Հակակոռուպցիոն քրեական դատարանում ապրիլի 30-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Արուսյակ Ալեքսանյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով տրամադրել 2023 թվականի ապրիլի 7-ի, 14-ի, հունիսի 14-ի, սեպտեմբերի 15-ի, դեկտեմբերի 28-ի, 2024 թվականի հունվարի 10-ի, մարտի 13-ի, ապրիլի 8-ի կայացած դատական նիստերի ձայնագրությունները։
Դատարանի կողմից դրանք փոխանցվեցին ամբաստանյալին։
Դատավորը հայտնեց՝ 2024 թվականի ապրիլի 22-ին դատարան էր ստացվել դիմում Արուսյակ Ալեքսանյանից, որով վերջինս խնդրել էր թույլատրել, որպեսզի ապրիլի 26-ին բժշկական հետազոտություն անցնի։ Դատարանի թույլտվությամբ նա գնացել է ոստիկանների ուղեկցությամբ։
Դատախազը ևս ներկայացրեց այն օրերը, որի ժամանակ մեղադրյալի կողմից բացակայություններ են գրանցվել։ Դատավորը նշեց, որ այդ օրերին ևս գրություններ են ստացվել դատարան, ըստ որի՝ Արուսյակ Ալեքսանյանը պետք է բացակայեր դատական նիստերին, որոնք կապված են եղել բժշկական հետազոտություններ անցնելու հետ։
Դատավորի խոսքով՝ դիմումի մեջ նշված չէր, որ 2024 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած այցի ընթացքում կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, նշված էր, որ ըստ բժշկի՝ ստոմատոլոգիական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ևս 11 այլցելություն։ Մեղադրյալը խնդրել էր՝ թույլ տալ ապրիլի 26-ին ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ այցելել նշված հասցե՝ ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկա։
Հանրային մեղադրողը հայտնեց՝ նույն դիրքորոշմանն է, ինչ ունեցել է նախորդ դատական նիստերի ժամանակ․ առողջական խնդիրների համար հետազոտությունների այցելման համար որևէ առարկություն չունի։
Ամբաստանյալ Արուսյակ Ալեքսանյանը հայտեց՝ միևնույն է՝ իր տեղափոխումը կիրականացնի պրոբացիայի ծառայությունը, ոստիկանության աշխատակիցը, փաստն այն է, որ պետությունն ունի ուղիղ պոզիտիվ պարտականություն՝ ապահովելու իր առողջության պահպանման իրավունքի իրացումը։
«Ես ուղղակի ասել եմ իմ հաշվին, որ ոստիկանությանը նեղություն չպատճառեմ։ Ինչ վերաբերում է շտապօգնությանը, դիմումում ներկայացրել եմ․ ես այդքան ֆինանսական միջոցներ չունեմ, որ շտապօգնության մեքենայով երթևեկեմ, մանավանդ, որ նախատեսված է 11 այց, այսինքն՝ 330 հազար դրամ միայն իմ ճանապարհածախսի վրա է ծախսվելու։ Բացի այդ, եթե շտապօգնության մեքենայով երթևեկեմ, այդ պարագայում ո՞վ է իմ նկատմամբ համապատասխան հսկողություն իրականացնելու կամ անվտանգություն ապահովելու»,-ասաց Արուսյակ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ 11 այցը մոտավորապես է նշված, միգուցե ավելի քիչ այցի դեպքում ավարտեն աշխատանքը։ Հաջորդ այցն ըստ Ալեքսանյանի նշանակված է մայիսի 3-ին։
Դատավորը պահանջեց այցի և արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել դատարանին, որպեսզի գնահատվի թե՛ առողջական վիճակի հետ կապված առկա հանգամանքները, թե՛ դրանց իրացման անհրաժեշտությունը։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 29-ին։
Մարիամ Շահնազարյան
Մանրամասները՝ տեսանյութում։