Հրապարակվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանող կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։
Գործը մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։
Հիշեցնենք՝ համաձայն հայցադիմումի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին պատասխանողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
- 79 անշարժ գույք.
- 42 տրանսպորտային միջոց.
- Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.
- Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.
- 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք.
- 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
- 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.
- 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.
- 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մայիսի 29-ի նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը միջնորդեց դատական նիստը դռնփակ անցկացնել։
Դատարանի հունիսի 3-ի որոշմամբ գործի քննությունը դռնփակ կարգով իրականացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: