարքավորումները, և քանի որ շինարարական աշխատանքները չէին ավարտվել, որոշ ժամանակ դրանք մնացել են վերջինիս մոտ, որից հետո տեղափոխվել իր երեխաների կողմից ձեռք բերված Երևանի նշված հասցեում գտնվող բնակարան։

Ամբաստանյալը պնդում է՝ հիշյալ գազի կաթսան և սարքավորումները որպես կաշառք չեն վերցվել, այլ գնվել են իր միջոցներով, նշեց նաև, որ այս գործով նախաքննության ընթացքում իր բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է թղթի վրա իր կողմից կատարված նշումը գազի կաթսան, սարքավորումները ձեռք բերելու համար գումարի մի մասը Երեմյանին տրամադրած լինելու վերաբերյալ․ «Գումարի մյուս մասը Հրաչյա Երեմյանին տալու վերաբերյալ թղթերի վրա նույնպես կատարել եմ նշում, որը, սակայն, կորցրել եմ և այս ընթացքում այդպես էլ չեմ կարողացել գտնել»։

Հաջորդ դրվագի՝ «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հետ կապված հարցին անդրադառնալով՝ Անդրանիկ Փիլոյանը հայտնեց, որ այս ընկերությունը ԱԻՆ-ի համար վաղուց ի վեր, այլ խոսքով՝ մինչև իր նախարար նշանակվելը, տեղադրել է ազդարարման համակարգ և այն սպասարկող սարքավորումներ։ Նրա խոսքով՝ տնօրենին տեսել ու ճանաչում է նախարար նշանակվելուց հետո, նրա հետ հանդիպել է երկու-երեք անգամ՝ գործնական բնույթի հարցերի քննարկման նպատակով․ «Արա Յաղջյանի հետ որպես նախարար նաև համաձայնություն եմ ձեռք բերել, որ նա պարտավորվում է ԱԻՆ հաշմանդամություն ունեցող ու սայլակավոր 3-4 կարիքավոր աշխատակիցներին անհատույց տրամադրել բնակարաններ, ինչպես նաև նախարարության այն աշխատակիցների համար, ովքեր կցանկանան նշված շենքից բնակարան ձեռք բերել, կատարել վաճառքի գների զեղչեր։ Համաձայնության մասին տեղեկացրել եմ նաև վերադաս ղեկավարությանը»։

Գեներատորների դրվագի վերաբերյալ Փիլոյանը նշեց, որ ԱԻՆ իրավասու պաշտոնյան իրեն զեկուցել է, որ մի ամբողջ օր նախարարության շենքերը կհոսանքազրկվեն, և, կանխատեսելով դրա հետևանքով նախարարության ենթակա կարևորագույն կառույցների բնականոն աշխատանքի խաթարումը, կարգադրել է, որպեսզի Ճգնաժամային կառավարման կենտրոնի գեներատորները լիցքավորվեն, փորձարկվեն և նախապատրաստվեն հոսանքազրկման օրը անխափան աշխատելու համար։ Հրահանգին ի պատասխան՝ տեղեկացել էր, որ գեներատորները չեն աշխատում, ինչից հետո էլ կարգադրել է մեկ գիշերվա ընթացքում վերանորոգել փոքր գեներատորը, որն առավոտյան պատրաստ է եղել։

Մեծ գեներատորի վերանորոգման մասնագետի մասին տեղեկացրել է Աշոտ Հակոբյանը՝ ասելով, որ Արա Յաղջյանը պատրաստակամություն է հայտնել դրանք վերանորոգել։ Գեներատորը վերանորոգվել է, նախարարության բնականոն աշխատանքը չի խաթարվել․ «Ինչ վերաբերում է նրան, որ «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության տնօրեն Յաղջյանից 1 միլիոն դրամ կաշառք եմ վերցրել որևէ առավելություն հիշյալ ընկերությանը տալու կամ հիշյալ շենքի կառուցման աշխատանքները խթանելու կամ մրցակից «Լոկատոր» ընկերության գործունեությանը խոչընդոտելու համար, ապա հայտնում եմ՝ նշվածն ամբողջությամբ մտացածին է, այլ խոսքով՝ կտրականապես հերքում եմ ինձ ներկայացված մեղադրանքի բովանդակությունը։

Ինչ վերաբերում է Արթուր Օհանյանից որպես կաշառք ոսկու ձուլակտոր ստանալու դրվագին, ապա նշեմ՝ դստերս համար նպատակադրվել էի 2022 թվական մարտի 8-ին որպես նվեր ոսկու ձուլակտոր գնել, ինչի մասին, չեմ հիշում՝ երբ, և ինչ հանգամանքներում հայտնել եմ Վիգեն Մկրտչյանին, որն ասել է՝ ծանոթ ունի և կարող է հարմար գնով ձուլակտոր ձեռք բերել»։

Նաև հայտնեց, որ դրա համար վճարել է 300 հազար դրամ, որից հետո Վիգեն Մկրտչյանը իրեն տվել է ձուլակտորը, որի վրա ցանկացել է համապատասխան փորագրություն կատարել, սակայն չի հասցրել, իսկ ձուլակտորը բնակարանի խուզարկության ընթացքում վերցվել է պահարանից։

Նշենք՝ Վիգեն Մկրտչյանը այլ բան է հայտնել դատարանում։ Նա նշել է, որ Փիլոյանն Օհանյանին առաջարկել է ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի պաշտոնը։ Օհանյանն էլ ցանկացել է «լավության տակից դուրս գալ»։

«Հանդիպել ենք Արթուրի հետ և խոսել, թե ինչպես պետք է  լավության տակից դուրս գա։ Նշեմ, որ Անդրանիկ Փիլոյանն ինչպես իմ, այնպես էլ Արթուրի հետ նախկինում ունեցած խոսակցությունների ընթացքում չէր պահանջել Արթուրի նշանակման դիմաց որևէ առարկայական բան, բայց, ամեն դեպքում, քանի որ Արթուրի հրամանն արդեն կար, ուզում էր ինչ-որ եղանակով վարձահատույց լիներ և շնորհակալություն հայտներ։ Քննարկեցինք և որոշեցինք՝ նա ոսկու ձուլակտոր  (925 հարգի) առնի և նվիրի Անդրանիկ Փիլոյանին՝ որպես Արթուրի նշանակման դիմաց շնորհակալություն»,-ասաց մեղադրյալը։

Նա նաև հայտնեց՝ գնած ոսկու ձուլակտորը Արթուրը փոխանցել է իրեն՝ Փիլոյանին տալու նպատակով։ 2022 թվականի փետրվար ամսին գաղտնալսումների զննության արձանագրությունից ձուլակտորն իր ավտոմեքենայի մեջ փոխանցել է Փիլոյանին՝ ասելով, որ դա Արթուրին աշխատանքի տեղավորելու դիմաց շնորհակալության համար է։

Հաջորդ դրվագը վերաբերում էր Արթուր Օհանյանի՝ ԱԻՆ-ում աշխատանքի ընդունվելուն, ինչի առնչությամբ Փիլոյանը հայտնեց, որ վերջինիս ճանաչում է վաղուց, պատերազմի տարիներին միասին ճանապարհ են անցել։ Աշխատանքի անցնելու ցանկության մասին իմացել է հենց նրանից, երբ Օհանյանը ընդունելության համար իր մոտ էր գնացել։

Մեղադրյալն ընդգծեց, որ Արթուր Օհանյանը աշխատանքի է անցել սահմանված կարգով հայտարարված մրցույթին մասնակցելու և մրցույթում հաղթելու արդունքում, իսկ Վիգեն Մկրտչյանը որևէ դերակատարություն չի ունեցել նշյալ հարցում։ Այս դրվագի պարագայում ևս Անդրանիկ Փիլոյանը հերքեց կաշառք ստանալու իրեն առաջադրված մեղադրանքը։

ԱԻՆ պետական ռեզերվների  «Գագարինի» տեղամասի ոչ պարենային ապրանքների պահպանման պահեստի գույքի մասին հայտնեց, որ 2022 թվականի սկզբին ՓԾ ղեկավարությունից զեկուցել են, որ Չարբախի պահեստի նորոգման համար անհրաժեշտ է «Գագարինի» պահեստից ապամոնտաժել որոշակի գույք։ Հանձնարարել է ապահովել այդ աշխատանքների կատարումը, իսկ Վիգեն Մկրտչյանին հանձնարարել է հսկել ապամոնտաժման աշխատանքների կատարումը։

«Պնդում եմ, որ որևէ անձնական, խմբակային կամ այլ անօրինական շահագրգռվածություն հիշյալ պահեստի ապամոնտաժման աշխատանքներ կատարելու կապակցությամբ չեմ ունեցել և նպատակս եղել է այն, որ հիշյալ գույքն ապամոնտաժվի և տեղափոխվի Չարբախի պահեստի նորոգման աշխատանքներում և նախարարության կարիքների համար։ Հերքում եմ պաշտոնական լիազորություններս ինչ-որ անօրինական շահագրգռվածությունից ելնելով չարաշահելու վերաբերյալ ինձ ներկայացված մեղադրանքը»,-նշեց Անդրանիկ Փիլոյանը։

Ամբաստանյալն արձագանքեց նաև Վիգեն Մկրտչյանի ցուցմունքին՝ հայտնելով, որ այդ ցուցմունքի մեղադրական, այլ խոսքով՝ իր դեմ տրված բովանդակությունն ամբողջությամբ սուտ է, Մկրտչյանը հետապնդում է մեղմ պատժի, մասնավորապես, պայմանական դատապարտման հեռանկար․ «Նախորդ անգամներին սուտ ցուցմունք տալու շարժառիթը Վիգեն Մկրտչյանի կողմից դատարանի առջև չբացահայտելով, ուղիղ համեմատական է նրան, որ այսպիսի շարժառիթ պարզապես չի եղել։ Իրականում, այդ ցուցմունքները համապատասխանում են իրականությանը, պարզապես այժմ Վիգեն Մկրտչյանը որոշել է, որ իմ բարի անունն ու համբավը արատավորելու հաշվին կարելի է անցնել մարդկային փոխհարաբերությունների բովանդակության շրջանակը՝ իր անձի համար դրական արդյունք ապահովելու համար»։

Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը հարցրեց՝ եթե օպերատիվ-հետախուզական գործողությունների վերաբերյալ հարցեր չտա, այլ հարցեր լինեն, օրինակ, գործում առկա և այլ փաստական նյութերի վերաբերյալ, Փիլոյանը կպատասխանի՞։ Ամբաստանյալն ասաց, որ արդեն իսկ նշել է՝ չի պատասխանում հարցերին։

Դատավորն ասաց, որ այս գործով նախնական դատալսումների ընթացքում ապացույցների ծավալները սպառված են, ուստի կողմերին հարցրեց, թե միջնորդություններ կա՞ն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու վերաբերյալ։

Աշոտ Հակոբյանի պաշտպանը ներկայացրեց «Լիգա ինշուրանս» ՓԲԸ և «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից տրամադրված փաստաթղթերի պատճենները, որոնցում առկա են Հակոբյանի կողմից կատարված փոխանցումները, դրանց ամսաթվերը։ Օրինակները փոխանցվեցին դատախազին և դատարանին։

Միաժամանակ նաև ներկայացվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի աշխատակազմից ստացված փաստաթղթերի, ու փաստաբանական հարցման արդյունքում ստացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը թուլատրելու մասին որոշումների, դրանց կից փաստաթղթերի պատճենները։

Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ընդգծելով իր պաշտպանյալի նախկին վարորդի՝ Վահան Չիլիկյանին դատարանում որպես վկա հարցաքննելու անհրաժեշտությունը, քանի որ, ըստ էության, Անդրանիկ Փիլոյանն իր ցուցմունքում ասաց, որ նշված գումարը Հրաչյա Երեմյանին է տվել փուլերով։ Վերջինիս հարցաքննումը նպատակ ունի նաև պարզելու այն, թե արդյոք Փիլոյանը նրան երբևէ գումար տրամադրել է Հրաչյա Երեմյանին փոխանցելու համար, նշել է գումարը փոխանցելու նպատակը, թե ոչ, ինչպես նաև սրանից բխող այլ հարցեր։

Արա Յաղջյանի պաշտպանը ևս միջնորդեց հարցաքննության հրավիրել իր պաշտպանյալ Արա Յաղջյանի գործընկերոջը, ում վստահված է եղել զբաղվել գեներատոների վերանորոգմամբ, Յաղջյանը նաև խնդրել էր վերանորոգման աշխատանքների համար կազմել նախահաշիվ։

Հանրային մեղադրողը անդրադարձավ Անդրանիկ Փիլոյանի վարորդին հարցաքննության կանչելու միջնորդությանը՝ ասելով, որ առարկում է դրա դեմ, որովհետև հղում կատարվեց Հրաչյա Երեմյանի ցուցմունքներին, որոնք իր համար անարժանահավատ են և օպերատիվ-հետախուզական աշխատանքներից երևում է, որ Փիլոյանը որևէ գումար չի տվել, նշեց, որ հարցաքննելու անհրաժեշտություն չկա այդ պարագայում։

Սերոբյանը մյուս միջնորդության վերաբերյալ նշեց, որ չպարզված հանգամանք չկա, համապատասխան փոխանցումներն առկա են, և նաև կան Արա Յաղջյանի և Աշոտ Հակոբյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները․ նոր հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն չի տեսնում։ Անդրադառնալով Աշոտ Հակոբյանի պաշտպանի ներկայացրած փաստաթղթերին՝ ասաց, որ այս որոշումները վարույթի նյութերի մեջ առկա են։

Դատարանը որոշեց՝ «Լիգա ինշուրանս» ՓԲԸ և «Տիգրան Մեծ» հրատարակչությանը վերաբերողները կարող են հետազոտվել այս դատական նիստում, իսկ ինչ վերաբերում է մյուս փաստաթղթերին, որոնք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից են ստացվել, ապա դատարանն արձանագրեց, որ դրանք իրենց տեսակով ապացույց չեն հանդիսանում, դրանք վարույթի նյութեր են։

Դատարանը որոշեց պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունները՝ կապված հարցաքննությունների հետ, ևս մերժել, քանի որ վերոնշյալ հարցաքննելու համար հիմքեր չկան. հարցաքննման անհրաժեշտությունը բացակայում է։

Այս գործով հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմի ներկայացուցիչների կողմից կներկայացվեն ևս մի քանի միջնորդություններ։

Դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը՝ մայիսի 24-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել