«Որ օրն ինքն այստեղից դուրս եկավ, ես այդ օրն իրեն սպանելու եմ»․ սպանվածի մոր հայտարարությունը դատարանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ  այսօր՝ մայիսի 6-ին, տեղի ունեցավ սպանության համար մեղադրվող Էռնեստ Ենոքյանի գործով դատական նիստը։

Ըստ մեղադրանքի՝ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Էռնեստ Ենոքյանը ապօրինաբար կյանքից զրկել է Ադրիաննա Գառնիկի Լիմային, որից հետո հրկիզման եղանակով վնասել է սեփականության իրավունքով Արթուր Ռաֆիկի Սարգսյանին պատկանող բնակարանը՝ պատճառելով խոշոր չափերի՝ 3.466.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նշվում է, որ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրիաննա Լիմային նախկինում պարտքով տրամադրած 400.000 դրամ գումարը հետ պահանջելու նպատակով այցելել է նրա կողմից վարձակալած, Արթուր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցի 1-ին շենքի թիվ 59 բնակարան: Գումարի հարցի շուրջ ունեցած խոսակցության ընթացքում Ադրիաննա Լիման Էռնեստ Ենքոյանին հայտնել է, որ նրան պարտք է ընդամենը 100.000 ՀՀ դրամ գումար:

Գումարի հարցի հետ կապված Էռնեստ Ենոքյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ադրիաննա Լիմայի հասցեին, որն էլ վերջինս, ցավագին ընդունելով և բնակարանից վերցնելով դանակը, փորձել է Էռնեստ Ենոքյանին դանակի սպառնալիքով դուրս հանել բնակարանից:

Այդ ամենը տեսնելով՝ Էռնեստ Ենոքյանը Ադրիաննա Լիմայի ձեռքից վերցրել է դանակը, և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան։ Հասցված վնասվածքների հետևանքով Ադրիաննա Լիման դեպքի վայրում մահացել է:

Էռնեստ Ենոքյանն իր մոտ առկա կրակայրիչով այրել է Ադրիաննա Լիմայի ննջասենյակի հագուստները, որից հետո բանալիով փակելով բնակարանի դուռը՝ դիմել է փախուստի։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պաշտպանության կողմն առարկեց դատական նիստի տեսանկարահանմանն ու լուսանկարահանմանը, դատարանը թույլատրեց տեսանկարահանել դատարանին և տուժող կողմին՝ հանրային մեղադրողի հետ միասին։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում  հանրային մեղադրողը հայտնել էր՝ Էռնեստ Ենոքյանի մասնակցությամբ տեսանյութերը կներկայացվեն այս դատական նիստի ժամանակ։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է վերջինս իր ավտոմեքենայով մոտենում այն շենքին, որտեղ բնակվել է Ադրիաննան, իջել է ավտոմեքենայից, մտել շենք, որից ժամեր անց երկու պարկ ձեռքին դուրս է եկել և հեռացել տարածքից։

Այս դատական նիստին պետք է հարցաքննվեին 3 վկա, նրանց ծանուցագրեր են ուղարկվել, սակայն վերջիններս չէին ներկայացել։ Վկաներից մեկի վերաբերյալ հարցում է ուղարկվել «Սեկտ» համակարգի միջոցով, որի արդյունքում պարզվել է՝ վկան ՀՀ-ում չի գտնվում։

Վկա Արուսյակ Ենոքյանի մասով փաստաբանը նշեց՝ ոստիկանության միջոցով ծանուցելու անհրաժեշտություն առկա չէ, քանի որ վերջինս այսօրվա նիստի համար պատշաճ ծանուցվել է, ուղղակի ցուցարարների կողմից ճանապարհները փակելու պատճառով չի կարողացել ներկայանալ։

Այն վկաներին, որոնց ծանուցագրեր էին ուղարկվել, սակայն չեն ներկայացել դատական նիստին, ոստիկանության միջոցով ծանուցագրեր կուղարկվեն, որպեսզի հստակ տեղեկություն լինի՝ նշված անձինք գտնվում են այդ հասցեներում, թե ոչ։

Դատական նիստին քննարկվեց նաև մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողը հայտնեց՝ դեռևս շարունակվում են առկա լինել մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու և փախուստի դիմելու մտավախություն, ինչպես նաև մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամիս ժամանակով։

Տուժողի ներկայացուցիչները ևս կողմ էին կալանքի ժամկետի երկարաձգմանը։

Պաշտպանը նշեց, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը քննարկելով նշված միջնորդությունը, հանգել էր հետևության, որ առկա է փախուստի դիմելու և քննությանը խոչընդոտելու հավանականություն, դատարանն արձանագրել էր՝ քննությանը խոչընդոտելու հավանականությունը նվազ է, և այդ նվազ լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ քննությունը գտնվում է դեռևս հիմնական դատալսումների փուլում։ Ասաց, որ  մեղադրյալն ընդունել է իրեն մեղսագրված արարքը, ապա նշեց, որ դատարանի մտավախությունը քննությանը խոչընդոտելու հետ կապված առկա չէ և առկա է ընդամենը քննությունից խուսափելու հավանականություն։

Փախուստի դիմելու հավանականությունը հնարավոր է փոխել այլընտրանքային խափանման միջոցների կիրառման արդյունքում։

Հանրային մեղադրողը հայտնեց՝ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն այս դեպքում չի կարող ապահովել դատաքննության ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև ռիսկը չի կարող նվազեցնել։

Տուժողը ևս հայտնեց իր դիրքորոշումը՝ ասելով․ «Ո՞նց կարա ինքը ազատ արձակվի, երբ ինքը իմ երեխուն սպանել ա։ Դուք չեք մտածո՞ւմ, որ հանկարծ ինքը ազատվի, մեկ ա՝ ես իրեն պիտի սպանեմ։ Որ օրն ինքը այստեղից դուրս եկավ, ես այդ օրն իրեն սպանելու եմ, որովհետև ես այնքան բան գիտեմ, հերթը հասցրեք ինձ, որ ես շատ բաներ ասեմ հենց սպանության, գողության մասին։ Ես ամեն ինչից տեղյակ եմ, ես իր տանն ապրել եմ, դրա համար եկել եմ 5 օր առաջ Ռուսաստանից»։

Պաշտպանության կողմի ներկայացուցիչը հայտնեց, որ այս սպառնալիքները շարունակական բնույթ են կրում, կարող են տուժողի ընտանիքի մասով իրական դառնալ, դրա համար խնդրեց դատարանին համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Դրանից հետո դատական նիստերի դահլիճում լարված մթնոլորտ ստեղծվեց, դահլիճում ներկա անձանցից մեկը սկսեց առանց դատարանի թույլտվության ռեպլիկներ թողնել։

Դատավորը զգուշացրեց, որ կրկնվելու դեպքում սանկցիաներ կկիրառի։

Կողմերի դիրքորոշումները լսելով՝ դատարանը որոշեց մեղադրյալ Էռնեստ Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամիս ժամկետով։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին։

Մարիամ Շահնազարյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել