Հունիսի 24-ին «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակից հայտնեցին, որ հունիսի 3-ին «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերությունը (Վոլնըրթ) արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ։
Նշվում է, որ ընկերության ներդրումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում (ԶՊՄԿ) խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու․ «․․․Կառավարությունը թույլ չի տվել Վոլնըրթին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)»։
«Չեմ կարծում, թե Կառավարության գործունեությունում ԶՊՄԿ-ի հետ կապված որևէ խնդիր կարող է առաջանալ»,-Iravaban.net-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը՝ ավելացնելով, որ եթե դատարան են դիմել, ապա իրենց խնդիրն է, դատարանն իր որոշումը կկայացնի։
Նշենք, որ ինչպես ԱԺ իշխող խմբակցության անդամները, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ չէ, որ ուղիղ տեքստով ասել կամ ակնարկել են, որ նշված 12,5 տոկոսը պատկանում է ՀՀ 3-րդ նախագահի փեսային, Միքայել Մինասյանին։ Նարեկ Ղահրամանյանը նշեց, որ իշխող խմբակցության դիրքորոշումը չի փոխվել, իրավական գործընթաց է ընթանում, դատախազությունն իր դիրքորոշումը հայտնել է։
Անգամ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկել էր քննիչ հանձնաժողով ստեղծել ու քննարկել՝ ինչպե՞ս են ձեռք բերվել Միքայել Մինասյանի բաժնետոմսերը։
Մայիսի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ հարցին։ Նա հիշեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ձայնագրելու դրվագը։ Փաշինյանը ասել է նաև, որ հրապարակվածը ձայնագրության ամբողջական տարբերակը չէ և հարց է հնչեցրել՝ ուրիշ ինչ կարող էր լինել դրանում։
«Օրինակ՝ ինչ կարող է պարզվել։ Կարո՞ղ է պարզվի, որ ձայնագրության մեջ կարող էր լինել խոսակցություն այն մասին, որ լինելով ԱԱԾ տնօրեն, չունենալով որևէ թույլտվություն, բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ (Միքայել Մինասյան-խմբ․) ԶՊՄԿ-ի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ։ Չեմ բացառում, որ այլ բաներ էլ կարող են լինել։ Հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասին են խոսո՞ւմ»,-նշել էր Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի` եթե վերը նշված անձինք մտածում են հայրենիքի մասին, ապա պետք է ԶՊՄԿ-ի ապօրինի ձեռք բերված տոկոսները վերադարձնեն Հայաստանի Հանրապետությանը, այդ ժամանակ էլ կհավատան, որ մարդիկ ապաշխարհության են եկել։ Նա ընդգծել է` այլ տարբերակ չկա` կոմբինատի այդ փայաբաժինը որպես ապօրինի գույք պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։
Դեռևս 2023-ի նոյեմբերին Civilnet-ը գրել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) 12,5 տոկոսի բաժնետեր, Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխաիյլ Զուրաբովը այլևս կոմբինատի բաժնետեր չէ։
Զուրաբովը Պղնձամոլիբդենայինում բաժնեմասը տնօրինում էր «Զանգեզուր մայնինգ» և «Մուն մեթալս» և «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության միջոցով։ Նա բաժնեմասը հանքավայրում ձեռք էր բերել 2020-ին՝ Կարեն Վանեցյանից, ով ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի եղբայրն է։ ԶՊՄԿ-ի բաժնեմասի այս հատվածի հետքերն ի վերջո հասնում էին Կիպրոսում գրանցված «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերություն։ Ընկերության «նոր սեփականատերեր» են դարձել Իտալիայի քաղաքացի Իգնասիո Գուայան և Շվեյցարիայի քաղաքացի Կարլոս Բալեստերոս Չերպը։
2023-ի նոյեմբերի 4-ին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ փողերի լվացման հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կարեն Վանեցյանի նկատմամբ։ Ըստ դատախազության հաղորդագրության՝ ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսը «Զանգեզուր մայնինգ» ընկերության միջոցով 2013-2018 թթ․ պատկանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։
«Կ.Վ.-ն (Կարեն Վանեցյանը-խմբ.), տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 12,5 տոկոս բաժնետոմսերը Մ.Մ.-ին (Միքայել Մինասյանին-խմբ.) պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել է օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք: Կ.Վ.-ն 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը»,- նշվում էր դատախազության հաղորդագրությունում։
Քրեական վարույթը, սակայն, հարուցվել է այն բանից հետո, երբ Զուրաբովն արդեն վաճառել էր կոմբինատում իր բաժնեմասը։
Հիշեցնենք՝ դեռևս 2020-ին վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, այնպես էլ մի շարք այլ ընկերություններում։
«Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»,-հայտնել է այդ շրջանում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։