«Դեռ մանկուց, երբ համազգեստով անձ էի տեսնում դրսում, միշտ մտածում էի՝ ինչ մասնագիտություն ունի նա, և երբ հասունացա, հասկացա, որ տարանջատվում էին համազգեստով մարդիկ։ Իրավագիտության ֆակուլտետում ուսումնասիրելով մասնագիտությունների տարբերությունները՝ հասկացա, որ քննիչի մասնագիտությունն է ինձ հոգեհարազատ»,-այս մասին Iravaban.net-ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ասել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի Ավագ քննիչ Նազելի Սարգսյանը:
-Դժվարությունների և հիասթափությունների Ձեր կարիերայում հաճա՞խ են հանդիպում։
-Դժվարություններ եղել են, ամեն դեպքում բարդ մասնագիտություն ունենք, իսկ հիասթափություններ անձամբ ես չեմ ունեցել։
-Մասնագիտության ընտրությունն ազդեցություն ունեցե՞լ է Ձեր անձնական կյանքի վրա։
-Յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, պետք է կարողանա տարանջատել անձնական կյանքը գործնականից։ Ես փորձում եմ առաջնորդվել այդ սկզբունքով և դա օգնում է, որ մասնագիտությունս անձնական կյանքիս վրա ազդեցություն չունենա։
-Ընտանիքում ինչպե՞ս ընդունվեց քննիչ դառնալու Ձեր որոշումը։
-Ընտանիքս չի խոչընդոտել իմ որոշումներին և մշտապես աջակցել է ինձ։
-Մարտավարական ի՞նչ առանձնահատկություն կամ բնավորության հատուկ գծեր կնշեք, որոնք հատուկ են քննիչին։
–Քննիչին անհրաժեշտ է մտքի ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն, ցանկացած իրավիճակում արագ լուծումներ գտնելու հնարավորություն և ամուր կամք, կարևոր է նաև սառնասրտությունը։
-Աշխատանքի ընթացքում կարող են լինել դեպքեր, երբ հարցաքննվողը գործի է դնում տարատեսակ մանիպուլյացիաներ, ստացվո՞ւմ է չտրվել դրանց և շարունակել աշխատել։
–Քննչական կոմիտեում աշխատանքի ընդունվելիս պարտադիր է մասնագիտացված հոգեբանի հետ առանձնազրույցը, որի ընթացքում քննիչի մասնագիտական և կամային հատկանիշներն ի հայտ են բերվում։ Իմ աշխատանքային փորձից ելնելով կարող եմ ասել, որ նման դեպքերը ինձ վրա երբեք որևէ ազդեցություն չեն ունեցել և չեն էլ կարող ունենալ։
-Պատկերացնո՞ւմ եք Ձեզ այլ ոլորտում։
-Մանկության երազանքս է քննիչ դառնալը և ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում։
–Անընդհատ նշվում է, որ քննիչները շատ ծանրաբեռնված են աշխատում, կհիշե՞ք դեպք, երբ աշխատավայրում եք գիշերել։
-Այս մասնագիտությունն ընտրելիս պատկերացրել եմ ողջ բարդությունը և եղել են դեպքեր, որ մնացել ենք աշխատավայրում և իրականացրել անհետաձգելի քննչական գործողություններ։
-Առավելագույնը քանի՞ քննչական գործ եք միաժամանակ քննել։
-Եղել է ժամանակաշրջան, երբ իմ կողմից միաժամանակ քննվել է 75-80 քրեական վարույթներ։
-Աշխատանքի բերումով՝ սպառնալիքներ ստացե՞լ եք։
-Դատարանում իմ առաջին նիստի ժամանակ՝ կալանավորը ասաց ես 7 տարի, 15 տարի հետո էլ դուրս եկա, քեզ սպանելու եմ, մինչև հիմա հանգիստ ապրում եմ։
-Կա՞ որևէ գործ, որն առանձնահատուկ հետք է թողել Ձեր կարիերայի վրա։
-Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դա հափշտակության հետ կապված դեպք էր, որն արել եմ ինքնուրույն և որպես առաջին գործ՝ մեծ սիրով հիշում եմ։
Մարիամ Անտոնյան