Կալանավորի կյանքին վտանգ է սպառնում․ պաշտպանն ահազանգում է

Կալանավորված Հայկ Մելքոնյանն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին ահազանգում է վերջինիս պաշտպան Գայանե Պապոյանը։

Iravaban.net-ի հետ զրույցում նա ասաց, որ առողջական խնդիրներն այնքան լուրջ են, որ նույնիսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետն այդ մասին իրազեկել է նախաքննական մարմնին։

«Գրություն է ուղարկել, որ ծայրահեղ ծանր է կալանավորի վիճակը։ Այդ գրությունը նախաքննական մարմնին է հասցեագրվել դեռևս մարտ ամսին։ Գրության մեջ հայտնել էր, որ մի գուցե վերջինիս մոտ առկա հիվանդությունը համարվում է կալանքի հետ անհամատեղելի։ Հետագայում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որն ավարտվել է մայիսին։ Եզրակացության մեջ, չգիտես ոնց, բայց նշվել է, որ կալանքի հետ համատեղելի է»,-ասաց պաշտպանը։

Գայանե Պապոյանը նշում է, որ այդ նույն եզրակացության մեջ ասվում է, որ անհրաժեշտ է սրտի մշտական եռախոռոչ կարդիովերտեր իմպլանտացիա։

«Այդ իմպլանտացիան դեռ չի արվել, ինչո՞ւ, որովհետև հիմա իր սիրտը շատ է մեծացել, այսինքն, իր սիրտը մոտ 20 տոկոսով է աշխատում։ Ապարատ տեղադրելը շատ խնդրահարույց է, որոշակի ռիսկեր կարող է պարունակել։ Այդ ապարատը կարող է չաշխատել, և այլն։ Շատ-շատ հանգամանքներ կան։ Այս ընթացքում իր վիճակը շատ ավելի վատացել է։ Մասնավորապես հունիսի 13-ին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի դատապարտյալների հիվանդանոց ստորաբաժանման համապատասխան բաժնի վարիչը և բժիշկը տվել են գրություններ ու տեղեկանքներ, որտեղ բառացի գրված է՝ վիճակը գնահատվում է ծանր, կյանքին վտանգ սպառնացող։ Այդ գրությունները և տեղեկանքները տարել եմ դատարան հունիսի 14-ին, կալանքի երկարաձգման վերաբերյալ դատական նիստն էր՝ նախագահությամբ Մանվել Շահվերդյանի»,-ասաց նա։

Պաշտպանը նշեց, որ հունիսի 14-ի նիստին կալանավորված անձը չի կարողացել ներկա գտնվել դատական նիստին, քանի որ ինքնազգացողությունը շատ վատ է եղել շտապ օգնություն է կանչվել, հենց դատարանի բակում նրան բուժօգնություն են ցուցաբերել։

«Շտապ օգնությունը եկել է, արձանագրել է, որ շատ վատ է։ Բժիշկն էլ իրեն մագնեզիում է ներարկել, որը որ չի կարելի, չնայած որ այլ տարբերակով էլ չէին կարող իրեն հետ բերել։ Նորից պետք է իրեն հետազոտության տանեն, որ տեսնեն՝ որքանով է բացասաբար ազդել մագնեզիումը։ Մի խոսքով՝ շատ ծայրահեղ վիճակում է։ Դատավոր Շահվերդյանը եկավ ասաց՝ երկու ամսով երկարաձգում ենք կալանքը, այն պայմաններում, երբ կալանքի հիմքեր ընդհանրապես չկային։ Անցել է մի քանի օր և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից հայտնեցին, որ արդեն երեք օր է կալանավորի վիճակը շատ ծանր է։ Ըստ էության, արդեն իրենք էլ չգիտեն՝ ինչ կարող են անել։ Պետք է տանենք քաղաքացիական հիվանդանոց, որ պետպատվերի շրջանակներում տեղադրվի այդ սարքը, բայց դա սարք է, որը հետագայում չի փոփոխվում, անձը ինչքան ապրեց, ապրեց։ Եթե իհարկե կարողանա վիրահատությունը տանել և նարկոզից էլ դուրս գալ։

Հիմա «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի դատապարտյալների հիվանդանոց ստորաբաժանումն ասում է՝ կյանքին վտանգ է սպառնում, տեղեկանք է տալիս։ Դատավոր Մանվել Շահվերդյանն էլ ասում է՝ մեղադրյալը այն, որ այս մի ամսվա ընթացքում չի վիրահատվել, դրանով կեղծ հիմքեր է ստեղծում այլընտարանքային խափանման միջոցի կիրառման համար։ Այսինքն, կասկածի տակ է դնում այդ բժշկական տեղեկանքներն ու գրությունները»,-նշեց Գայանե Պապոյանը։

Փաստաբանի խոսքով՝ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ դատարանը մարդու կյանքը չեն արժևորում։

Նշենք, որ Հայկ Մելքոնյանը 4 ամիս է՝ գտնում է կալանքի տակ։ Պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել, որ կալանքը փոխարինվի տնային կալանքով՝ համակցված գրավով, ինչը չի բավարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել