«ԲԿԳ բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրել է «Դատական վիճակագրության իրավական կառուցակարգերի, այդ թվում՝ դատարանի (դատավորի) գործունեության արդյունավետության և որակի գնահատմանն ուղղված վիճակագրական տվյալների/ցուցիչների, վիճակագրության լրացման, հավաքագրման, վարման և հրապարակման կարգերի կատարելագործում» վերլուծությամբ վեր հանված միջազգային ստանդարտները։
Փորձագետը պատասխանել է Iravaban.net-ի հարցերին։
-Ինչպիսի՞ մեթոդներ են որդեգրվել վերլուծության մեթոդաբանության մշակման ընթացքում։
-Գրասենյակային վերլուծություն, որի շրջանակներում ուսումնասիրվել են դատարանի գործունեության գնահատման և դատական վիճակագրության՝ միջազգային ստանդարտները, մասնավորապես՝ Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի, Դատարանի գերազանցության միջազգային շրջանակի, ԵՄ Արդարադատության տեղեկատուի (Scoreboard) ուղենիշները, ինչպես նաև ԵՄ երկրների, ԱլԳ երկրների, ինչպես նաև այլ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի առաջավոր փորձը, ինչպեսև ՀՀ օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, այդ թվում՝ ոլորտային զեկույցները։ Թվով 4 ֆոկուս խմբային քննարկումների անցկացում շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ պատկան մարմինների, փաստաբանների, մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչների, իրավական և ՏՏ ոլորտի փորձագետների հետ՝ ոլորտային խնդիրները վերհանելու նպատակով։ Ֆոկուս խմբային քննարկման արդյունքներն ամփոփված են վերլուծության նախագծում։
Բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողովի անցկացում շահագրգիր կողմերի հետ՝ վերլուծության նախագծում տեղ գտած հիմնական դիտարկումները և առաջարկությունները ներկայացնելու նպատակով։ Համաժողովի արդյունքները ևս ամփոփվել են վերլուծության նախագծում, և մոտ օրերս այն կներկայացվի պատկան մարմիններին, որոնց դիտարկումների/ առաջարկությունների հիման վրա վերլուծությունը կամփոփվի և կհրապարակվի ԻՀԱ պաշտոնական կայքէջում։
-Ի՞նչ նպատակ/տեսլական է հետապնդում վիճակագրական տվյալների հավաքագրումը։
-Միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ տարբեր պետություներ վիճակագրական տվյալները հավաքագրելիս հետապնդում են տարբեր նպատակներ։ Որպես կանոն՝ սահմանված նպատակները ներառում են՝ դատարանների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը։
Միևնույն ժամանակ, միջազգային ստանդարտները, որոնք ներառում են՝ Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի, Դատարանի գերազանցության միջազգային շրջանակի ուղենիշները, ԵՄ Արդարադատության տեղեկատուն (Scoreboard), ինչպես նաև միջազգային առաջավոր փորձը զարգանում է այն ուղղությամբ, որ վիճակագրությունը համակարգված և գիտակցված կիրառելու պարագայում կարող է հետապնդել ավելի լայն նպատակներ, այն է՝ արդյունավետ գործիք հանդիսանալ դատական գործունեությունը/ կատարողականի արդյունքները գնահատելու, պլանավորելու և դատարանի արդյունավետ և էֆֆեկտիվ կառավարում իրականացնելու գործում։
-Որո՞նք են դատարանի կատարողականի չափման միջազգային հիմնական չափորոշիչները։
-Դատարանի կատարողականը կարող է չափվել բազմաթիվ չափորոշիչներով, որոնցից միջազգային ուղենիշները առանձնացնում են հետևյալ երեք հիմնական ուղղությունները՝
- Արդյունավետություն՝ որպես որոշակի նպատակին հասնելու կարողություն։
