Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին սեպտեմբերի 27-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատելու Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի որոշումը մեկ նպատակ է հետապնդել` նրան աշխատանքից ազատել սեփակա՛ն նախաձեռնությամբ: Հակառակ պարագայում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջով, նախաքննության մարմնի կամ անձի կողմից Միսակ Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշում ստանալուց եռօրյա ժամկետում, պարտավոր էր կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին:
Ըստ ոստիկանության հաղորդագրության. «Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին»:
Ըստ քրեական դատավարության օրենսգրքի` դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:
Պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվում է դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
Առաջիկայում հնարավոր է, որ Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվի և որպես խափանման միջոց` ընտրվի կալանքը: Այս դեպքում, մեղադրանքների հաստատման և մեղադրական դատավճիռ կայացվելու պարագայում, նրա պաշտոնավարությունը կդադարեցվեր դատավճռի ուժով, եթե երեկ հրատապ կերպով սեփական նախաձեռնությամբ չլուծվեր նրա պաշտոնանկության հարցը:
Իրավաբան.net-ի տեղեկություններով Միսակ Մարտիրոսյանը դատական համակարգում աշխատանքի է անցել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, այժմ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ:
Բացի այդ, ներկայումս հնարավոր է համարվում նաև սեփական դիմումի համաձայն պաշտոնանկ արվի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Գուցե այդ հարցը քննարկվի գլխավոր դատախազի նշանակումից անմիջապես հետո:
Այստեղ կարևոր է առաջինն այն հանգամանքը, որ եթե Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարին մեղադրանք առաջադրվի և կալանավորման որոշում ընդունվի, ապա գործի անաչառ քննությունն ապահովելու տեսանկյունից, առաջին հերթին անհրաժեշտություն կծագի իր նախկին անմիջական ղեկավարին ազատել պաշտոնից, որպեսզի վերջինս չկարողանա ազդել գործի դատաքննության ընթացքի վրա: Երկրորդ, շատ կարևոր է պարզել Միսակ Մարտիրոսյանը քննվող քրեական գործով վերջի՞ն օղակն է հանդիսանում, թե` ոչ:
Նշենք, որ Իրավաբան.net-ի տեղեկությունների համաձայն` Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է: Դատական օրենսգրքում վերջին անգամ փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո (2013 թվականի հունիսի 17-ին ուժի մեջ է մտել) Դատական օրենսգրքի 138-րդ հոդվածի 4 կետով ամրագրվել է, որ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ աշխատած նախկին դատավորը կարող է նշանակվել Վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ Տիգրան Մուկուչյանը առնվազն 5 տարի տարբեր դատարանների նախագահ է աշխատել:
Այսքանից հետո կարո՞ղ եք ասել, որ այս ամենը մտածված է եղել նախապես:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net