Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Այս գործով դատական նիստում, քանի որ արդեն իսկ լրանում էր ամբաստանյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը, դատարանն այս նիստով անդրադարձավ այդ հարցին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հանրային մեղադրողը նշեց, որ տնային կալանքի պահպանման կամ դրա ժամկետի երկարաձգման հարցը՝ որպես վարույթ իրականացնող մարմին, դատարանը պետք է այս նիստով քննարկի և լուծի։
Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը չհամաձայնելով հանրային մեղադրողի այն դիրքորոշմանը, որ կալանքը միակ պիտանի խափանման միջոցն է եղել Արուսյակ Ալեքսանյանի կողմից պատշաճ դատավարական վարքագիծն ապահովելու, նշեց՝ մեղադրանքի կողմը պետք է փաստական տվյալ վկայակոչի, թե այս 3 ամսվա ընթացքում արդյոք Արուսյակ Ալեքսանյանը թույլ է տվել իր նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցի խախտում։
«Արուսյակ Ալեքսանյանը 3 ամիսների ընթացքում որևէ անպատշաճ վարք չի ցուցաբերել, մասնավորապես որևէ նշույլ անգամ լինել չի կարող, որ Արուսյակ Ալեքսանյանը փորձել է ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին կամ նոր հանցանք կատարել, եթե, այնուամենայնիվ, դատարանն այս հավանականությունները դեռևս շարունակում է համարել իրական, ես գտնում եմ, որ այդ հավանականությունները կարող են զսպվել տնային կալանքից ավելի մեղմ խափանման միջոցի կիրառման կամ այպիսի խափանման միջոցների համակցությամբ։ Խոսքը գրավի, բացակայող արգելքի համակցված կիրառման մասին է»,-նշեց Մանուկյանը։
Պաշտպանի պնդմամբ՝ տնային կալանքն առաջացնում է անհարմարություններ ոչ միայն մեղադրյալի, այլև մեղադրյալի մերձավոր ազգականների համար, որոնք չեն կարողանում որևէ մեկին հյուրընկալել կամ վերադառնալ իրենց բնականոն առօրյային։ Նա միջնորդեց մեղադրյալի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխվել գրավով և բացակայության արգելքով։
Ամբաստանյալ Արուսյակ Ալեքսանյանը նշեց, որ իր ազատազրկմանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարությունը 2023 թվականի զեկույցում։ Հրապարակելով զեկույցը՝ մեղադրյալն ընդգծեց, որ ըստ իրավապաշտպան դիտորդների նախնական կալանքը, որը շարունակվում էր տարվա ընթացքում, հիմնավորված չէր․ «Նախկին դատավորը պահվում էր կանանց համար նախատեսված միակ ՔԿՀ-ում այնպիսի բանտարկյալների կողքին, որոնց ինքն էր դատապարտել, և դա կարող էր վտանգավոր իրավիճակ ստեղծել»։
Ալեքսանյանն ասաց, թե ամենավատ երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ ՀՀ-ում իր հետ այնպիսի բաներ կարող են պատահել, որ դրա մասին հիշատակի հենց ԱՄՆ պետդեպարտամենտը, բայց «ունենք այն, ինչ ունենք»։
Ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանն անդրադառնալով խափանման միջոցի հարցին՝ նշեց, որ քննարկման առարկա պետք է դարձնել խափանման միջոցի պիտանիության հասկացությունը։ Ընդգծեց, թե այլընտրանքն արդեն իսկ պիտանի միջոց է հադիսանում Արուսյակ Ալեքսանյանի պարագայում, թեև այլընտրանքային խափանման միջոցների զանգվածում ամենախիստն է կիրառվել վերջինիս նկատմամբ, և 3 ամիսների ընթացքը թույլ է տվել իրենց փաստելու, որ այլընտրանքն Արուսյակ Ալեքսանյանի դեպքում պիտանի է այնքանով, որքանով այդ երեք ամիսների ընթացքում որևէ ոչ պատշաճ վարքագծի դրսևորում չի եղել։
«Տվյալ պարագայում անցում տնային կալանքից ավելի այլընտրանքային նվազ տեսակի խափանման միջոց կիրառմանը, այդ հարցի քննարկման շրջանակներում պետք է նայել դրա հակակշռող գործոնը։ Այդ հակակշռող գործոնն արդեն իսկ դրսևորած պատշաճ վարքագիծն է»,-ընդծեց Էրիկ Ալեքսանյանը։
Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Աննա Մանթաշյանը ևս միացավ պաշտպանական կողմի ներկայացուցիչների դիրքորոշմանը՝ շեշտելով, որ այլընտրանքային խափանման միջոց գրավի բացակայելու արգելքը համակցության մեջ ի զորու է ապահովել Արուսյակ Ալեքսանյանի պատշաճ վարքագիծը՝ հաշվի առնելով նրա անձը, ով լինելը։ Նշեց մեղադրյալի առողջական խնդիրների առկայությունը, խափանման միջոցի փոփոխումը, ըստ Մանթաշյանի, հնարավորություն կընձեռի զբաղվելու նաև առողջկան խնդիրների լուծմամբ։
Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների դիրքորոշումները, հայտնեց, որ խափանման միջոցը կարող է փոփոխվել, եթե վերացվել կամ փոփոխվել են դրա իրավաչափության պայմանները։
Դատարանի որոշմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձվեց ևս 3 ամսով։
Մարիամ Շահնազարյան
Մանրամասները՝ տեսանյութում։