- Էֆեկտիվություն՝ որպես որոշակի նպատակին հասնելու կարողություն՝ նվազագույնի հասցնելով ռեսուրսների օգտագործումը։
- Որակ՝ ներառում է բազմաթիվ ասպեկտներ, ինչպիսիք են դատական որոշումների որակը, ներքին և արտաքին օգտվողների բավարարվածությունը, հրապարակայնությունը, թափանցիկությունը և այլն։
Նաև ընդունված չափորոշիչների շրջանակում կարելի է առանձնացնել դատական համակարգի անկախությունը։ Արդյունքում հնարավոր է դառնում սահմանել նպատակներ և թիրախներ, ըստ դրանց՝ գնահատել դատական հաստատության առաջընթացը և ընդունել համապատասխան փաստահեն քաղաքականություններ դատական գործունեության բարելավման նպատակով, այդ թվում՝ ավելի արդյունավետ և էֆեկտիվ տեղաբաշխել բյուջետային և մարդկային ռեսուրսները՝ փոխկապակված դատական գործերի ծանրաբեռնվածության և դրանց բարդության հետ, վերահսկել արդարադատության որակը և այլն։
-Ի՞նչ մակարդակով է իրականացվում դատական համակարգի կատարողականի գնահատումը՝ ըստ միջազգային ստանդարտների
-Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ դատական համակարգում կատարողականի չափելիությունն ու գնահատումը կարող են իրականացվել տարբեր մակարդակներում՝
- Ներպետական մակարդակ՝ դատական համակարգը դիտելով որպես ամբողջություն,
- Դատարանների մակարդակ,
- Անհատական մակարդակ, մասնավորապես՝ դատավորներ։
-Որո՞նք են դատական հոսքերի հավաքագրման միջազգային ստանդարտները
-Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի ստանդարտների համաձայն՝ դատարանների կողմից քննվող վարույթների (գործերի) քանակի վերաբերյալ պետք է հասանելի լինեն հետևյալ տվյալները՝
- Անավարտ գործերի քանակը հաշվետու ժամանակահատվածի սկզբին, օրինակ՝ օրացուցային տարի:
- Նոր (մուտքագրված) գործերի քանակը hաշվետու ժամանակահատվածում, ներառյալ` նոր գրանցված գործերը և վերանայման վերադարձված գործերը, այսինքն՝ գործերը, որոնք արդեն իսկ ներկայացվել են նույն ատյանի դատարան և պետք է վերանայվեն (օրինակ՝ բողոքարկումից հետո)։
- Լուծված (ավարտված) գործերի քանակը hաշվետու ժամանակահատվածում։ Նշյալը ներառում է բոլոր գործերը, որոնք դատարանի կողմից քննվել և ավարտվել են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում՝ կա՛մ գործն ըստ էության լուծող դատական ակտով, կա՛մ որևէ այլ որոշմամբ, որն ավարտին է հասցրել վարույթը (օրինակ՝ ձևական հիմքերով մերժում, հայցից հրաժարում կամ հաշտության համաձայնագրի կնքում։ Ավարտված վարույթի վերաբերյալ տվյալները կարող են բաժանվել՝ ըստ վարույթի ելքի: Առնվազն, անհրաժեշտ է տարբերակել գործն ըստ էության լուծող դատական ակտով ավարտված գործերը այլ կերպ ավարտված գործերից։
- Անավարտ գործերի քանակը հաշվետու ժամանակահատվածի ավարտին։ Հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Հաշվետու ժամանակահատվածի ավարտին անավարտ գործերի քանակ =
հաշվետու ժամանակահատվածի սկզբին անավարտ գործերի քանակ +
hաշվետու ժամանակահատվածում նոր (մուտքագրված) գործերի քանակ –
հաշվետու ժամանակահատվածում լուծված (ավարտված) գործերի քանակ։
Դատարանների կողմից քննվող վարույթների (գործերի) քանակի վերաբերյալ տվյալները պետք է հավաքագրվեն՝ ըստ Աղյուսակ 1-ի։ Աղյուսակում նախատեսված է նաև 5-րդ սյունակ, որը տրամադրում է տվյալներ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ այն անավարտ գործերի քանակի վերաբերյալ, որոնք վարույթում են գտնվում 2 տարուց ավելի։ Նշյալը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2 տարին, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի, որպես կանոն, հանդիսանում է գործի քննության ողջամիտ ժամկետի շեմ։
Աղյուսակ 1: Դատական գործերի հոսքեր՝ ըստ դատարանների
-Որո՞նք են Կատարողականի հիմնական ցուցանիշների (KPI) միջազգային ստանդարտները
-Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի, Դատարանի գերազանցության միջազգային շրջանակի ուղենիշները, ԵՄ Արդարադատության տեղեկատուի կողմից սահմանվում են տասնյակ գործակիցներ և բանաձևեր՝ չափելու դատական համակարգի կատարողականը՝ արդյունավետության, էֆֆեկտիվության, որակի և այլ չափորոշիչների պրիզմայով։
Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի կողմից հատկապես կարևորվորում են հետևյալ երկու բանաձևերը՝
- Լուծման գործակիցը, այսուհետ նաև՝ ԼԳ (Clearance rate) հաշվետու ժամանակահատվածում նոր (մուտքագրված) գործերի քանակի և նույն ժամանակահատվածում լուծված գործերի քանակի հարաբերակցությունն է՝ տոկոսային արտահայտմամբ: ԼԳ-ն հաշվարկվում է հետևյալ գործակցով՝
Օրինակ` եթե օրացուցային տարում դատարան է ներկայացվել 500 նոր գործ, և դատարանը միաժամանակ լուծել է 550 գործ, ապա ԼԳ-ն 110% է: Եթե դատարանը լուծեր 400 գործ, ապա ԼԳ-ն կկազմեր 80%: 100%-ից բարձր ԼԳ-ն նշանակում է, որ վարույթում գտնվող գործերի թիվը նվազում է, իսկ 100%-ից զգալի ցածր ԼԳ-ն՝ վատթարացման նշան է, քանի որ սա նշանակում է, որ անավարտ գործերի թիվը պրոգրեսիվ կերպով ավելանում է:
- Տրամադրման ժամանակը, այսուհետ նաև՝ ՏԺ (Disposition time) հաշվետու ժամանակահատվածի ավարտին անավարտ գործերի և նույն ժամանակահատվածում (ըստ օրերի) լուծված գործերի քանակի հարաբերակցությունն է: Տրամադրման ժամանակը չափում է անավարտ գործերի լուծման համար անհրաժեշտ հաշվարկված ժամանակը` հաշվի առնելով աշխատանքի ընթացիկ արագությունը, այսինքն՝ որքան ժամանակ է պահանջվում կոնկրետ տեսակի գործերը լուծելու համար: Հետևաբար, այն ևս օգտակար է դատարանի արդյունավետության, մասնավորապես՝ դատարանի կողմից իր վարույթում գտնվող դատական գործերի հոսքի կառավարման գնահատման համար՝ հաշվի առնելով գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները։
ՏԺ-ն հաշվարկվում է հետևյալ գործակցով՝
Դատարանի գերազանցության միջազգային շրջանակի կողմից կատարողականի հիմնական ցուցանիշների ստանդարտներից կարող ենք առանձնացնել հետևյալը՝
- Գործեր ըստ դատավորի (ԳԴ)՝ յուրաքանչյուր դասակարգմամբ լուծված գործերի քանակի և տվյալ դասակարգման գործերի վրա աշխատող դատավորների թվի հարաբերակցությունն է (միջին ցուցանիշ): Այն ներկայացնում է տվյալ դատարանի (տվյալ գործով դատավորների) մարդկային ռեսուրսների արդյունավետության ընդհանուր ակնարկը:
Հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
- Դատարանի օգտատերերի բավարարվածություն՝ Դատարաններից օգտվողների տոկոսը, ովքեր կարծում են, որ դատարանը տրամադրում է դատավարական արդարադատություն, այսինքն՝ մատչելի, արդար, ճշգրիտ, ժամանակին, բանիմաց և քաղաքավարի դատական ծառայություններ: Այն արդյունավետ գործիք է դատարանի օգտատերերի փորձառությունների վերաբերյալ հարցումներ իրականացնելու համար: Այն թույլ է տալիս վերլուծություններ կատարել ըստ դատարանի գտնվելու վայրի, ստորաբաժանման, օգտատիրոջ տեսակի և տարբեր տեսակի և մակարդակների դատարանների և տրիբունալների վերաբերյալ:
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: