ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը ձերբակալվել է: Իրավաբան.net-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ավելի վաղ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Միսակ Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացվել Միսակ Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը:
Իրավաբան.net-ն ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նոր նախագահ կունենա՞ նյութում անդրադարձել էր թեմային` նշելով, որ առաջիկայում հնարավոր է Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվի և որպես խափանման միջոց` ընտրվի կալանքը: