Iravaban.net-ը զրուցել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանի հետ «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծման, էլեկտրոնային եղանակով հայցադիմումի ներկայացման արդյունավետության և համակարգում առկա խնդիրների մասին։
Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ էլեկտրոնային համակարգը գործում է բազմաթիվ թերություններով, շատ հաճախ հայցադիմում կամ վերաքննիչ բողոք մուտք անելիս մի քանի անգամ ստիպված են լինում զանգել՝ խնդրելով տարբեր հարցերի առնչությամբ օժանդակել, քանի որ ժամանակ առ ժամանակ հոսանքի, որոշակի ֆունկցիաների խափանումներ են տեղի ունենում։
«Այս պահի դրությամբ դժգոհությունները մեծ են, ու նաև ես կարծում եմ՝ այդ փոփոխությունն այս փուլում անտեղի էր այնքանով, որ պետք էր թույլատրվեր զուգահեռ նաև թղթային տարբերակով անել։ Օրինակ, ուրբաթ օրվանից վերաքննիչ բողոք պետք է մուտք անենք, որի վերջնաժամկետը երեկ էր, երեկոյան վերջապես կարողացել էինք ներբեռնել համակարգի մեջ, որովհետև ուրբաթ օրը ԲԴԽ-ի շենքը լույս չուներ, համակարգն ավտոմատ չէր գործում»,-ասաց նա։
Հարությունյանի խոսքով՝ համակարգի վերաբերյալ խնդիր ունեցել են, երբ հայցադիմում են մուտք արել հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությամբ, ու մյուս կողմից անմիջապես հասանելի է դարձել, որ իր դեմ հայցադիմում կա, իսկ սովորական պայմաններում մինչև հայցի ապահովման մասով դատարանը որոշում չէր կայացնում, մյուս կողմն ում դեմ դա ուղղված էր, չէր կարողանում տեղեկանալ հայցի ապահովման միջնորդություն առկա է, թե ոչ։
Նա նաև ընդգծում է․ «Մենք մեր գրասենյակով ու գործընկերներով որդեգրել ենք այնպիսի մոտեցում, որ խնդիրներ լինելու դեպքում անմիջապես տեղեկացնում ենք սպասարկում իրականացնող անձանց, որ հնարավորինս արագ կարողանանք խուսափել հաջորդ անգամ նույն խնդրին բախվելուց»։
Հարություն Հարությունյանի խոսքով՝ երբ որևէ մեծ ծավալով ֆայլ են կցում, ստիպված են լինում ֆայլերն առանձնացնել, որ կարողանան կցել, ինչը հավելյալ դժվարություն ու ժամանակի կորուստ է, իսկ եթե իրենց կողմից ներկայացվող դատավարական փաստաթղթերին կից ապացույցները շատ են լինում, այդ դեպքում լրացուցիչ ժամանակ է պահանջվում բաժանել, կցել։
Փաստաբանի պնդմամբ հարցին պետք է հրատապ անդրադառնալ, որովհետև այն մեծ տհաճություն է առաջացնում փաստաբանական համայնքի համար։
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: